‘Հարամ փող է՝ քթներիցդ գալու է. Մամուլ’

1520

Երեկ iLur.am-ը «ՃՈ-ն թալանում է վարորդներին» հրապարակմամբ անդրադարձել էր մի խնդրի և ներկայացրել տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ՃՈ-ն անօրինական տուգանում է վարորդների: Այսօր նման մի խնդրի մասին է գրում «ՀԺ»-ն և նկարագրում, թե ինչպես են միասին փող աշխատում ոստիկանությունն ու դատարանները: Հոդվածը՝ մասնակի կրճատումներով, ներկայացնում ենք ստորև.

«Դեռ մեկուկես տարի առաջ պետավտոտեսչությունը 22 հազար դրամով տուգանեց ՀՀ քաղաքացի, տեխնիկական գիտությունների թեկնածու, աոաջին կարգի հաշմանդամ Գագիկ Մխիթարյանին: Խախտումը եղել էր, և տուգանքի մեջ ոչ մի տարօրինակ բան չկար: Սահմանված ժամկետում էլ Մխիթարյանը վճարեց տուգանքը: Սրանով, սակայն, այս պատմությունը ոչ թե ավարտվեց, այլ, ըստ էության՝ սկսվեց: Գագիկ Մխիթարյանն արդեն այս տարվա մայիսի 14-ին ծանուցում է ստանում ՀՀ Վարչական դատարանից: Ըստ այդ ծանուցման՝ նա չի վճարել իր տուգանքը, եւ այն հնգապատկվել է: Այսինքն, ՀՀ ոստիկանությունը դատական կարգով պահանջում է Մխիթարյանից բռնագանձել 110 հազար դրամ:

Մեկուկես տարի առաջ վճարված տուգանքի անդորրագիրը, բնականաբար, չէր պահպանվել: Մխիթարյանին թվում էր՝ եթե նա ներկայացնի անդորրագիրը, ապա դրանով պատմությունը կավարտվի: Բայց ինչպես նշեցինք, այս պատմությունը կապված է մեր ոստիկանության ու դատական համակարգի հետ, ուստի դրա շարունակությունը պետք է դուրս լինի տրամաբանությունից: Մխիթարյանը իր սայլակով, որին գամված է տարիներ շարունակ, գնում է բանկ, որտեղից ժամանակին կատարվել է վճարումը, որպեսզի վերականգնի վճարման անդորրագիրը: Գնում է ինքը, քանի որ ուրիշին այդ անդորրագիրը չէին տա: Հինգ հազար դրամ վճարում-ստանում է 1.5 տարի առաջ կատարված վճարման անդորրագիրը ու գնում Վարչական դատարան: Ի՞նչ եք կարծում, սրանով պատմությունն ավարտվե՞ց: Դատարանի մուտքի մոտից կապվում է դատավորի օգնականին և խնդրում իջնել ու վերցնել անդորրագիրը: Օգնականը չի իջնում:

Մխիթարյանը խնդրում է իրեն հեռախոսով կապել դատավորի հետ, որպեսզի նրան բացատրի եղելությունը: «Դուք դատավորի հետ խոսել չեք կարող»,- ստանում է օգնականի պատասխանը: Մխիթարյանն էլ որոշում է հակընդդեմ հայց ներկայացնել ՀՀ ոստիկանության դեմ: ՀՀ Վերաքննիչ դատարանը ետ է վերադարձնում հակընդդեմ հայցը՝ դրա ներկայացնելու ձևի մեջ գտնելով մի քանի տասնյակ սխալներ …

Ցինիզմը հասել է այնտեղ, որ այդպիսի արհեստական քաշքշուկներ առաջացնում են սայլակով հաշմանդամների պարագայում: Ու արդյունքում ոստիկանությունն ավելի շատ փող է «վաստակում», քան տուգանքների չափն է: Հարամ փող է՝ քթներիցդ գալու է»:

Նախորդ հոդվածը‘Պահումներ ԱԺ-ում՝ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չմասնակցելու համար. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ներում խնդրելու ժամանակը. Մամուլ’