‘Հավայի նահանգի օրենսդիր մարմինը մերժել է հակահայկական բանաձևը’

682

ԱՄՆ Հավայի նահանգի օրենսդիր մարմինը մերժել է ադրբեջանական լոբբիի նախաձեռնած հակահայկական բանաձևը: Այն  նախատեսում էր ԱՄՆ նահանգների օրենսդիր մարմինների աջակցություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիվ քաղաքականությանը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն, Հավայի նահանգի կոնգրեսում քվեարկությունը ցույց տվեց, որ Ալիևի «խավիարային դիվանագիտության» միլիոններն ի զ որու չեն ազդել ԱՄՆ քաղաքականության վրա:

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Ամերիկայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը բաց նամակ էր հղել ԱՄՆ կոնգրեսականներին` Ադրբեջանում կոռուպցիայի տարածման և Իլհամ Ալիևի կողմից ժողովրդավարության ճնշման առնչությամբ: Նամակում, մասնավորապես, նշվում էր, որ  Իլհամ Ալիեւը ճնշում է գործադրում ԱՄՆ նահանգների օրենսդիր մարմինների վրա` հայերի վիճակին վերաբերող հարցերի նկատմամբ վերջիններիս դիրքորոշումների պատճառով: Արամ Համփարյանը ԱՄՆ օրենսդիրներին հիշեցնում էր, որ Իլհամ Ալիևին է առնչվում ամենաաղմկահարույց սկանդալն աշխարհում, երբ նա ներում և հերոսի կոչում շնորհեց  մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ում զոհն էր դարձել քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանը: «Սաֆարովը կացնահարել էր քնած հայ սպային, և այդ ամոթալի արարքը կտրուկ դատապարտվեց նախագահ Օբամայի կողմից: Ադրբեջանում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակն աշխարհում վատթարագույններից մեկն է, ինչն ամեն տարի արձանագրվում է Պետդեպարտամենտի` մարդու իրավունքների վերաբերյալ հաշվետվություններում: Ամերիկյան ժողովրդավարությունն Իլհամ Ալիևի վարչակազմին թույլ է տալիս ազատորեն գործել մեր բաց հասարակության շրջանակներում: Սակայն դա չի նշանակում, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է լռեն օտարերկրյա ղեկավարների միջամտությունների դեմ, ովքեր չեն հարգում մեր իրավունքներն ու չեն կիսում մեր արժեքները, հատկապես, երբ փորձում են իրենց անհանդուրժողությունն արտահանել մեր երկիր», — հայտարարել էր Համփարյանը: 

Նախորդ հոդվածը’20 օրվա ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 5000 մարդ’
Հաջորդ հոդվածը‘250 մլն դրամ պետբյուջեից՝ Ռուբեն Վարդանյանի հիմնադրամին. Հիմնավորումը ցնցող է’