‘
iLur.am-ն արդեն տեղեկացրել է Հարկայինի կողմից «Վան Արյան» հրատարակչատան դեմ սկսված ոտնձգությունների մասին: Շաբաթներ առաջ տպարանի տնօրեն Ավետ Պողոսյանին է զանգահարել Մառա ներկայացած մի կին եւ այցեքարտեր պատվիրել: Պողոսյանն ընդունել է պատվերը եւ զգուշացրել նրան, որ ընկերությունը վճարումներ է ընդունում բացառապես փոխանցումով՝ հաշիվ-ապրանքագրերի հիման վրա: Հաջորդ օրը տպարան է եկել Կարինե ներկայացած մի ուրիշ կին եւ հայտնել, որ Մառան խնդրել է փոխանցել այցեքարտերի ձեւը պարունակող ֆայլերն ու ծառայության դիմաց վճարի մի մասը՝ 10 հազար դրամ: Տպարանի տնօրենը կրկնել է, որ կանխիկ գումար չի կարող վերցնել, եւ որ բոլոր վճարումները կատարվում են բանկային փոխանցմամբ: Նա Կարինեի հեռախոսով զրուցել է Մառայի հետ եւ պնդել, որ տպարանը չի կարող օրենք խախտել: «Մառան ինձ խնդրել է, թե քանի որ ինքը Կարինեին այսօր չի հանդիպելու, գումարը պահել ինձ մոտ: Պայմանավորվեցինք, որ երբ երեկոյան մոտենա հաշիվ-ապրանքագրերը վերցնելու, այդ ժամանակ կվերցնի նաև գումարը: Ես հատուկ շեշտել եմ` Մառա, փաստորեն՝ Կարինեի թողած գումարը մնում է ինձ մոտ միայն քեզ երեկոյան փոխանցելու համար: Կարինեն ֆայլերը և գումարը թողել է իմ սեղանին և հեռացել», — պատմել էր Պողոսյանը:
Հետո, սակայն, երբ Կարինեն արդեն գնացել էր, տպարան են մտել երկու երիտասարդ, ներկայացել որպես Արաբկիրի հարկային տեսչության աշխատակիցներ եւ հայտնել են, որ «այցեքարտերի պատվերը» իրականում հարկայինն է կազմակերպել՝ հսկիչ գնում կատարելու միջոցով տպարանում հնարավոր խախտումներ հայտնաբերելու նպատակով:
Ու փոխանակ ընդունելու, որ հսկիչ գնումը ձախողվել է, եւ արձանագրելու, որ տպարանը աշխատում է օրենքի սահմաններում՝ հարկայինը շարունակել է «գործ սարքել» ձեռնարկատիրոջ նկատմամբ. տեսուչները պահանջել են վերադարձնել 10.000 դրամը՝ ներկայացնելով չկնքված ընդունման-հանձնման ակտ:
Հրատարակչատան տնօրենը տեսուչներին հայտնել է, որ որեւէ գնում տեղի չի ունեցել, եւ որ գումարը, պայմանավորվածության համաձայն, կհանձնի Մառային: Ընդ որում՝ Ավետ Պողոսյանը հայտնել է, որ եթե Մառան չգա փողի հետեւից, ինքը ստիպված է լինելու դիմել ոստիկանություն եւ ներկայացնելով բոլոր հեռախոսազրույցների ձայնագրությունները՝ ապացուցելու է եղելությունը:
Հարկայինի աշխատակիցները առժամանակ հեռացել էին, սակայն, գործ թխոցին շարունակվել է: Այդ ընթացքում Ավետ Պողոսյանը հարկային տեսուչների ապօրինությունների հարցով դիմել է ՀՔԾ, ՀՔԾ-ն, սակայն, դիմումը վերահասցեագրել է, եւ պատկերացրեք, ոչ այլ տեղ, քան Ֆինանսների նախարարություն, այսինքն՝ նույն ինքը՝ Հարկային: Միեւնույն ժամանակ իրենք էլ՝ հարկայինի տեսուչները, իրենց հերթին են դիմել Ֆիննախ՝ պնդելով, թե ընկերությունը իրենց «օրինական պահանջը չի կատարում»:
Բանն այն է, որ պարզ տրամաբանությունը հուշում է, որ ներկայացված հանձնարարագրի կատարման ընթացքում, բացի հանձնարարագրում նշված անձանցից, ներգրավված է այլ, առնվազն 4-րդ անձ, ինչը օրենքի կոպիտ խախտում է: Դա արդեն իսկ բավարար հիմք է ուսումնասիրությունը դադարեցնելու համար:
Արդյունքում, այդ երկու դիմումները միացվել են իրար, եւ այժմ վարույթ է իրականացվում: Հիմա՝ ամենազավեշտալին. վարույթ իրականացնելու վերաբերյալ սահմանված կարգ կա, որով նիստերը լրագրողների համար դռնբաց են համարվում, այսինքն՝ եթե լրագրողը ցանկանա դրանց մասնակցել, ապա կարող է առանց խնդիրների մասնակցել: Բայց ո՛չ այս դեպքում: Պողոսյանի եւ հարկայինի տեսուչների դիմումների քննարկմանը մեր կայքի լրագրողը երկու անգամ էլ չի կարողացել մասնակցել, չնայած որ նիստը բաց է եղել: Մեր լրագրողին երկու անգամն էլ ասել են, թե մասնակցության համար նա պետք է դիմի լրատվական ծառայություն, վերջինս էլ անընդհատ առաջարկել է նրան սպասել, ու մինչ մեր լրագրողը սպասել է, նիստը, բնականաբար, ավարտվել է: Այսինքն՝ վարույթ իրականացնող մարմինը, որը առաջինը պետք է շահագրգռված լիներ այս գործի հրապարակայնացմամբ, ցրելու համար վերջին ժամանակներս հայաստանյան լրահոսում հաճախ հանդիպող՝ գործարարների կարծիքներն ու ահազանգերն այն մասին, թե հարկայինի աշխատակիցները ապօրինի գործողություններով ակտեր են կազմում ՓՄՁ գործարարների նկատմամբ, հենց ինքն է իր գործողություններով ավելի հիմնավորում տարածված այս մտահոգությունը: Բայց քանի որ հարկայինը այսպիսի ջանասիրությամբ փորձում է ծածկադմփոց անել, ապա մնում է ենթադրել, որ ձեռնարկատիրոջ «ջեբը» հսկիչ գնում՝ «պլան» գցելու օպերացիան դեռ ավարտված չէ, ու որ հարկայինը նոր ապօրինություններ է նախապատրաստում:
Նշենք, որ iLur.am-ը շարունակելու է հետեւել այս գործին, այնքան ժամանակ, քանի դեռ հարկայինի աշխատակիցները չհասկանան, որ նմանօրինակ հարձակումներով վնասում են, առաջին հերթին, հենց իրենց գերատեսչությանը՝ հասարակության շրջանում 0-ի հավասարեցնելով նրա՝ առանց այն էլ գոյություն չունեցող վստահության վարկանիշը:
‘