‘Հատված՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՍԴ ներկայացրած դիմումից’

826

Aravot.am-ը հրապարակել է մի հատված՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ՍԴ ներկայացված դիմումից: Այն ներկայացնում ենք ստորեւ.

Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող և Հանրապետությունից բացակայող անձանց փոխարեն այլ անձի (անձանց) կողմից քվեարկության իրականացումը սահմանափակող երաշխավորված համակարգի բացակայությունը ձևավորում է քվեարկությանը մասնակցած անձանց թվաքանակի նկատմամբ հիմնավոր կասկածներ, որը բխում է թե տեսական և թե նաև գործնական դրսևորումներից: Դա են վկայում միջազգային դիտորդները և դա է փաստված ընտրությունների պաշտոնական արդյունքներում, որոնց համաձայն, այն ընտրական տեղամասերում և ընտրատարածքներում, որտեղ առավել, կարելի է ասել անոմալ աստիճանի բարձր է եղել ընտրողների «ակտիվությունը», այդտեղ ձայների անոմալ առավելություն է ստացել գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ինչով փաստվում է, որ բոլոր այդ տեղամասերում, իսկ դրանք հարյուրավոր են, քվեարկություն է իրականացվել բացակայող անձանց փոխարեն, լցոնումներ են իրականացվել, կարուսել կոչվող ընտրախտումն է իրականացվել, վարչական ռեսուրսներն են գործի դրվել և անձանց ընտրական իրավունքը խախտող բազմաթիվ այլ հնարքներ են կիրառվել, ինչի արդյունքում տեղամասեր կան, որտեղ ընտրություններին «մասնակցած» ընտրողների քանակը հավասար է ընտրացուցակներում ընդգրկվածների 100 տոկոսին, շատ ավելի տեղամասեր կան, որտեղ այդ թիվը կազմում է 90-99 տոկոս, է´լ ավելի շատ են այն տեղամասերը, որտեղ այդ թիվը կազմում է 80-90 տոկոս, հարյուրավորների են հասնում այն տեղամասերը, որտեղ ընտրություններին «մասնակցածների» թիվը կազմում է 60-70 և 70-80 տոկոս: Նշված հարցին իր 02.03.2013թ. Հետընտրական միջանկյալ զեկույցում անդրադարձել է նաև ԵԱՀԿ ԺՄԻԳ-ը, մասնավորապես, արձանագրելով հետևյալը. «Փետրվարի 25-ին ԿԸՀ-ն հայտարարեց ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի պարոն Սարգսյանը հայտարարվել է ընտրված նախագահ։ Այդ արդյունքների հիման վրա կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա է սերտ հարաբերակցություն ընտրողների մասնակցության թվի և գործող նախագահին կողմ քվեարկած ձայների միջև այն ՏԸՀ-ներում, որտեղ միջինից բարձր մասնակցության դեպքում պարոն Սարգսյանը ստացել է ձայների ավելի մեծ բաժին։ 1988 տեղամասերից 1746-ը ունեն 300 և ավելի գրանցված ընտրողներ (Բացառությամբ մեկից, բոլոր այդ տեղամասերը սովորական ընտրական տեղամասեր են, այսինքն չեն գտնվում քրեակատարողական հիմնարկներում կամ բժշկական հաստատություններում)։ Դրանցից 144-ում ընտրողների թիվը գերազանցել է 80 տոկոսը, որը թվում է անհավանականորեն բարձր, և նմանատիպ 115 տեղամասերում գործող նախագահը ստացել է քվեարկած ձայների ավելի քան 80 տոկոսը։ 303-ից 198 տեղամասերում, որտեղ ընտրողների մասնակցությունը կազմում էր 70-80 տոկոս, գործող նախագահը ստացել է ձայների ավելի քան 70 տոկոսը: 249 տեղամասեր, որտեղ ընտրողների մասնակցությունը 50 տոկոսից ցածր էր, պարոն Սարգսյանը ստացել է ձայների ավելի քան 50 տոկոսը 40 տեղամասերում, իսկ պարոն Հովհաննիսյանը ստացել է ավելի քան 50 տոկոս 155 տեղամասերում։ Ընտրողների բարձր մասնակցություն ունեցող տեղամասերի մեծամասնությունում դիտարկվել է գործող նախագահի ավելի շատ ստացած ձայների միտում, որը առաջացրել է մտահոգություն ընտրական գործընթացի ամբողջականության արժանահավատության հանդեպ»։

 Ե՜վ վերը մեր կողմից նշվածը և՜ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի զեկույցի մեջբերված հատվածում խոսքը գնում է ընտրացուցակներում ընդգրկվածների մասին, իսկ եթե հաշվարկը կատարենք փաստացի առկա ընտրողների թվից ելնելով, ապա այդ տոկոսներին պետք է ավելացվեն առնվազն 11 տոկոս և դա, ըստ պաշտոնական տվյալների: Այսպես, Հայաստանի Հանրապետության ընտրողների ընդհանուր թիվը ըստ ԿԸՀ-ի` 2.528.050 է, իսկ ընտրություններին մասնակիցների թիվը կազմել է 1.521.489 (տես` www.elections.am): Համաձայն մարդահամարի տվյալների` 2011թ. հոկտեմբերի 12-ի դրությամբ, Հայաստանում առկա են եղել 2 մլն 871 հազ. 509 մարդ (www.armstat.am/am/): Բնականաբար, ոչ բոլորն է, որ ՀՀ քաղաքացի են, բայց համարենք, որ այդպես է: Եթե հաշվի առնենք, որ միգրացիոն գործակալության տվյալների համաձայն 2012թ-ին ՀՀ-ից արտագաղթողների թիվը կազմել է 44.809 մարդ, իսկ 2013թ. հունվար ամսին այդ թիվը կազմել է` 7.002 (տես` www.smsmta.am/?id=937), ապա ստացվում է, որ Հանրապետությունում առկա է 2.819.698 մարդ: Եթե 2.819.698-ից էլ հանենք մինչև 18 տարեկան 682.000 երեխաներին (տես` www.armstat.am), որոնք ընտրելու իրավունք չունեն, ապա ստացվում է, որ Հանրապետությունում առկա ընտրողների թիվը կազմում է 2.137.698 մարդ: Այսպիսով, պաշտոնական տվյալների համաձայն ընտրողների թիվը կազմում է` 2.528.050, սակայն Հանրապետությունում առկա է 2.137.698 ընտրող, որից, ըստ ԿԸՀ տվյալների, ընտրություններին մասնակցել է 1.521.489 ընտրող, որը կազմում է ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների` 60,18 տոկոսը, սակայն Հանրապետությունում առկա ընտրողների` 71,17 տոկոսը: Այս ամենն, ի դեպ, իր հիմքում ունի բացառապես պաշտոնական տվյալներ: Դա նշանակում է, որ եթե ցանկանում ենք պարզել, թե Հանրապետությունում առկա ընտրողների քանի տոկոսն է մասնակցել ընտրություններին, ապա յուրաքանչյուր ընտրական տեղամասի կամ ընտրատարածքի համար ստացված մասնակցության տոկոսին պետք է ավելացնենք ևս 11 տոկոս: Այսպիսով, ընտրություններին մասնակցածների միջին տոկոսը Հանրապետությունում կազմում է առկա ընտրողների 71,17 տոկոսը, ինչը անհավանական և անիրական բարձր ցուցանիշ է և պարզ է, որ նման ցուցանիշը բացառապես լցոնումների արդյունք է: Ավելին, պարզվում է, որ 235 ընտրական տեղամասերում ընտրություններին մասնակցել են առկա ընտրողների 90-100 և ավելի տոկոսը, 260 ընտրական տեղամասում` 80-89 տոկոսը, ևս 88 ընտրական տեղամասերում` 72-79 տոկոսը: Այդ 586 ընտրական տեղամասերում քվեարկությանը «մասնակցած» 368.776 ընտրողից Սերժ Սարգսյանին ձայն են տվել 315.618 ընտրող, կամ ավելի քան 85,59 տոկոսը: Ակնհայտ է, որ նման թվական տվյալներ հնարավոր է ստանալ բացառապես լցոնումների, ուղղորդված և կրկնակի ընտրությունների արդյունքում: Ահա, այսպիսին են մեր ընտրությունները: Մեկ այլ հաշվարկից պարզ է դառնում, որ այն ընտրական տեղամասերում, որտեղ մասնակիցների քանակը մոտ է միջինին, առավելություն ունի Րաֆֆի Հովհաննիսյանը: Նման և ակնհայտ ընտրախախտումների բազմաթիվ այլ պայմաններում, ընտրական հանձնաժողովները ցուցաբերել են անգործություն. իրենց նախաձեռնությամբ որևէ տեղամասում չեն կատարել վերահաշվարկ, առանց ուսումնասիրության մերժել են հենց այդ, անոմալ արդյունքներով տեղամասերի ընտրության արդյունքները լցոնման և այլ հիմքերով անվավեր ճանաչելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր` 128 դիմումները, իրենց կողմից ընտրական գործընթացի որևէ խախտում չեն արձանագրել, ընթացք չեն տվել անգամ լրատվամիջոցներով ու այլ թեկնածուների վստահված անձանց, ՀԿ-ների և դիտորդների արձանագրած խախտումներին: Բնականաբար այս ամենը ԿԸՀ-ի համար ոչինչ չի նշանակում և բնականաբար ԿԸՀ-ն ու ԸԸՀ-ները որևէ ընտրական տեղամասում իրենց նախաձեռնությամբ որևէ վերահաշվարկ չեն կատարել: Ինչու՞ բնականաբար: Որովհետև Սերժ Սարգյանը Սերժ Թանգյանին ուղղված իր նամակում խոստովանում է, որ ընտրություններն ինքն է կազմակերպել, հետևաբար էլ ինչ ենք ուզում ԿԸՀ-ից ու ԸԸՀ-ներից»: Հ.Գ. Հետաքրքիր է, Հանրապետությունում կա՞ մեկը, ով իրականում հավատում է, որ ԿԸՀ-ի հրապարակած ընտրությունների պաշտոնական արդյունքները արտացոլում են ժողովրդի կատարած ընտրության իրական պատկերը:

Շարունակելի  

Կարեն Մեժլումյան

փաստաբան 

Նախորդ հոդվածը‘Մոլդովայի կառավարությունը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ը չեղյալ է հայտարարել Հարավային Կորեայի հետ չհարձակման պայմանագիրը’