‘
Հարավային Կորեան ապամոնտաժել է ԿԺԴՀ սահմանին տեղադրած Ծննդյան տոների տոնածառը: Հաղորդում է Associated Press-ը:
Պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ տոնածառը ապամոնտաժվել էր դեռևս նախորդ շաբաթ, վերջին ստուգումների արդյունքում՝ այն վտանգավոր էր ճանաչվել: Տեղական իշխանությունների խոսքերով՝ այն վայրում, որտեղ կանգնած է եղել ամանորյա այդ զարդը, կբացվի այգի:
Հարավային Կորեայում Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ ավանդաբար լուսարձակող լապտերներով 30 մետրանոց մետաղական տոնածառ են տեղադրում:
Տոնածառը տեղադրված էր երկրի հարավում՝ 155մ բարձրություն ունեցող բլրին, ԿԺԴՀ սահմանից 3կմ հեռավորության վրա և կանգնած էր այնտեղ 43 տարի: Ծննդյան տոների կապակցությամբ տեղադրված տոնածառը, որը լուսավորվում էր հազարավոր լապտերներով, շատ լավ երևում էր հյուսիսկորեական տարածքից և Փհենյանի կողմից գնահատվում էր որպես կոմունիստական ռեժիմի դեմ կիրառվող «հոգեբանական պատերազմի զենք»:
Տոնածառի ամենամյա լուսավառությունը ժամանակավորապես դադարեցվել է 2004թ-ին, սակայն ավանդույթը վերսկսվել է 2010թ-ին, ԿԺԴՀ կողմից հրահրած մի շարք զինված սանդրանքներից հետո:
Քանի որ Հյուսիսային Կորեան սգո մեջ էր առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան կապակցությամբ, Հարավային Կորեան 2011թ. դեկտեմբերին տոնածառի լույսերը չէր վառել՝ Փհենյանի բացասական արձագանքին չարժանանալու համար:
2013թ. արարողությունը կասեցվեց ԿԺԴՀ պաշտպանության պետական կոմիտեի ուղղակի սպառնալիքների արդյունքում:
Ռազմա-քաղաքական հակասությունները տարբեր սոցիալ-քաղաքական համակարգ ունեցող երկրների միջև 1950-ականների սկզբին հանգեցրին պատերազմի: Կորեական թերակղզին ֆորմալ առումով մինչ այժմ գտնվում է պատերազմական դրության մեջ, որովհետև Կորեական պատերազմը դադարեցվել է զինադադարի ստորագրմամբ, այլ ոչ թե խաղաղության պայմանագրով: Այն ստորագրել են ԿԺԴՀ և Չինաստանի զորքերի հրամանատարները՝ մի կողմից, ԱՄՆ-ը՝ ՄԱԿ-ի դրոշի ներքո՝ մյուս կողմից: Բազմիցս Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև տեղի են ունեցել զինված բախումներ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների ու նաեւ միջկորեական մերձեցման ամբողջ գործընթացը հասցրել խզման եզրին:
‘