Հարութ Ուլոյան․ Փաշինյանական ոչմիթիզական քարոզչամեքենան. Մաս 1

1051

Շատերը հընթացս, առավել ևս՝ 44-օրյա պատերազմից հետո, որպես պատերազմի հրահրման պատճառներ նշում են փաշինյանական իշխանությունների կողմից հրապարակ նետված «Արցախը Հայաստան է, և վերջ», «Աղդամը մեր հայրենիքն է», «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ», «Ազատագրված տարածքներում նոր բնակավայրեր», «Մեր պարտքն է հիշել Սևրի պայմանագիրը» տիպի ոչմիթիզական հայտարարություններն ու նախաձեռնությունները: Սրանք, իհարկե, կարևոր նկատառումներ են, սակայն կատարվածի ամբողջական գաղափարա-քարոզչական պատկերն ընկալելու առումով՝ ընդամենը դետալներ են: Իսկ պատկերն ընկալելու համար հարկավոր է ընդհանրական կերպով անդրադառնալ իշխանությունների և նրանց վերլուծական արբանյակների կողմից իրականացվող գաղափարա-քարոզչական պրոպագանդային, որն իրականացվում էր թե´ նախապատերազմական շրջանում, թե´, հատկապես, պատերազմի օրերին:

Քարոզչական արբանյակներն, իհարկե, պատահական մարդիկ չէին: Նրանք միմյանց «թիկունքները պահող», կանոնակարգված քարոզչություն իրականացնող կոնկրետ մարդիկ էին: Նրանք նույնիսկ համեստաբար հայտարարում էին, թե իրենք են ինֆորմացիա տվողն ու վերլուծողը: Ավելին, հեգնում էին, թե իրենցից շատ ոչ ոք իրավունք չունի հասարակությանը տեղեկություններ տրամադրել:

Սեփական պատասխանատվությունն ու մեղավորությունը քողարկելուն ուղղված իշխանական պրոպագանդան պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի թեմաների, սակայն դրանք միմյանց փոխլրացնող ամբողջություն են կազմում:

Նախապատերազմական քարոզչություն

2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո փաշինյանական իշխանությունները, ըստ էության, Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ոչ միայն կառուցողականություն չդրսևորեցին, այլև՝ նախկինում իրենց իսկ կողմից հնչեցված ծայրահեղական տրամադրությունները հրապարակայնորեն դարձրին պաշտոնական դիրքորոշումներ:

— Հաջողությունների հիմքում դրվեց կամքն ու հավատը;

— Հրապարակայնորեն, ամենաբարձր մակարդակներից, մերժվեց որպես ժառանգություն ընդունել նախկին «բանակցային տրամաբանությունը»;

— Հրապարակվեց իրենց կողմից առաջ քաշված «Մյունխենյան 6 սկզբունքները». Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը [այսինքն` Ղարաբաղի կարգավիճակի հարց էր դրվում]; Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է; Չկան տարածքներ, կա անվտանգություն. Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը (այսինքն` տարածք չի կարող զիջել); Բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո» և «մինի հեղափոխություններ»; Հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար; Եթե հարցը ռազմական լուծում ունի, ուրեմն այն վաղուց լուծված է [16.02.2020]։

— Սկսեցին քարոզել, որ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցն ընդամենը «սեփական իշխանությունն ու բռնատիրական համակարգը պահպանելու միջոց է» [26.09.2020], ավելին, որ սահմանային լարվածություններն ընդամենը կապված են նավթի գների անկման հետ [21.07.2020];

— Պնդում էին, որ Թուրքիայի գործոնը կեղծ ակնկալիքներ է ստեղծում Ադրբեջանի մոտ, որ 2018 թվականից սկսած իրենք, այսինքն՝ փաշինյանական իշխանությունները, «խոշորացույցի տակ» են պահում ու «խորությամբ են հետազոտում» Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումները;

— 2020 թվականի հուլիսյան տավուշյան դեպքերը մեկնաբանում էին որպես «Ալիևի արկածախնդրության արդյունք»: Գրանցված «հաղթանակը» ներկայացվում էր որպես ապացույց առ այն, որ Հայաստանն ընդունակ է «սեփական անվտանգության մարտահրավերներն ինքնուրույն լուծել» [այսինքն՝ ուղերձ էր հղվում Մինսկի խմբի պլանում ամրագրված խաղաղապահ առաքելության դրույթի դեմ], ըստ այդմ, եզրակացվում էր, որ Ադրբեջանը «պիտի դադարի սպառնալիքի լեզվով խոսել» և «պիտի անխուսափելիորեն որդեգրի կառուցողական մոտեցումներ»: «Շատերին թվում է, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը», — հայտարարվում էր ամենաբարձր մակարդակներից [28.08; 05.09.2020]:

«Հուլիսյան հաղթանակը», ըստ էության, որոշիչ դեր է խաղացել իշխանությունների «ինքնավստահության» ամրապնդման և Մինսկի խմբի պլանն է՛լ ավելի վճռականորեն մերժելու համար: Հրապարակայնորեն էլ խոստովանում էին, որ «հուլիսյան մարտերը էական ազդեցություն ունեցան իրադրության գնահատականի վրա» [04.01.2021]:

«Աննախադեպ հուլիսյան հաղթանակների» առթիվ իշխանությունների հայտարարություններից ակնհայտ է դառնում, թե ինչ մակարդակի արկածախնդրական ճանապարհ էին ընտրել նրանք: Նույնիսկ համաշխարհային տեխնոլոգիաների բնագավառում պատվավոր տեղ զբաղեցնելու հայտ էին ներկայացնում:

«Այսօր, ըստ էության, ապացուցեցինք, որ Հայաստանն ի վիճակի է առանց հյուծող սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու, ինտելեկտուալ աշխատանքով, մարտավարական և ռազմավարական նորարարություններով ապահովելու ռազմական առավելություն: Հուլիսյան հաղթական մարտերն ի ցույց դրեցին հայկական ռազմարդյունաբերության բարձր արդյունավետությունը եւ ապացուցեցին, որ մենք ունենք տեխնոլոգիական համաշխարհային քարտեզի վրա մեր պատվավոր և կայուն տեղն արձանագրելու հնարավորություն: Հուլիսյան հաղթական մարտերի ընթացքում մեր Զինված ուժերի կողմից խոցվեցին բարձր տեխնոլոգիական զինատեսակներ, որոնք մինչ այդ համարվում էին անխոցելի: Սա բոլորին հայտնի տեղեկատվություն է, բայց քչերը գիտեն, որ այդ զինատեսակները խոցվել են հայկական արտադրության և Հայաստանում արդիականացում անցած զինատեսակների փոխգործակցության արդյունքում» [28.08.2020]:

44-օրյա պատերազմի ավարտից հետո, արդեն, այս նույն մարդիկ հայտարարում էին, թե Հայաստանում շատերը, այդ թվում՝ իրենք, նախապես են իմացել սպասվող պատերազմի մասին, և որ նախապես աշխարհից եկող ազդակները ճիշտ չեն գնահատել:

Իրողություններից կտրված արկածախնդրական նպատակադրումներ

Պատերազմի առաջին օրերին իշխանությունները շարունակում էին հակադրվել աշխարհաքաղաքական իրողություններին ու «բանակցային տրամաբանությանը»՝ առաջ քաշելով սեփական ցանկությունները:

— Իշխանությունները միջազգային հարթակներում ոչ թե Հայաստանը կառուցողական դաշտ տեղափոխելու ճկունություն էին դրսևորում կամ Մինսկի խմբի առաջարկներին հավանություն տալու պատրաստակամություն էին հայտնում, այլ, ընդհակառակը, շատ ավելի կատաղի հռետորաբանությամբ էին մերժում այդ առաջարկները: Երկար-բարակ աշխարհաքաղաքական վերլուծություններ էին արվում, շարադրվում էին Արցախի հայկական անցյալն ու պատմական զարգացումները: Շարունակաբար թմբկահարվում էր այն «աննախադեպ» թեզը, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

— Արցախը հռչակվում էր «համաշխարհային արդարության խորհրդանիշ»;

— Հայտարարվում էր, որ պատերազմի արդյունքում Արցախի հարցը պետք է վերջնականապես լուծվի. «Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը», «Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման լեգիտիմ իրավունքը», «Պետք է հասնենք մեզ համար ցանկալի դիվանագիտական լուծման»:

— Քարոզվում էր, որ «Այս պատերազմը Ղարաբաղի համար չէ ու ոչ էլ տարածքների համար է», «Հայ ժողովուրդը կռվում է ոչ միայն սեփական անվտանգության, այլև՝ տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության համար», «Պատերազմի նպատակը Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը խլելն է»,  «Այս պատերազմով ցանկանում են հայ ժողովրդին կրկին զրկել սեփական իշխանություններին ընտրելու իրավունքից»:

— Պատերազմի նպատակ էր հռչակվում ոչ միայն Թուրքիան, այլև՝ Ռուսաստանը տարածաշրջանից  դուրս շպրտելը:

— Պաշտոնապես որպես զինադադարի նախապայման նշվում էին հետևյալ դիրքորոշումները. «Թուրքիան պետք է դուրս գա Հարավային Կովկասից»; «Ահաբեկչական խմբերը պետք է անվերապահ կապիտուլյացիայի ենթարկվեն» [02;07.10.2020]:

— Կատաղի պայքար է սկսվում բանակցային հիմնասյունը հանդիսացող խաղաղապահ առաքելության գաղափարի դեմ:

Տարիներ շարունակ կարծիք կար, որ ոչմիթիզականության քարոզիչների հիմնական  սկզբունքը հենց «ոչ մի թիզ հող» չվերադարձնելն է, այնինչ պատերազմի ընթացում, հընթացս, իշխանական քարոզչամեքենան արեց ամեն ինչ, որպեսզի ոչմիթիզականությունը «լղոզվի» խաղաղապահ առաքելության գաղափարի դեմ սանձազերծված քարոզչության մեջ: Տարատեսակ մանիպուլյացիաների արդյունքում այնպիսի մթնոլորտ ստեղծվեց, որ շատերի ընկալումներում ողջ արցախյան հիմնախնդիրը հավասարեցվեց խաղաղապահ առաքելության դեմ պայքարին:

Պաշտոնական մակարդակներում խաղաղապահների, ապա և կոնկրետ ռուս խաղաղապահների հնարավոր տեղակայման վերաբերյալ հարցադրումները նախ քողարկվում էին՝ հարցն ուղղելով «Մինսկի խմբի համանախագահության շրջանակներ» [03.10], ապա մեկնաբանվում որպես «առանձին դետալ» [07.10], իսկ հոկտեմբերի վերջին տասնօրյակից ներկայացվում որպես «փոխզիջումային տարբերակ» [22.10.2020]: Ավելին, պատերազմի առաջին օրերին պաշտոնյաների կողմից շրջանառության մեջ էր դրվել նաև «խաղաղապահը հայ զինվորն է» կարգախոսը [30.09.2020]:

Ոչ պաշտոնական մակարդակներում քարոզչամեքենան շատ ավելի բացահայտ ու կատաղի էր գործում: Պատերազմի առաջին իսկ օրերից ուղղակիորեն քարոզվում էր, որ պատերազմի նպատակն այն է, որ Հայաստանը «աղերսի մեծ եղբորը», որպեսզի վերջինս խաղաղապահներ ուղարկի տարածաշրջան: Այս թեզը ներկայացվում էր որպես Ռուսաստանի կողմից նետված մարտահրավեր ու վերջնագիր, ինչին հայ ազգն ամեն գնով պետք է հակադրվի: ԱՄԵՆ ԳՆՈՎ:  Բացահայտ քարոզվում էր նաև, որ պատերազմում Ադրբեջանը, Թուրքիան ու Ռուսաստանը միացյալ են գործում Հայաստանի դեմ:

Քարզոչամեքենան փորձում էր համոզել, թե իրենք պայքարում են խաղաղապահ առաքելության դեմ` որպես գաղափար (այսինքն` փորձում էին, իբր, հասկացել, թե իրենք դեմ են ցանկացած երկրի կողմից նման առաքելությանը), սակայն, հընթացս, պարբերաբար չէին կարողանում զսպել իրենց և բացահայտ դեմ էին արտահայտվում կոնկրետ ռուս խաղաղապահների առաքելության դեմ: Պատերազմի վերջին օրերին ու պատերազմից հետո, արդեն, «պարզվեց», որ նրանք այդքան էլ դեմ չեն խաղաղապահների գաղափարին, քանի որ օր ու գիշեր սկսեցին բողոքել, թե ինչու չի ընդունվել սկանդինավյան խաղաղապահների գաղափարը (շատ լավ հասկանալով, որ առաջ քաշված այդ գաղափարն իրականում միֆ է):

Պատերազմից հետո պաշտոնապես հայտարարվեց նաև, որ Ռուսաստանում վերջին 4-5 տարիներին «դիրքորոշումների ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել»: Բացահայտ խոսվեց այն մասին, որ դեռևս 2015 թվականին է վերջնականորեն հստակեցվել վերջին տարիներին հայտնի պլանը, այդ թվում` կոնկրետ ռուս խաղաղապահների տեղակայման գաղափարը: Իսկ տարածքների վերադարձի և Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցն ապագային թողնելու վերաբերյալ ձևավորված է եղել միջազգային կոնսենսուս: Հրապարակայնորեն ընունեցին նաև, որ «Բոլոր համանախագահները համակերպվել են այս մտքի հետ, և ռուսական առաջարկները, ըստ էության, համանախագահության առաջարկներն են» [04.01.2021]:

Շարունակելի

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Թե ինչ է պատահում, երբ «հաղթում են» տխմարները
Հաջորդ հոդվածըՇեւչենկոն՝ «Ոսկե գնդակի» հնարավոր դափնեկրի եւ «Ռոմայի» հետ առաջիկա դիմակայության մասին