‘
ԱՄՆ-ը պետք է հնարավորինս շուտափույթ կերպով վերսկսի երկխոսությունը ԿԺԴՀ-ի հետ՝ Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու հարցով: Այդ մասին սոցցանցում երկուշաբթի գրառում է կատարել Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը:
«Դիվանագիտական իրողությունները խոսում են այն մասին, որ պատմական փոփոխությունները չեն կարող տեղի ունենալ առանց ԱՄՆ-ի կողմից ռազմավարական համբերության և համաձայնության,- նշել է նա:- Հենց այդ պատճառով էլ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի կառավարությունն ակտիվորեն համագործակցում է Միացյալ Նահանգների հետ աննախադեպ մակարդակի վրա»:
Աշխատակազմի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ սեպտեմբերի 5-ին Փհենյանում կայանալիք՝ Հարավային Կորեայի հատուկ բանագնացի այցը հաջող կանցնի: Վերջինս Փհենյան է մեկնելու՝ քննարկելու Մուն Չժե Ինի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի գագաթնաժողովի նախապատրաստությունները, ինչպես նաև ապամիջուկայնացման հարցերը:
Փոխանցում է tass.ru-ն:
‘