‘Հարկայինը սահմանամերձ Ճամբարակում ՓՄՁ-երից կամայական գումարներ է պահանջում’

1657

Հարկային ծառայության Սեւանի տարածքային բաժանմունքը, անտեսելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրահանգները՝ «ասպատակություններ» է ձեռնարկել իր իրավասության ներքո գտնվող տարածքների փոքր եւ միջին ձեռնարկությունների դեմ:

iLur.am-ի հետ զրույցում Ճամբարակ քաղաքի բնակիչ Սողոմոն Երիցյանը տեղեկացրեց, որ Սեւանի հարկայինի պետն ու տեղակալը օրերս ժամանել են Ճամբարակ, իրենց մոտ հրավիրել ձեռնարկատերերին եւ պահանջել շահութահարկի վճարումներ կատարել:

Մթերային խանութի սեփականատեր Երիցյաններից պահանջել են  մինչեւ ամսվա վերջ նույնքան շահութահարկ վճարել, որքան նախորդ տարի նույն ժամանակահատվածում են վճարել: Ընդ որում, շահութահարկը, համաձայն օրենքի, հաշվարկվում է տնտեսվարողի գրանցած շրջանառության ծավալից, իսկ Սեւանի հարկայինի աշխաատողները, փաստորեն, հաստատագրված գումար են պահանջել:

«Իրենց ասացի, որ օրենքը անցած տարվա վրա փոխվել է, [շահութահարկի] 3,5 տոկոսը դարձել է 1,5 տոկոս, բացի դրանից՝ առեւտուրն ահագին պակասել է, էդքան գումար չեմ կարող վճարել: Ասացին՝ չես կարող, մենք էլ ստուգում կուղարկենք մոտդ, ստուգումն էլ հո օրենքով արգելված չի՞», — պատմեց մեր զրուցակիցը:

Երիցյանը հարկային տեսուչներին հիշեցրել է,  որ Հովիկ Աբրահամյանը վերջերս հրահանգել է մինչեւ 2015-ի փետրվար ՓՄՁ-երում հարկային ստուգումներ չանցկացնել, ինչին Սեւանի հարկայինի պետը պատասխանել է, որ վարչապետի ասածներից ինքը տեղյակ չէ:

Հաջորդ օրը Երիցյանների խանութ Հարկայինից նախարարության թույլտվությամբ «ստուգում է եկել», պահանջել են գույքագրում եւ չափագրում կատարել եւ տվյալները, այդ թվում՝ խանութում վաճառվող ապրանքների ծագման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացնել ֆինանսների նախարարություն:

«Նրանց ասացի՝ դուք էլ գիտեք, որ ես այս ընթացքում բարեխիղճ հարկատու եմ եղել, հիմա՝ վարչապետի ասածը ձեզ համար հեչ բան ա՞: Հիմա ես էս եղանակին գործը թողած, Նոր տարվա առեւտուրը թողած, նստեմ՝ գույքագրում անե՞մ», — պատմեց Երիցյանը:

Մեր զրուցակիցը դժգոհում է, որ սահմանամերձ ու փոքրաթիվ բնակչություն ունեցող Ճամբարակում էլ իշխանությունը չի թողնում մարդկանց իրենց գործով տուն պահեն:

«Մի կողմից՝ ԱԺ-ը սահմանամերձ համայնքներին օգնելու մասին օրենք է ընդունում, մյուս կողմից՝ հարկայինի ստուգում են ուղարկում էս տոնական օրերին: Հավատալով վարչապետին՝ փողը չվճարեցի, որ իմանայի էդպես է, վրաս ստուգում է գալու, կվճարեի, մենակ թե թողնեն հանգիստ աշխատենք:

 

Նախորդ հոդվածը‘Մարկեդոնով. Ղրիմի` Ռուսաստանի կազմի մեջ մտնելը խաչ դրեց ԱՊՀ վրա’
Հաջորդ հոդվածը‘2015-ն ակտիվ աշխատանքի տարի կլինի՞ հայ կինեմատոգրաֆիստների համար’