Հասմիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է.
«Ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, որ 2015 թվականին, երբ ողջ ընդդիմությունը միասնաբար պայքարում էր այս սահմանադրության ընդունման դեմ (և, ըստ էության, հաղթեց իր «ո’չ»-ով, թեև անտեսվեց և այլ արդյունք հայտարարվեց), Նիկոլը միակ «ընդդիմադիրն» էր, որ դրա մերժումն անվանեց «կեղծ օրակարգ» և կողմ եղավ այս խայտառակ սահմանադրությանը։ Հիմա, երբ արդեն գիտենք, երբ կասկած չկա, թե ինչ ուժեր են ատամներով պահում նրան (երևի նույնիսկ նրա համակիրները չեն կասկածում, որ նա դրսի ուժերի դրածոն է), մի տեսակ կապ եմ տեսնում 2015-ին այս ակնհայտորեն խայտառակ սահմանադրությունը սատարելու և այսօր դրսի ուժերի շահերին ծառայելու միջև։
Նման բաները մի օրում չեն կատարվում, ոչ էլ Նիկոլն Արևմուտքի առաջին փորձն է Հայաստանում ամեն բան իր բուռը վերցնելու։ Ըստ էության, այսկամայն ինտենսիվությամբ, դա կատարվել է 1995-96-ից սկսած։ Գոնե՝ ինձ համար տեսանելի չափով։ Ես հասկանում եմ, որ որևէ ուժ, եթե չծուլանա, ձգտելու է իր ազդեցության ոլորտի մեջ ընդգրկել իրենից փոքր ու թույլ երկրները, բայց, զարմանալիորեն, մենք վարժվել ենք կամ վարժեցվել ենք ռուսական ազդեցությունը տեսնելուն, բայց մնացածը՝ ոչ։ Մինչդեռ Հայաստանում գրեթե բոլոր իշխանափոխությունները կատարվել են Արևմուտքի միջոցով կամ հավանությամբ (այլ հարց է, որ հետո ռուսները, ունենալով անմիջական ու հզոր լծակներ, կարողացել են իրենց բուռը հավաքել դրածոներին)»։
