‘
Ընդդիմադիր քաղաքական ուժերի հաջորդ հանրահավաքը կկայանա հոկտեմբերի 24-ին՝ ժամը 17-ին, Ազատության հրապարակում: Այդ մասին քիչ առաջ ԱԺ-ում կայացած Եռյակի համատեղ նիստից հետո լրագրողներին ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Մենք բոլորս այն կարծիքն արձանագրեցինք, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքն իր ծավալներով, քաղաքական գործընթացների վրա իր ազդեցությամբ համեմատվում է 1988-ից ի վեր եղած ամենամարդաշատ հանրահավաքների հետ», — խորհրդարանական եռյակի հերթական քննարկման ավարտից հետո հայտարարեց Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ մեկնարկած գործընթացը քաղաքական լանդշաֆթի ցնցում է, որը շատը արագ ունենալու է լրջագույն արդյունքներ:
«Մեծ հույս է առաջացել ժողովրդրի մեջ, ժողովուրդը խոսում է, քննարկում է այս գործընթացը, ապրում է նրանով, և մենք ժամանակ չունենք սպասելու: Ժողովուրդը անելիք ունի, և պետք է գա՝ հոկտեմբերի 24-ից ավելի հստակ գործողություններին մասնակցելու համար», — ասաց պատգամավորը՝ հավելելով, որ գալիք հանրահավաքի ընթացքում անելիքների, քայլերի միասնական ծրագիր և գործողությունների պլան կներկայացվի:
Անդրադառնալով հանրահավաքում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մտքին, թե իշխանությունները մեկնարկած գործընթացի վերաբերյալ կարող են իրենց առաջարկները հնչեցնել, Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ ասվածը չի նշանակում, թե ընդդիմությունը իշխանություններից ինչ-որ առաջարկ է սպասում:
«Իշխանություններից ոչ մի առաջարկ չենք ակնկալում: Եթե իշխանությունն ասելիք ունի, նա մինչև հոկտեմբերի 24-ը ժամանակ ունի՝ ներկայացնելու դա: Տեր-Պետրոսյանի ելույթի մեջ որևէ ակնկալիքի մասին խոսք չկա», — ասաց Զուրաբյանը: Նրա խոսքով՝ իշխանության առաջարկները կարող են վերաբերել միայն իշխանությունն անցնցում գործընթացի միջոցով փոխանցելու ծրագրին:
Կոնգրեսի խմբակցության ղեկավարը տեղեկացրեց նաև, որ մինչև հոկտեմբերի 24-ի հանրահավաքը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ընդդիմության ղեկավարների հանդիպում:
Մանրամասները՝ տեսանյութում
‘