‘Հարություն Մարության. Շարժման առանձնահատկությունը նրա համաժողովրդական լինելն էր’

1664

Պատմաբան, ազգագրագեետ Հարություն Մարությանը Ազատության հրապարակում ներկայացրեց Արցախյան շարժմանը բնորոշ մի շարք գծեր:

Նա ասաց, որ 80-ականների վերջին Արեւելյան Եվրոպայի երկրներում մեկնարկեցին ժողովրդավարական շարժումներ, քանդվեց Բեռլինի պատը, որը խորհրդանշական բաժանարար գիծ էր Արեւմուտքի եւ կոմունիստական Արեւելքի միջեւ: Կազմալուծվեց սոցիալիստական ճամբարը, եւս երկու տարի անց փլուզվեց ԽՍՀՄ-ը, ու այդպիսով Մարքսի ու Էնգելսի օրերից Եվրոպայում թափառող կոմունիզմի ուրվականը անհետացավ:

Այդ տարիներին հզորագույն շարժում սկսվեց ԽՍՀՄ ամենափոքր տարածքով երկրում՝ Հայաստանում: Ըստ Մարությանի, թեեւ կա մոտեցում, որ Ղարաբաղյան շարժումը հայերի եւ ադրբեջանցիների միջեւ էթնո-տարածքային վեճ էր, բայց այն առաջին հերթին արեւելաեվրոպական ժողովրդավարական շարժումների առաջնեկն է, եւ որպես այդպիսին մեծ դեր է խաղացել խորհրդային հասարակության ժողովրդավարացման եւ կոմունիստական հասարակարգի ապամոնտաժման գործում:

Ըստ պատմաբանի, շարժման բուն պրոբլեմը՝ Ղարաբաղի ինքնորոշումը, լինելով քաղաքական խնդիր, հաճախ լոկ հետնախորք էր ծառայում Հայաստանի հասարակությանը հուզող այլ խնդիրների լուծման համար: Աստիճանաբար պարզ էր դառնում, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը կարող է իրագործվել միայն ժողովրդավարական վերափոխումների արդյունքում: Շարժման հիմնական առանձնահատկությունը նրա համաժողովրդական լինելն էր: Միակ խավը, որը այս կամ այն կերպ ընդդիմանում էր զարգացումներին, ՀԿԿ բյուրոկրատական վերնախավն էր: Շարժման համաժողովրդական լինելու կարեւոր ցուցիչներից էին մի քանի հարյուր հազար մարդու մասնակցությամբ հանրահավաքներն ու երթերը, Ղարաբաղ կոմիտեի՝ 1988-ի մարտից ի վեր ձեւավորված բջիջները: Այս նորաստեղծ մարմինները կարճ ժամանակում կարողացան իրենց ձեռքը վերցնել հասարակական ակտիվության կազմակերպման եւ ուղղորդման գործը:  Ուշագրավ էին նաեւ պատկերագրական նյութի՝ պլակատների, տրանսպարանտների առատությունն ու թեմաների եւ ոճերի բազմազանությունը, ինչը խոսում էր շարժման բազմակարծության բարձր աստիճանի մասին: Ուսումնասիրողների առաջ վեր է հառնում բազմադեմ, աստիճանաբար ազատականացող մտածողության տեր, բայց եւ կարեւոր  հարցերում միակամ մարդկանց ամբողջությունը:

Շարժումը, ի տարբերություն վերակառուցման տարիների շատ երեւույթների, սկզբից ի վեր ուղղորդվում էր ներքեւից, ինչի պատճառով անընդհատ ենթարկվում էր ԽՍՀՄ ղեկավարության հարվածներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Վահրամ Թոքմաջյան. Հայաստանի իշխանությունը լավ է սերտել Հիտլերի պատգամը’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Շարժումը հավատ սերմանեց սեփական ուժերի նկատմամբ’