Կորեայի Հանրապետության Ազգային հետախուզական ծառայության տնօրենի պաշտոնի հավակնորդ Չո Տհե Յոնը հավանական է համարում, որ Կիմ Չեն Ինի ժառանգորդ է պատրաստվում նրա դուստը՝ Կիմ Ջու Էն։
Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը։
Չո Տհե Յոնը իր նշանակման մասին խորհրդարանական լսումներում գրավոր պատասխանել է մի քանի հարցերի։ «Հիմնվելով Կիմ Ջու Էի՝ հանրությանը հայտնվելու և հանրային միջոցառումների ընթացքում նրա նկատմամբ հարգանքի դրսևորումների վերլուծության վրա՝ Կիմ Ջու Էն ամենահավանական ժառանգորդն է»,- նշել է ԱՀԾ ղեկավարի պաշտոնի հավակնորդը։
Միաժամանակ, Չո Տհե Յոնը հավելել է, որ հետախուզությունը չի բացառում ոչ մի տարբերակ, քանի որ ԿԺԴՀ առաջնորդը դեռ երիտասարդ է և առողջ։
Գործակալության տվյալներով՝ Կիմ Ջու Էն ծնվել է 2013 թ․։ Ավելի վաղ Սեուլում խոսում էին, թե ԿԺԴՀ առաջնորդը երեք զավակ ունի՝ ավագը՝ որդին, Կիմ Ջու Էն և երրորդը, որի սեռը հայտնի չէ։