‘
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ հրաժարական է տվել իրեն պաշտպանելու նկատառումով, սակայն մի քանի օրից կվերադառնա տուն:
Սաուդյան Արաբիայում գտնվող Հարիրին Future TV հեռուստատեսությամբ հայտարարել է, որ, հակառակ տարածված ենթադրությունների՝ ինքը լիակատար կերպով օգտվում է ազատ տեղաշարժի իրավունքից և շուտով կվերադառնա Լիբանան:
Մեկ շաբաթ առաջ Հարիրին բոլորի համար անակնկալ մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղից էլ հայտարարել է իր հրաժարականի մասին: Լիբանանի նախագահը, լիբանանցի քաղաքական գործիչներից ոմանք և դիտորդներից շատերը ենթադրել էին, թե Հարիրիին իր կամքին հակառակ են պահում Էր-Ռիյադում, և Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը դժգոհ է Լիբանանում տիրող իրավիճակից, որտեղ ուժեղացել են Իրանից աջակցություն ստացող «Հեզբոլլահ» շարժման դիրքերը:
Սա հրաժարականի մասին հայտարարությունից հետո Հարիրիի առաջին հարցազրույցն էր: Նրա հրաժարականի հայտարարությունը ցնցել էր ոչ միայն Լիբանանը, այլև ողջ տարածաշրջանը:
Լիբանանը բազմիցս դարձել է տարածաշրջանային խոշոր ուժերի հակամարտության թատերաբեմը, և այստեղ մտավախություն ունեն, որ երկիրը կարող է ներքաշվել Սաուդյան Արաբիայի և Իրանի հակամարտության մեջ:
Հարիրին իր հարկադրական հրաժարականի ողջ մեղքը բարդել է «Հեզբոլլահի» վրա: «Ես հրաժարական եմ տվել, շատ շուտով կմեկնեմ Լիբանան և հրաժարական կտամ սահմանադրական բոլոր կանոնների համաձայն», — հայտարարել է Հարիրին Սաուդյան Արաբիայում: Նա խոստովանել է, որ իր հրաժարականն անսովոր էր, բայց պնդել է, որ ուզում է իր երկրին «դրական խթան» հաղորդել:
Փոխանցում է BBC-ն:
‘