‘Հարավային Կորեայի նոր նախագահը ԿԺԴՀ-ին կոչ է արել սկսել խաղաղ բանակցություններ’

616

Հարավային Կորեայի պատմության ընթացքում առաջին կին նախագահը՝ Պակ Կին Հեն, երկուշաբթի օրը պաշտոնակալության արարողության ժամանակ արտասանած ճառում  հայտարարել է, թե հույս ունի, որ ԿԺԴՀ-ն կհրաժարվի իր «միջուկային հավակնություններից», և սկիզբ կդրվի երկու երկրների միջև «վստահության վերականգնման գործընթացին», հաղորդում է «Սինխուա» գործակալությունը: Իշխող «Սենուրի» կուսակցության թեկնածուն՝ 60-ամյա Պակ Կին Հեն, հաղթել է 2012 թ. դեկտեմբերի 19-ին կայացած ընտրություններում՝ ստանալով ընտրողների 51,7%-ի քվեները: Պաշտոնակալության արարողությունը տեղի է ունեցել այսօր: 70 հազարանոց լսարանի առջև իր ճառը նախագահն սկսել է Հարավային Կորեայի ժողովրդի համար «երջանկություն ապահովելու և մշակույթի ծաղկմանը նպաստելու»  խոստումներով: Ինչպես և ակնկալվում էր, նոր նախագահը դատապարտել է Հյուսիսային Կորեայի անցկացրած միջուկային փորձարկումները, սակայն շեշտել է, որ Սեուլը պատրաստ է խաղաղ բանակցություններ սկսել ԿԺԴՀ-ի հետ:

Հարավային Կորեան 1961-1979 թթ. ղեկավարած գեներալ Պակ Չոն Հիի դուստրը՝ Պակ Կին Հեն, երկրի քաղաքական կյանքին մասնակից է դարձել 22 տարեկանից, երբ ստիպված էր ոչ պաշտոնապես ստանձնել «առաջին տիկնոջ» տիտղոսն այն բանից հետո, երբ նրա մայրը զոհվել էր հոր նկատմամբ իրականացված մահափորձի ժամանակ: Քաղաքական կարիերայի պաշտոնական մեկնարկը տեղի է ունեցել 1998 թ., երբ Պակ Կին, Հեն պատգամավոր էր ընտրվել, հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստի ուղիղ հեռարձակում’
Հաջորդ հոդվածը‘ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դեկանը հրմշտել և սպառնացել է ուսանողուհիներին’