‘Հարձակում Ուագադուգուի հյուրանոցի վրա. 20 զոհ’

1298

Բուրկինա-Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուի չորսաստղանի Splendid հյուրանոցը, որտեղ սովորաբար արևմտյան երկրներից ժամանած զբոսաշրջիկներն են հանգրվանում, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի աշխատակիցներ են ապրում, ուրբաթ ուշ երեկոյան ենթարկվել է հարձակման: Ականատեսների վկայությամբ՝ նախ շենքի մոտ երկու ավտոմեքենա է պայթել, ապա դիմակավորված անձինք գրոհել են շենքը և գրավել այն՝ չնայած պահակախմբի դիմադրությանը:

Հարձակվողները նաև ներխուժել են հյուրանոցի հարևանությամբ գտնվող Cappuccino սրճարան, որն արտասահմանցիների սիրված վայրն է, և ինչպես մատուցողներից մեկն է հաղորդել France-Presse-ի թղթակցին, գնդակահարել են մի քանի հոգու:

Հյուրանոցի գրավումից հինգ ժամ անց սկսվել է գրոհը շենքի վրա, արդյունքում՝ շենքն այրվել է:

Հաջողվել է փրկել 63 պատանդի, նրանցից 33-ը վիրավոր են եղել: Պատանդների թվում է եղել նաև Բուրկինա-Ֆասոյի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարը:

«Կան զոհեր, բայց մենք առայժմ ստույգ տվյալներ չունենք», France-Presse-ին ասել է երկրի տեղեկատվության նախարար Ռեմի Դանջինուն: Մինչդեռ Ուագադուգուի համալսարանական հիվանդանոցի տնօրենն ավելի վաղ Reuters-ին հաղորդել է, որ զոհվել է առնվազն 20 մարդ: Զոհերի և վիրավորների ազգային պատկանելության մասին ոչինչ չի հաղորդվել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հավանաբար՝ այսօր կհանվեն Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» 0-1․ Ռունիի միակ գոլը հաղթական էր (տեսանյութ)’