Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրել է.
«1․ Այն, ինչ տեղի ունեցավ 2020 և 2023 թթ․-ից հետո, կամ այն, որ Ղարաբաղը հետ չես բերի, այդ ամենը որևէ հիմք չէ Ղարաբաղյան շարժումն ուրանալու համար։ Բայց այդ ամենը չի կարող խանգարել՝ գնահատականներ հնչեցնել տարիներ շարունակ ընթացող զարգացումների, ավելի կոնկրետ՝ 2020-2023 թթ․-ի իրադարձությունների վերաբերյալ։
Անկախ տարատեսակ «օբյեկտիվ» հանգամանքներից, անկախ նրանից, թե Ղարաբաղի հարցը փակված է, թե ոչ, կամ՝ անկախ նրանից, որ Փաշինյանին փոխարինող որևէ իշխանություն Ղարաբաղը չի վերադարձնելու, Փաշինյանն իր կանխորոշիչ պատասխանատվությունն ու մեղավորությունն է կրում այդ զարգացումների վերաբերյալ։ Ու նման աղետներից հետո նա ոչ միայն բարոյական, ալև՝ հենց քաղաքական առումով, որևէ վստահություն չի կարող ունենալ Հայաստանի ապագան կանխորոշելու հարցում։ Ու դա անկախ այն հանգամանքից, թե նրա օգտին քանի քվե կգրանցեն։
2․ Անկախ այն հանգամանքից, թե ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրն ինչ մակարդակով է ստորագրվել, անկախ նրանից, որ հաջորդ իշխանությունն էլ չի կարողանալու շրջանցել կամ չեղարկել այդ համաձայնագիրը, անկախ նրանից, թե որքան զգուշավոր պետք է վերաբերվել նման համաձայնագրերին, դա չի խանգարում իրերն իրենց անունով կոչելուն։
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ փաստաթղթերը գեղեցիկ փաթեթավորմամբ, Հայաստանի տարածքով ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ Ադրբեջան-Նախիջևան ԱՆԽՈՉԸՆԴՈՏ կապի պահանջը լեգիտիմացնող համաձայնագրեր են, որոնցով նաև նախատեսվող տարածքը տնօրինող ընկերությանը տասնյակ տարիների կտրվածքով տրված են բացառիկ իրավունքներ՝ այդ տարածքում գործունեություն ծավալելու և որոշումներ ընդունելու համար։
Հիմա դուք կարող եք թռչել վերև, իջնել ցած, կարող եք զուտ պոլիտկոռեկտություն դրսևորել ԱՄՆ-ի նկատմամբ, կարող եք ձեր տեսլականում ունենալ այն հեռանկարը, որ ԹՐԻՓՓ-ը, այնուամենայնիվ, չի իրագործվելու, կարող եք հավատալ, որ ռուսները կամ Իրանը ինչ-որ պահից կկասեցնեն այդ ծրագիրը, կարող եք դրա անունը դնել ոչ թե «միջանցք» այլ «ճանապարհ», «ուղի» կամ ինչ ուզում եք, բայց դրանից ո՛չ այդ համաձայնագրերի բովանդակությունն է փոխվում, ո՛չ Թուրքիայի ու Ադրբեջանի ակնկալիքները, ո՛չ դրա միակողմանի բնույթը, ո՛չ անխոչընդոտ լինելը, ու ոչ էլ այն, թե ինչպես էին ամիսներ շարունակ մեզ կամ ձեզ համոզում, թե այդ համաձայնագրերի տակ փոխադարձության սկզբունքն է, իբր, ամրագրված, և տրամադրվող «առավելություններն» այդ սկզբունքի հիման վրա են ձևավորվելու»։
