‘Հավակնորդների մրցաշար. Կրամնիկը հեղաշրջում կատարեց’

1979

Լոնդոնում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց Վլադիմիր Կրամնիկին:

Պարտիային անդրադառնալու կարիք չկա թերեւս: Արոնյանը փորձեց հաղթանակի համար խաղալ, սակայն չստացվեց: Երբ ոչ-ոքին արդեն ակնհայտ էր երեւում, եղավ մեկ ճակատագրական սխալ եւ պարտություն: Ահա այսքանը: Սա Լեւոն Արոնյանի երկրորդ անընդմեջ պարտությունն էր եւ նա վերջնականապես դուրս է մնում հաղթողի համար պայքարից: Չստացվեց, ակնհայտորեն չստացվեց մրցաշարի երկրորդ հատվածը մեր գրոսմայստերի մոտ: Մինչդեռ նույնիսկ այս պարտիայում չպարտվելու դեպքում Արոնյանը կպահպաներ հաղթելու շանսերը, որովհետեւ…

Որովհետեւ Կառլսենը պարտվեց: Մեծն, ահեղ, սարսափազդու, երկաթյա Կառլսենը, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարը, հաղթողի գլխավոր հավակնորդը պարտվեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: Իվանչուկը միանշանակ կլիներ հաղթողի թեկնածուների շարքում, եթե ավելի խնայողաբար օգտագործեր իրեն հատկացված ժամանակը: Չորս անգամ նա դրա պատճառով պարտվեց: Բայց Կառլսենի հետ պարտիայում Իվանչուկը ցեյտնոտի մեջ չընկավ եւ փայլուն հաղթանակ տարավ նորվեգացու նկատմամբ: Այս հաղթանակի համար Իվանչուկը միայն ծափահարությունների է արժանի: Մեկ ուրիշը այդքան ցավալի պարտություններից հետո պարզապես ձեռքով թափ կտար մրցաշարի մնացած հատվածի վրա, սակայն ուկրաինացին՝ չունենալով որեւէ մրցաշարային մոտիվացիա, ցույց տվեց մարզական բարձր սկզբունքներ:

Եվ հնարավոր է, որ հենց Իվանչուկի հաղթանակը դառնա այս մրցաշարում ամենավճռորոշ իրադարձությունը, որովհետեւ Կրամնիկը շրջանցեց Կառլսենին եւ այժմ նա է առաջատարն ու հաղթողի հիմնական թեկնածուն: Ահա այսպիսի զարմանահրաշ եւ գլխապտույտ արագությամբ է իրավիճակը փոխվում մրցաշարում: Ընդամենը երեք տուր առաջ բացի Արոնյանից եւ Կառսլենից մնացածները հաշվի չէին առնվում, բայց ահա՝ այժմ արդեն ունենք նոր առաջատար: Եվ եթե Արոնյանն այսօր չպարտվեր Կրամնիկին… բայց, թերեւս եթեներով չարժե խոսել. ունենք այն, ինչ ունենք եւ հենց դա է կարեւորը:  

Երկար, դեռ շատ երկար են խոսելու այս տուրի եւ ընդհանրապես մրցաշարի մասին: Հենց այս տուրը ցույց տվեց, որ որքան էլ շախմատում համակարգիչը դեր ունենա, որքան էլ շախմատիստները կոմպյուտերիզացված լինեն, միեւնույն է, կարեւորը ճիշտ եւ գրագետ պատրաստվածությունն է, կայուն հոգեբանությունը, համբերատարությունը եւ զուտ մարդկային այլ գործոններ:

Բորիս Գելֆանդ-Պյոտր Սվիդլեր, Թեյմուր Ռաջաբով-Ալեքսանդր Գրիշչուկ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Այսպիսով, վերջին երկու տուրերից առաջ մրցաշարում հեղաշրջում կատարվեց. 12-րդ տուրից հետո Կրամնիկը 1-ին տեղում է՝ 8 միավոր; 2. Կառլսեն՝ 7,5; 3. Արոնյան՝ 6,5; 4. Սվիդլեր՝ 6; 5-6. Գելֆանդ, Գրիշչուկ՝ 5,5; 7. Իվանչուկ՝ 5; 8. Ռաջաբով՝  4:


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘Դումանյանն ուզում է օպտիմալացնել հոգեբուժարանները ‘
Հաջորդ հոդվածը‘Աստղագուշակ մարտի 30-ի համար’