Հարութ Ուլոյան․ Փաշինյանի երեկվա գրառման առթիվ

625

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է․

«Երեկվա գրառման մեջ Փաշինյանը հայտարարում է, թե 2018 թվականին իշխանությունը ստանձնելու պահից սկսած «ոմանք» արդեն իսկ քարոզում էին, որ փաշինյանական իշխանությունը շուտով հանձնելու է հողերը: Նման քարոզչության նպատակը Փաշինյանը մեկնաբանում է հետևյալ կերպ.

«Եթե/երբ գա Արցախի ու Հայաստանի շահերը զենքով պաշտպանելու ժամանակը՝ արժանահավատ հնչի միտքը, թե կռիվն ու պայքարն անիմաստ են, ամեն ինչ վերեւներում պայմանավորված է, «հողերը հանձնած են», եւ այս թեզերի միջոցով երկրի դիմադրողականությունը, զինվորի մոտիվացիան ու կամքը կոտրվի: Իսկ մինչ հնարավոր պատերազմը՝ թուլանա երկրի դիրքը բանակցային սեղանի շուրջ»:

Իրականում Փաշինյանի՝ նման մեկնաբանությունը վերջինիս հերթական էժանագին մանիպուլյացիաներից ու պատմության խեղաթյուրման օրինակներից է, ոչ ավելին:

Այո, 2018 թվականին վարչապետի պաշտոնում Փաշինյանի հայտնվելու օրվանից սկսած (իրականում` մի փոքր ավելի վաղ), «ոմանք» (քոչարյանա-սերժա-դաշնակցական ուժերը) սկսեցին տարատեսակ միջոցներով քարոզել, որ Փաշինյանը շուտով «հանձնելու է հողերը»: Սա ճշմարտություն է: Այս հարցի վերաբերյալ երկրորդ կարծիք լինել չի կարող: Սակայն այդ ուժերը նման քարոզչություն իրականացնում էին ոչ թե այն նպատակադրումով, թե երբ պատերազմ լինի, արդեն արմատացած կլինեն Փաշինյանի կողմից հողերը հանձնելու շշուկները` դրանից բխող հետևանքներով, այլ` բացարձակապես այլ նպատակադրումով:

Նրանց պատկերացմամբ` Փաշինյանը փորձելու էր որդեգրել ղարաբաղյան հակամարտությունը փոխզիջումներով լուծելու քաղաքականություն` Մինսկի խմբի առաջ քաշած խաղաղարար պլանի շրջանակներում (այսինքն` «հողերը տալու է» պնդումները տեղավորվում էին բացառապես տվյալ տիրույթում): Նման պատկերացմանը հիմք էին ծառայում սկզբնական շրջանում Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների վերաբերյալ պաշտոնական ու ոչ պաշտոնական խոսակցությունները, սահմանային լարվածության կտրուկ նվազումը, տարբեր կողմերից հնչող լավատեսական գնահատականները:

Նույնիսկ երբ արդեն ակնհայտ էր, որ Փաշինյանը լրիվ այլ ուղիով է առաջ շարժվում, երբ վերջինս հրապարակայնորեն մերժում էր Մինսկի խմբի առաջարկները, այդ ուժերը, շարունակաբար հղում անելով տարբեր արտասահմանյան պաշտոնյաների հայտարարություններին, պնդում էին, որ Փաշինյանը ստում է ու իրենց կողմից մերժվող փուլային տարբերակ է բանակցում:

Այդ ուժերը նույնիսկ հանրահավաք կազմակերպեցին «Զարգանալու ենք չզիջելով. Լրջացեք» խորագրով: Ավելին, հանրահավաքում էլ ծածանում էին «Արցախը Հայաստան է» կարգախոսով պաստառներ:

Շատ լավ պատկերացում ունենալով բանակցային սեղանին դրված պլանի բովանդակության մասին՝ այդ ուժերը փորձում էին Փաշինյանին վանդակի մեջ տեղավորել: Վանդակից դուրս գալու համար վերջինս կամ պետք է ստիպված լիներ մերժել բանակցություններն ու հրաժարական տալ, կամ պետք է հրապարակայնորեն ընդուներ պլանը, որի դեպքում այդ ուժերը պետք է մոբիլիզացնեին ոչմիթիզական տրամադրություններով հպարտացող հասարակությանն ու հայտարարեին` «տեսաք, որ ասում էինք` ուզում է հողերը տա»:

Իրավիճակը, սակայն, զարգացավ լրիվ այլ ուղղությամբ: Փաշինյանը ոչ միայն մերժեց բանակցված պլանն ու հրաժարական չտվեց, ոչ միայն որդեգրեց ոչմիթիզական քաղաքականություն, այլև ավելի հեռուն գնաց. ձեռնոց նետեց միջազգային հանրությանն ու պատերազմի սպառնալիքին: Ըստ էության, այն, ինչ պահանջում էին քոչարյանա-սերժա-դաշնակցական ուժերը (ընթացքում նաև սեֆիլյանականներն ու այլք) Փաշինյանից, նա մի բան էլ ավել իրագործեց:

Հ.Գ. Ի դեպ, «հողեր հանձնելու» մեղադրանքից կոմպլեքսավորվող Փաշինյանը թող նախևառաջ խոսի այն մասին, թե ինչպես էր 2016-2017 թվականներին հայտարարում, թե Լևոնը Սերժի հետ դաշինք է կազմել, որ այդ պլանն իրագործի: Ներկայիս «հողեր հանձնելու» վերաբերյալ իր մեկնաբանությունները բա չեն տարածվո՞ւմ այդ ժամանակահատվածի վրա:  

Նախորդ հոդվածըԱՄՆ դեսպանատունը հրապարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Սպիտակ տուն այցելության լուսանկարը
Հաջորդ հոդվածըՓարիզ․ Պղծվել է Դիմադրության հերոսների հուշարձանը