Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրել է.
«Գերագույն գլխավոր բլոգերը (չ՛շշկռեք) հայտարարում է, թե «1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել»:
Եթե այս հայտարարությունը մտածված մանիպուլյացիա չի, այսինքն՝ սեփական դեմքը փրկելուն միտված սուտ չի, և հեղինակն ինքն իր մեջ չի կասկածում տվյալ հայտարարության ճշմարտացի լինելուն, ապա մենք գործ ունենք Ղարաբաղյան հակամարտության պատմությունից բացարձակապես գաղափար չունեցող և քաղաքականապես տգետ անձնավորության հետ:
Այն, որ 1998 և 1999 թվականներից հետո, հընթացս, սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներից ելնելով, հայկական կողմի դիրքերը բանակցություններում թուլացել են, դա քննարկման ենթակա չի, բայց ո՛չ 1998-2018, ո՛չ էլ, առավել ևս, 1994-1998 թթ.-ին «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու» մասին խոսք չի գնացել: Այն, որ միջազգային հանրությունը, այս կամ այն ձևակերպումներով հանդերձ, ճանաչել է «տարածքային ամբողջականություն» եզրույթը, դա երբևէ չի ենթադրել, թե դրանով ճանաչվել է նաև Ադրբեջանի գերիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ:
Առհասարակ, նման պրիմիտիվ ձևակերպումներ անողն, ըստ էության, ո՛չ 90-ականների կեսին ԵԱՀԿ կողմից Ղարաբաղը հակամարտության կողմ հաստատելու որոշումների մասին պիտի տեղյակ լինի, ո՛չ Լիսաբոնի բանաձևի, ո՛չ Լիսաբոնի նկատմամբ Փուլայինի հաղթանակի, ո՛չ էլ մյուս զարգացումների: Ավելին, 2000 թվականից հետո էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններ կան այն մասին, որ «տարածքային ամբողջականության» ճանաչումն ինքնին չի նշանակում Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչել:
Մարդու լեզուն չի պտտվում ասել, բայց եթե մի օր Սյունիքի հանդեպ ռեալ սպառնալիք առաջանա, նույն գերագույն գլխավոր բլոգերը հայտարարելու է, որ դեռ 1991-92 թվականներից շրջանառվել է հայտնի Գոբլի պլանը, իսկ 1999-2001 թթ-ին էլ այն եղել է բանակցային առարկա, ուստի Սյունիքը հանձնելու բանակցությունները վաղուց են իրականացվել:
Վերջին 4 տարիների ընթացքում, կաթիլ առ կաթիլ, մանիպուլյացիոն տարատեսակ աճպարարությունների միջոցով հասարակության մի զգալի հատվածին հասցրել են մի այնպիսի իրավիճակի, երբ ցանկացած ձախողում ընկալվում է որպես ձեռքբերում, իսկ բուն կորուստը վերագրվում է «նախկիններին»:
Ընդհանրապես, բոլոր «նախկինների» սխալների հանրագումարով հանդերձ, Ղարաբաղին ու Հայաստանին չէր սպառնալու այն, ինչ տեղի ունեցավ 2020-2023թթ-ին, ու շարունակվում է մինչ օրս: Ղարաբաղում, գետնի վրա, ո՛չ ադրբեջանական կառավարում էր հաստատվելու, ո՛չ էլ հայաթափման վտանգ էր առաջանալու: Նման իրավիճակի հնարավորությունն առաջացել է բացառապես գերագույն գլխավոր բլոգերի կողմից հրահրված 44-օրյա պատերազմի (իր կողմից խոստովանված) ու հետագա մարտնչող անգործության հետևանքով»: