‘
Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը չի պատրաստվում ինքնակամ ազատվել Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Այդ մասին մշակույթի նախարարության շենքից դուրս գալուց հետո iLur.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց արտիստը:
Ծատուրյանին այսօր հրավիրել էին մշակույթի նախարարի մոտ` առանց պաշտոնապես հրավերի նպատակի մասին տեղեկացնելու: Սակայն նախարարի ընդունարանում ժողովրդական արտիստին հայտնել են, որ Հասմիկ Պողոսյանը հրաժարվում է նրան ընդունել:
«Ասացին` նախարարը տեղում է, բայց հրաժարվում է ձեզ ընդունել», — հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Նիկոլայ Ծատուրյանը լսել է, որ իրեն առաջարկելու են ազատման դիմում գրել ան բանից հետո, երբ արտիստը մամուլում քննադատության է ենթարկել աշխարհիկ եւ հոգեւոր իշխանություններին:
«Չգիտեմ, ասում են` էդպես է: Ես մտածում էի` կանչել են Մոնթեի ներկայացման հետ կապված հարցեր քննարկելու», — նշեց Ծատուրյանը` ընդգծելով, որ անգամ եթե նման առաջարկ արվեր, ինքը հրաժարվելու էր:
«Իսկ ինչու՞ հրաժարվեմ: Կարծում եմ, թատրոնի համար շատ բաներ ենք արել եւ դեռ շատ ծրագրեր ունենք անելու», — ի պատասպան մեր հարցի՝ նշեց Նիկոլայ Ծատուրյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության եթերով օրերս հեռարձակված` Նիկոլայ Ծատուրյանի հարցազրույցը զայրացրել է Կաթողիկոս Գարեգին Բ-ին, քանի որ Ծատուրյանը սուր քննադատության է ենթարկել իշխանություններին և, մասնավորաբար, կաթողիկոսին՝ նրան համարելով սատանա: Կաթողիկոսն էլ, ըստ այդմ, զանգահարել է Սերժ Սարգսյանին, գանգատվել, պահանջել պատժել նշանավոր արվեստագետին: Նախագահականն էլ չի հապաղել, Ս.Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հրահանգել է Հասմիկ Պողոսյանին՝ պարտադրել Նիկոլայ Ծատուրյանին՝ գրել հրաժարականի դիմում:
‘