‘Հարձակում Լոնդոնում’

1232

Հունիսի 4-ին՝ շաբաթ օրը երեկոյան, բրիտանական մայրաքաղաքի  կենտրոնում՝ Լոնդոնյան կամրջի վրա, մեծ արագությամբ ընթացող ֆուրգոնը բարձրացել է մայթ և վրաերթի ենթարկել մի քանի հետիոտնի: Ապա մեքենան անցել է կամուրջը և կանգ առել կամրջի հարևանությամբ գտնվող  Բորոու-մարկետի մոտ: Մենքենայից դուրս են ցատկել տղամարդիկ ու դանակով հարձակվել անցորդների վրա:

Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է առնվազն յոթ հոգի, տասնյակ մարդիկ, այդ թվում՝ ոստիկանության չորս աշխատակիցներ, վնասվածքներ են ստսցել: Զոհերի թվում կա երկու օտարերկրացի՝ Ֆրանսիայի և Կանադայի քաղաքացիներ:

Ոստիկանությունը հաղորդել է, որ հարձակվողները երեքն են եղել, բոլորն էլ սպանվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: Հետաքննությունը պարզել է նրանց ինքնությունը, սակայն դեռևս անունները չեն հրապարակվում: Հաղորդվել է նաև, որ հետաքննության ընթացքում ձերբակալվել է 12 հոգի:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը: Այդ մասին հայտարարությունը ջիհադիստները տարածել են իրենց հետ կապ ունեցող «Ամակ» լրատվական գործակալության միջոցով:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դատապարտել է հարձակումը և հայտարարել, որ ահաբեկչության դեմ պայքարում ժամանակն է ասելու՝ «Բավական է՝ նշանակում է բավական է»: Նա նաև պնդել է, որ բրիտանական խորհրդարանի ընտրությունները չեն հետաձգվի և տեղի կունենան նախատեսված օրը՝ հունիսի 8-ին:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘WhoScored. Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան.Պատերազմի ուրվականն ու ուրանի «տեսիլքը»’