‘Հավակնորդների մրցաշար. Կրամնիկը մոտեցավ առաջատարներին’

905

Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում կայացան 8-րդ տուրի պարտիաները, որոնք որոշակի փոփոխություններ մտցրեցին մրցաշարային աղյուսակում:

Իհարկե, այդ փոփոխությունները չեն վերաբերվում առաջատարներին՝ Լեւոն Արոնյանին եւ Մագնուս Կառլսենին, որոնք հրթիռային արագությամբ ոչ-ոքի խաղացին եւ հիասթափեցրին նրանց, ովքեր լուրջ ակնկալիքներ ունեին այս պարտիայից:

Այդ ակնկալիքները, սակայն, արդարացան մյուս հանդիպումներում, որոնք բոլորն էլ արդյունավետ ելք ունեցան: Ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը սեւերով պարտվեց իսրայելցի Բորիս Գելֆանդին, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը հերթական ցավալի պարտությունը կրեց ժամանակի սղության պատճառով՝ այս անգամ Ալեքսանդր Գրիշչուկին, իսկ Վլադիմիր Կրամնիկը հաղթեց Պյոտր Սվիդլերին եւ դուրս եկավ 3-րդ տեղ:

Մրցաշարային դիրքը 8-րդ տուրից հետո հետեւյալ տեսքը ստացավ. 1-2. Կարլսեն, Արոնյան՝ 5.5; 3. Կրամիկ՝ 4.5; 4. Գրիշչուկ՝ 4; 5-6. Սվիդլեր, Գելֆանդ՝ 3.5; Ռաջաբով՝ 3; Իվանչուկ՝ 2.5:

Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Գելֆանդի հետ, Կրամնիկը սպիտակներով՝ Կարլսենի հետ, Սվիդլերի մրցակիցը կլինի Գրիշչուկը, իսկ Իվանչուկն ուժերը կչափի Ռաջաբովի հետ:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ օր է մարտի 25-ը’