‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը անսպասելիորեն սայթաքեց’

1564

Լոնդոնում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը Բորիս Գելֆանդի հետ պարտիայում անսպասելիորեն սայթաքեց եւ պարտություն կրեց:

Պարտիայի ընթացքը ոչ մի չարագույժ մտքեր չէր առաջացնում, Արոնյանը վստահ պաշտպանվում էր, ամբողջովին վերահսկում էր իրավիճակը, չուներ ժամանակի խնդիր եւ հանկարծ 25-րդ եւ 26-րդ քայլում երկու կոպիտ եւ՝ մեծ հաշվով, այդ կարգի մրցաշարերի համար անսովոր սխալներ թույլ տվեց, որից հետո Գելֆանդը հսկայական առավելություն ստացավ:

Հետագայում, որքան էլ Արոնյանը անձնուրաց պաշտպանվում էր, սակայն Գելֆանդը ձեռքից բաց չթողեց հաղթանակը, որը գրանցվեց 59-րդ քայլում:

Տուրի կենտրոնական պարտիայում Մագնուս Կարլսենը կարողացավ սեւերով դիմագրավել Վլադիմիր Կրամնիկի վտանգավոր գրոհին եւ ի վերջո կորզել ոչ-ոքի, ինչի շնորհիվ նորվեգացին դարձավ մրցաշարի միանձնյա առաջատար՝ կես միավորով առաջ լինելով Արոնյանից, որից՝ իր հերթին, ընդամենը կես միավոր է ետ մնում Կրամնիկ: Ահա այսպիսի՝ մեր համար տհաճ փոփոխություններ եղան մրցաշարային աղյուսակում: Սակայն ամեն ինչ դեռ առջեւում է, ոչինչ կորած չէ, այնպես որ դեռ կարելի է կորցրածը ետ բերել: Ի դեպ, արդեն Կրամնիկին էլ կարելի է դասել հաղթողի հավակնորդների շարքին:

Սվիդլեր – Գրիշչուկ պարտիան ավարտվեց ոչ-ոքի, Իվանչուկը Ռաջաբովի հետ պարտիայում մոտ է առաջին հաղթանակը տանելուն:

Մրցաշարային աղյուսակի դիրքը 9-րդ տուրից հետո, առաջատարների մոտ այսպիսին է.  1. Կարլսեն՝ 6; 2.  Արոնյան՝ 5.5; Կրամնիկ՝ 5:


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘Թինա Թյորները պատրաստվում է ամուսնանալ իր լավագույն ընկերոջ հետ’
Հաջորդ հոդվածը‘Ինչու՞ է Զոլյանը հրավիրվել ԱԱԾ’