‘
Մադրիդի «Ատլետիկոյի» և բրիտանական «Շեֆիլդի» հետ համագործակցության պայմանագիր ունեցող Ադրբեջանը մերժում է ստացել Հարավային Ամերիկայում:
Արգենտինական «Սան—Լորենսո» և ուրուգվայական «Պենյարոլ» ակումբները, որոնք ունեն մեծ թվով տեղացի հայ երկրպագուներ, հրաժարվել են համագործակցել Ադրբեջանի հետ` հայտարարելով, որ գումարով ամեն ինչ չի որոշվում: Այս մասին տեղեկացնում է Voskanapat.info-ն հղում կատարելով «Ագոս» պարբերականին:
Սպորտի միջոցով Ադրբեջանը փորձում է բարձրացնել երկրի հեղինակությունը, սակայն վերոնշյալ ակումբները չեն կանգնել «Ատլետիկոյի» և «Շեֆիլդի» կողքին: Արգենտինական «Սան-Լորենսոն» Բուենոս-Այրեսի ակումբներից է և հիմնադրվել է 1908 թվականին: Այն Արգենտինայում հայկական համայնքի սիրելի ակումբներից մեկն է: «Սան-Լորենսոյի» միջազգային հեղինակությունը զգալիորեն բարձրացավ, երբ վերջերս պաշտոնապես հայտարարվեց, որ ակումբի նոր մարզադաշտը կրելու է Հռոմի Պապ Ֆրանցիսկի անունը: Վերջինս «Սան-Լորենսոյի» հավատարիմ երկրպագու է դեռևս 1946 թվականից և ունի ակումբի անվանական քարտ:
«Սան-Լորենսոյի» նախագահ Մատիաս Լամենսը Մադրիդում և Բուենոս-Այրեսում հանդիպել է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, ովքեր համագործակցության տարբերակներ են առաջարկել: Մատիաս Լամենսի կտրուկ մերժումից հետո Արգենտինայի հայկական համայնքը միջոցառում է կազմակերպել, որի ժամանակ շնորհակալություն են հայտնել վերջինիս ընտրած դիրքորոշման համար:
Իր հերթին Լամենսը հայտարարել է հետևյալը. ««Սան-Լորենսոն» չի վաճառվում, և ես շատ ուրախ եմ, որ հրաժարվել եմ նման համագործակցությունից: Այո՛, ժամանակակից կյանքում գումարը մեծ նշանակություն ունի, բայց դրանով չեն լուծում պատմական խնդիրները»:
Ուրուգվայական «Պենյարոլը» ևս մեծաթիվ հայ երկրպագուներ ունի: Բացի այդ` ակումբի նախագահական խորհրդի անդամներից երկուսը հայ են:
‘