Հարութ Ուլոյան. Հայաստանում եթե նորմալ իշխանություն լիներ, Մարտի 1-ի բոլոր պատասխանատուները՝ Քոչարյանի գլխավորությամբ, վաղուց իրենց պատիժը կկրեին

1577

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրել է.

«Կարելի էր, իհարկե, տվյալ հրապարակմանը չանդրադառնալ, բայց քանի որ նման բովանդակությամբ հրապարակումը տեղ է գտել նաև ՀՅԴ պաշտոնական լրատվականում, նշանակում է նրանք ևս համակարծիք են տվյալ դատողություններին։ Սա առօրյա՝ կենցաղային թեմա չէ, որ «չկիսեն տեղ գտած հրապարակումների կարծիքը»․․․ Անկախ քաղաքական գնահատականից, ես չեմ պատկերացնում, թե ինչ բարոյահոգեբանական կերտվածք պետք է ունենալ, որպեսզի կուսակցական էջերով տարածել այն միտքը, թե 10 զոհի և հարյուրավոր վիրավորների հանգեցրած իրադարձությունների օրը պետք է որպես «Պետականության օր» սահմանվի․․․ Ինչևէ։

Եթե ձեզ թվում է, թե, օգտվելով ընդհանուր իրավիճակից, երկուստեք՝ Նիկոլով ու Քոչարյանով հանդերձ, կարող եք Մարտի 1-ը շահարկել ամեն մեկդ ձեր ճղճիմ անձնական շահերի համար, ապա շտապեմ հիասթափեցնել. դա ձեզ չի հաջողվելու:

— Այդ օրերին տեղի ունեցող շուրջօրյա հանրահավաքների մասնակիցների կողմից որևէ ապօրինություն չի գրանցվել: Թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ Հայաստանի ՄԻՊ-ի գրասենյակը ևս այդ հանրահավաքները գնահատել են որպես խաղաղ:

— Ապացուցված փաստ է, որ բուն՝ մարտի 1-ի հանրահավաքին մասնակցել են իշխանությունների ու իրենց օլիգարխների կողմից ներդրված մոտ 1000 սադրիչ:

— Ձերբակալված ընդդիմադիրներից և քաղաքացիներից ոչ մեկին հրազեն կրելու կամ կիրառելու մեղադրանք չի ներկայացվել:

— Թալանի, գողության կամ գույքի ոչնչացման մեղադրանքով դատապարտված մի քանի տասնյակ անձանց մեջ չկար որևէ հայտնի ընդդիմադիր ակտիվիստ, կուսակցական կամ շարժման կազմակերպիչ: Ավելին, ոմանք դատարանում հայտարարել են, որ իրենք եղել են իշխանության թեկնածուի շտաբներից:

— Բախումը տեղի է ունեցել միայն այն բանից հետո, երբ ոստիկանական ու զինված ուժերը սկսել են օդ կրակելով (սկզբից) առաջանալ դեպի հանրահավաքի վայր՝ նպատակ ունենալով ցրել հանրահավաքը: Սա ուղիղ խոստովանել է բարձրաստիճան ոստիկաններից մեկը: Եվ այդ պայմաններում է, որ գործի են դրվել սադրիչների խմբերը։

Ու թե ինչ նմանություն կա եվրոպական անկարգությունների ու Մարտի 1-ի միջև, դա միայն 1996 թվականի սեպտեմբերի 25-ի ու նույն Մարտի 1-ի դեպքերը համեմատողներին է հայտնի:

Ընդհանրապես, եթե Մարտի 1-ին ընդդիմությունն ու նրա ղեկավարը ցանկանային իշխանության գալ այն մեթոդներով, ինչի մեջ նրանց մեղադրում էին/են, ապա նրանք իշխանության եկած կլինեին ու Քոչարյանի «վճռականությունը» հաստատապես իրեն չէր փրկի այդ դեպքում:

Հայաստանում եթե նորմալ իշխանություն լիներ, Մարտի 1-ն ամբողջովին դատական կարգով բացահայտված կլիներ և բոլոր պատասխանատուները՝ Քոչարյանի գլխավորությամբ, վաղուց իրենց պատիժը կկրեին կամ կրած-վերջացրած կլինեին»։

Նախորդ հոդվածըԼևոն Զուրաբյան. Գուցե Վանո Սիրադեղյանը հենց քեզ նկատի ուներ, Նիկոլ
Հաջորդ հոդվածըԱնահիտ Օհանյան. Ի՞նչ տարբերություն ձեր ու նիկոլի միջև