Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ իր երկիրը կարող է մեկ այլ պետության մարտավարական միջուկային զենք տեղակայել կամ սեփականը մշակել, եթե Կորեական թերակղզում իրավիճակը վատթարանա ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի պատճառով, հինգշաբթի հաղորդել է KBS հեռուստաալիքը։
Յուն Սոկ Յոլը նաև հավելել է, որ այս պահի դրությամբ ամենաիրատեսական տարբերակը մնում է անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը։
«Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում ԱՄՆ-ի հետ տեղեկատվության փոխանակման, համատեղ մասնակցության, համատեղ ծրագրման և իրականացման վերաբերյալ»,- նշել է հարավկորեացի առաջնորդը։
ԿԺԴՀ-ն անցյալ տարի ռեկորդային թվով բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել՝ ավելի քան 70։ Ընդհանուր հաշվով՝ իրականացվել է 37 արձակում։ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան 2022 թ․ գարնանից խոսում են ԿԺԴՀ-ում միջուկային փորձարկում անցկացնելու հնարավորության մասին։
Փոխանցում է tass.ru-ն։