‘Հասնել ու անցնել Սինգապուրին. Երեւանի վիրտուալ եւ իրական կյանքը’

1471

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունն այսօր մամուլի հաղորդագրություն տարածեց, որն ավետում էր, որ «Երեւանը էլեկտրոնային կառավարման տեսանկյունից աշխարհի ամենազարգացած քաղաքների հնգյակում է»: Իսկ որոշ ցուցանիշներով անգամ զբաղեցնում է առաջին տեղն այնպիսի քաղաքների հարեւանությամբ, ինչպիսիք են Սեուլը, Սինգապուրը, Տորոնտոն եւ Ստոկհոլմը: Քաղաքապետարանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու այս ցնծալի նորության մանրամասները:

Ասուլիսին ներկա լրագրողները, սակայն, ընթացքում բացահայտեցին, որ էլեկտրոնային կառավարման ոլորտում փայլուն հաջողություններ է գրանցել ոչ թե Երեւանը, ինչպես կարելի էր դատել քաղաքապետարանի հաղորդագրության վերնագրից, այլ՝ ընդամենը քաղաքապետարանի Yerevan.am կայքը, իսկ տարբեր անվանակարգերում վարկանիշեր սահմանողը ամերիկյան Rotgers համալսարանի ստորաբաժանումներից մեկն է, որի կատարած մի ուսումնասիրության արդյունքներն էլ հենց ներկայացնում էին քաղաքապետարանի պաշտոնյաները:

Ինչեւէ, ասուլիսին, Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ընդգծեց, որ էլեկտրոնային կառավարման տեսանկյունից Երեւանը վերջին 5 տարիներին էական առաջընթաց է գրանցել, այն դեպքում, երբ 2009-ին նույնիսկ ներառված չէր առաջին 100-յակի մեջ:

Իսկ «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը տեղեկացրեց, որ, օրինակ, քաղաքացիների ներգրավվածության անվանակարգում Երևանը (իրականում՝ քաղաքապետարանի կայքը) զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ բովանդակության անվանակարգին, որտեղ Երևանը 4-րդն է Սեուլից, Տորոնտոյից և Ստոկհոլմից հետո: «Գնահատողները հաշվի են առել կայքի հասանելիությունը դեպի կոնտակտային տեղեկություններ, հրապարակային փաստաթղթերը, հասանելիությունը հաշմանդամների համար, մուլտիմեդիայի նյութերը և հրատապ տեղեկատվությունը», — ասաց Մանուկյանը:

iLur.am-ի դիտարկմանը, որ «էլեկտրոնային կառավարում» հասկացությունն ավելի լայն ըմդգրկում ունի, քան պաշտոնականկայքն է, փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը պատասխանեց, որ քաղաքապետարանը իրերի դրությունը ներկայացրել է այնպես, ինչպես աղբյուրում՝ Rotgers համալսարանի կայքում է գրված:    

Մեր մեկ այլ հարցի՝ արդյո՞ք էլեկտրոնային կառավարման բաղկացուցիչ չէ, օրինակ, հանրային տրանսպորտի էլեկտրոնային չվացուցակների անհրաժեշտությունը, (մայրաքաղաքի ավտոբուսային կանգառներից ընդամենը 50-ում են տեղադրված էլեկտրոնային չվացուցակներ, դրանց մեծ մասը չի աշխատում, իսկ աշխատողներն էլ ցույց են տալիս երեք-չորս երթուղու ժամանման մասին երբեմն՝ ոչ ճշգրիտ տեղեկատվություն), փոխքաղաքապետը պատասխանեց, որ քաղաքի կանգառներն էլեկտրոնային չվացուցակներով ամբողջությամբ կկահավորվեն միայն տրանսպորտային ցանցի համալիր բարեփոխումների ծրագրի իրականացումից հետո: Իսկ բարեփոխումները, ըստ Նիկոյանի, մոտ ժամանակում իրականանալիք հարց չեն:

«Տրանսպորտային համակարգի բարեփոխումերը պետք է ամբողջությամբ անցկացվեն, որպեսզի այդ չվացուցակները համապատասխանեն իրավիճակին՝ սկսած ավտոբուսներում GPS համակարգերի տեղադրումից: Մենք երբեւէ չենք ասել, որ բոլորը աշխատում են, մենք քայլեր ենք անում, ընդ որում, առանց քաղաքի բյուջեից որեւէ ծախս անելու: Դրանք պիլոտային ծրագրեր են, որոնք իրականացվել են հմայնք-մասնավոր համագործակցության շրջանակներում՝ ամբողջությամբ մասնավորի հաշվին», — ասաց Վահե Նիկոյանը:

Նրա խոսքով,  ընդհանուր բարեփոխումներ անցկացնելուց հետո միայն հնարավոր կլինի խոսել տրանսպորտում էլեկտրոնային վճարումների համակարգ ներդնելու մասին:

«Դա հնարավոր չէ հիմա իրականացնել, որովհետեւ առաջին հերթին դա պահանջում է համակարգային փոփոխություններ, այդ թվում՝ երթուղային համակարգի, ավտոբուսների կամ շարժակազմի փոփոխություններ: Մենք տարբեր տիպի միկրոավտոբուսներ ունենք, որտեղ էլեկտրոնային համակարգի ներդրումը տեխնիկական տեսանկյունից խնդիրներ կառաջացնի: Բացի դրանից, համակարգային փոփոխությունները պետք է ենթադրի նաեւ սեփականության ձեւերի հստակեցումը, այսինքն, քանի կազմակերպություն ի վերջո պետք  է շահագործի, որպեսզի կարգավորվի միջոցների բաշխվածությունը: Դա համալիր ծրագիր է, որի ուղղությամբ քայլեր իրականացվում են, բայց առաջիկա տարում մենք չենք ակնկալում, որ այդ փոփոխությունները կիրականացվեն», — ասաց Վահե Նիկոյանը:

Հակոբ Կարապետյան

Նախորդ հոդվածը‘Ավետիսյանների սպանության գործով 3 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ’
Հաջորդ հոդվածը‘Ֆինն բանտապահները վրդովված են. կալանավորներն իրենցից լավ են ապրում’