«Հավանայի ախտանիշ»․ ԱՄՆ-ն հետազոտում է իր դիվանագետների առեղծվածային հիվանդությունը

112

ԱՄՆ-ի և Ավստրիայի իշխանությունները հետազոտում են առեղծվածային հիվանդության մասին հաղորդումները, որից գանգատվում են Վիեննայում ԱՄՆ դեսպանատան միանգամից մի քանի աշխատակիցներ։

Դիվանագետները, հետախույզներն ու առաքելության մյուս աշխատակիցները գանգատվում են նույն ախտանշաններից, ինչի մասին, սկսած 2016 թվականից, խոսում էին Կուբայում և աշխարհի այլ երկրներում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների աշխատակիցները։

Այն մասին, որ Ավստրիայում ամերիկյան դեսպանատան աշխատողները ունեն որպես «Հավանայի ախտանիշ» հայտնի ախտանշաններ, առաջին անգամ ուրբաթ օրը հաղորդել է New York Times-ը։ Հրապարակման համաձայն՝ Ջո Բայդենի՝ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո նույն գանգատներն է ունեցել Վիեննայի դեսպանատանն աշխատող ավելի քան 20 մարդ։ «Հավանայի ախտանիշով» տառապողները գանգատվում են գլխացավից, գլխապտույտից և ցրվածությունից։ ԱՄՆ իշխանությունները և փորձագետները ենթադրում են, որ պատճառը կարող է լինել մարդկանց վրա ինչ-որ ռադիոալիքների ազդեցությունը, որոնց բնույթը արևմտյան հետախուզական ծառայություններին առայժմ հայտնի չէ։

2016 թվականից այդ առեղծվածային հիվանդության ախտանշանների մասին տեղեկացրել են ամերիկյան դիվանագիտական առաքելությունների մի քանի տասնյակ աշխատակիցներ՝ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Կուբայից, Ռուսաստանից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից և Վրաստանից։

NYT-ն տեղեկացնում է, որ ավելի վաղ ՀԴԲ-ն այդ միջադեպերի սեփական հետաքննությունն է անցկացրել  և եզրակացրել է, որ խոսքը զանգվածային հոգեբանական հիվանդության մասին է, երբ մարդկանց խումբը կարծում է, որ ենթարկվում է ինչ-որ վնասակար ազդեցության, և սկսում է միաժամանակ վատ զգալ։ Մինչդեռ մի խումբ բժիշկների կարծիքով՝ զանգվածային պսիխոզի մասին վարկածը բացառվում է, քանի որ հիվանդներից ոմանք տեղյակ չեն եղել, որ աշխարհի այլ երկրներում ևս իրենց գործընկերները նույնպիսի ախտանշաններ ունեն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՅակուտսկում անտառային հրդեհների պատճառով փակվել է օդանավակայանը
Հաջորդ հոդվածըԿես միլիոն չինացիներ ԱՀԿ-ից պահանջում են ԱՄՆ-ում ստուգել կենսալաբորատորիան