‘Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի գործունեության մանդատն ավարտվեց’

249

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գործունեության մանդատն ավարտվեց հունվարի 31-ին:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը բարձր է գնահատել դեսպան Լեֆորի նվիրումն ու եռանդուն գործունեությունը  ժնևյան միջազգային քննարկումների համանախագահի կարգավիճակում և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում: «Ֆիլիպն իր համբերատար աշխատաոճով և  հակամարտության կողմերի միջև  տարաձայնությունների լուծմանն ուղղված ջանքերի շնորհիվ շահեց կողմերի վստահությունը: Նույնպիսի մոտեցում եմ ակնկալում նրան հաջորդող պաշտոնյայից»: Էշթոնի ասելով, Եվրամիությունը խիստ հավատարիմ է Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը՝ Ժնևյան միջազգային քննարկումների համանախագահության համատեքստում և ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար գործընթացում ակտիվ մասնակցությամբ:

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչ կնշանակվի առաջիկա շաբաթների ընթացքում: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում կներկայացվեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում ապաստան հայցող ադրբեջանական ընտանիքը հայրենիքում հալածանքների է ենթարկվել. ԱԱԾ’