‘«Հարավկովկասյան երկաթուղի». Դեռ վաղ է խոսել Վարդենիսի կամրջի փլուզման հետեւանքով տուժածներին փոխհատուցելու մասին’

959

Վարդենիսում կամրջի փլուզման հետեւանքով մահացած 3 եւ վիրավորված 2 անձինք «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներ են: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց «ՀԿԵ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը: Նա հաստատեց նաեւ տեղեկությունը, որ պատահարի հետեւանքով մահացածներից մեկը`  Ներսես Մարտիրոսյանը, «Հարավ Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Վարդենիսի մասնաճյուղում տեղամասի տնօրենի տեղակալն է:

Վահե Դավթյանը տեղեկացրեց, որ «Վարդենիս» կայարանից 2 կմ դեպի հյուսիս գտնվող կամրջի վա «ՀԿԵ-ն» իրականացնում էր ջրամեկուսաման ըթնացիկ աշխատանքներ: Այդ աշխատանքների շրջանակներում հայտարարվել էր «պատուհան», ինչը նշանակում է, որ այդ հատվածում երթեւեկությունը արգելվում է համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար: Վահե Դավթյանի խոսքով` աշխատանքները պետք է իրականցվեին ժամը 12.00-23.00-ին:  

Իսկ թե ինչպես է եղել միջադեպը, Վահե Դավթյանը հաստատեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ բանվորների վրա շրջվել է տրակտորը եւ «պանելը»: Հարցին, թե ինչն է եղել փլուզման պատճառը, բանվորներն են եղել մեղավոր եւ այլն, մամուլի քարտուղարը նշեց, որ դեպքի վերաբերյալ վերջնական պատկերը կստանան այսօր, նոյեմբերի 16-ի երեկոյան։ Այժմ հետազոտություն է անցկացվում, դրանից հետո հանդես կգան համապատասխան հայտարարությամբ: ««Հարավկովկասյան երկաթուղին» էր պատասխանատու այդ ամբողջ ենթակառուցվածքի համար եւ «Հարավկովկասյան երկաթուղին» ընտրել էր կապալառուի, որը այդ աշխատանքներն իրականացրել է»,- ասաց նա: Կփոխհատուցեն արդյոք փլուզման հետեւանքով տուժածներին, թե ոչ, Վահե Դավթյանը ասաց, որ «դա պարզ կլինի հայտարարությունից հետո, դեռ վաղ է այդ մասին խոսել»:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Վարդենիս» կայարանից 2 կմ դեպի հյուսիս գտնվող կամուրջը փլուզվել է: Փլուզման հետեւանքով մահացել են 55-ամյա Ներսես Մարտիրոսյանը, 56-ամյա Գագիկ  Ավետիսյանը, 56-ամյա Վարուժան Սարգսյանը, վիրավորվել 46-ամյա բնակիչ Արգամ Անտոնյանը եւ  57-ամյա Ռոբերտ Համբարձումյանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ  ՔՕ-ի 157-րդ հոդվածի  2-րդ մասի հատկանիշներով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը): 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում գրանցվել է «Ինտերնետ-Կուսակցությունը»’
Հաջորդ հոդվածը‘Անտոնիո Կոնտե. Ապշած եմ Կասանոյի խոսքից’