Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է.
«ՀՅԴ բիւրօյի ներկայացուցիչ Կիրո Մանոյանի հարցազրույցից («Ազատություն»).
«Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, որը նպատակ էր հետապնդում Հայաստանին ծնկի բերել, չհաջողվեց իրականում»:
Մարդ արդեն չի կարողանում երևակայել, թե էս մարդկանց ցնդաբանական գաղափարների, պոպուլիզմի, արկածախնդրությունների պատճառով, էս մարդկանց պատկերացումներում Հայաստանի հետ էլ ինչ պիտի լինի, որ նրանք համարեն, որ Հայաստանը ծնկի ա եկել:
Էդ որ 98-ին կեղծ թեմա սարքեցիք, թե մենք 100 տարի էլ շրջափակման մեջ կզարգանանք; շրջափակումը վերացնել ցանկացողների դեմ հեղաշրջում իրականացրեցիք, հետո բա խի՞ էիք ամբիոնից ամբիոն ընկած բողոքում ու աշխարհից պահանջում, որ Թուրքիայի դեմ ճնշում գործադրի, որպեսզի վերջինս վերջ տա «Հայաստանի ապօրինի շրջափակմանը»:
Մարդիկ, ովքեր 98-ին հեղաշրջում իրականացրեցին նաև էդ պատրվակները բերելով, թե մենք շրջափակման մեջ էլ կզարգանանք, նույն էդ մարդիկ իշխանության գալու հաջորդ իսկ օրվանից բողոքում էին շրջափակումից: Նույն Վազգեն Սարգսյանը, նույն Ռոբերտ Քոչարյանը, նույն Սերժ Սարգսյանը:
«Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը Ադրբեջանից վախենալու պատճառով չի, այլ` Թուրքիայի սպառնալիքի պատճառով է: Նույն Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ է տեղի ունեցել, որ ռուսական բազան այստեղ է: Լևոն Տեր-Պետրոսյանը, որ փորձում էր ամեն ինչ անել Թուրքիայի հետ [հարաբերություններ կարգավորելու համար], բայց չստացվեց, ի վերջո նա Թուրքիայից սպառնալիք տեսավ և [ռուսական ռազմաբազա տեղակայելու] բանակցություններ վարեց»:
Մանոյանն, այս դեպքում, կամ հիշողության հետ խնդիրներ ունի, կամ, պարզապես, միտումնավոր խեղաթյուրմամբ է զբաղված: Հայաստանը երբեք չի մերժել ռուսական ռազմաբազաների տեղակայումը, որ հետո էլ, իբր, փոշմաներ: Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու գործընթացը բացարձակապես կապ չի ունեցել Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման հետ: Հակառակ կարծիքները կամ միտումնավոր խեղաթյուրման կամ պրիմիտիվության ակնառու օրինակներ են: 90-ականներին վարվող պետական քաղաքականության ու ռազմաճակատում գրանցվող հաղթանակների մասին պետք է «պլինդուզի» մակարդակի պատկերացում ունենալ, որպեսզի Մանոյանի հայտնած կարծիքի նման կարծիքներ կազմել:
Ռուսական ռազմաբազաների Հայաստանից դուրս չհանելու պայմանավորվածությունները ձեռք են բերվել Հայաստանի անկախացման գործընթացին զուգահեռ: Հայտնի դարձած «Սա 20 տարի հետո կցուցադրեք» տեսանյութում (www.youtube.com/watch?v=iSPeOTbn57Y) Վազգեն Սարգսյանը հանգամանալից անդրադառնում է հենց այդ թեմային: Բառացի նշում է, որ հենց ինքը` Վազգեն Սարգսյանը, «միամտորեն» դեմ է եղել ռուսական զորքերի առկայությանը Հայաստանում, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրերն այլ են եղել. «Մեզ առնվազն ռուսական բանակի 2 գունդ պետք է: Ես ռուսական բանակը չեմ ուզում այստեղից հանեմ, դա իմ ծրագրում չկա»»: