Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրել է.
«1991 թվականի գարնանը Գետաշենի և Շահումյանի շրջանի դեմ, ինչպես ադրբեջանական, այնպես էլ խորհրդային հատուկ ստորաբաժանումների կողմից նախաձեռնվող բռնի հայաթափման գործողություններից օրեր առաջ, որին պետք է հաջորդեր նաև ամբողջ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը, Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ ղեկավարությանը հղում է հետևյալ նամակը․
«ԽՍՀՄ պրեզիդենտ Մ. Ս. ԳՈՐԲԱՉՈՎԻՆ
ԽՍՀՄ փոխպրեզիդենտ Գ. Ի. ՅԱՆԱԵՎԻՆ
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Ա. Ի. ԼՈՒԿՅԱՆՈՎԻՆ
ԽՍՀՄ վարչապետ Վ. Ս. ՊԱՎԼՈՎԻՆ
ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Վ. Ա. ԿՐՅՈՒՉԿՈՎԻՆ
ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դ. Տ . ՅԱԶՈՎԻՆ
ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Բ. Կ. ՊՈՒԳՈՅԻՆ
ԽՍՀՄ անվտանգության խորհրդի անդամներ Ե. Մ. ՊՐԻՄԱԿՈՎԻՆ, Վ. Վ. ԲԱԿԱՏԻՆԻՆ, Ա. Ն. ՅԱԿՈՎԼԵՎԻՆ
Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից, Ազատից, Կամոյից եւ այլ բնակավայրերից ամբողջ հայ բնակչության անպատիժ, բռնի տեղահանությունը հանգեցրին վերջին տարվա ընթացքում ռեգիոնում հաստատված ստատուս քվոյին: Այսօր Ղարաբաղի եւ նրա շուրջը իրադրությունը կայունացնելու ամեն տեսակ փորձերն ապարդյուն կլինեն, եթե խախտվի ստատուս քվոն, նկատի ունենալով առաջին հերթին հայկական Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի եւ Բերդաձոր գյուղի ճակատագիրը: Ստատուս քվոյի խախտումն անպայման կհանգեցնի շղթայական ռեակցիայի եւ այնպիսի բարդացումների, որոնք գործնականորեն անհնարին կդարձնեն կառուցողական երկխոսության շարունակումը եւ հարցի քաղաքական լուծումը:
ԼՂԻՄ-ում եւ նրան հարող Ադրբեջանի վարչական շրջաններում արտակարգ դրության հաստատումը, թվում էր, թե հետապնդում է ռեգիոնի բնակչության պաշտպանության եւ անվտանգության երաշխիքի ապահովման, հետեւաբար եւ ստատուս քվոյի պահպանման կոնկրետ նպատակ։ Սակայն Գետաշենի, Մարտունաշենի եւ այլ բնակավայրերի հայ բնակչությանը տեղահանելու վերջին օրերի խոշորամասշտաբ ձեռնարկումները սկսեցին իրականացվել իրավապահ մարմինների մասնակցությամբ 1991 թ. ապրիլի 16-ին Բաքվում կայացած խորհրդակցությունում Մութալիբովի տված ցուցումներից անմիջապես հետո, ինչպես նաեւ Գետաշենի ենթաշրջան Պոլյանիչկոյի այցելելուց հետո։ Բնիկ հայ բնակչությանը տեղահանելու հերթական սադրիչ ձեռնարկումները իրագործում է, ինչպես որ երկու տարի առաջ, ԽՍՀՄ ներքգործնախարարության ներքին զորքերի հրամանատար Յու. Վ. Շատալինը, որը իր հակաիրավական գործողություններն արդարացնելու համար փաստերի նենգափոխումով ապակողմնորոշում է երկրի ղեկավարությանն ու հասարակական կարծիքը:
Ներկայումս Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը, Բերդաձորն ամբողջովին պաշարման մեջ են, դադարեցված են անգամ ուղղաթիռների թռիչքները, բնակչությունը չի ստանում էլեկտրաէներգիա, խմելու ջուր, սննդամթերք: Անհնար է կենտրոնական կլինիկաներ փոխադրել վիրավորներին ու ծանր հիվանդներին:
Ռեգիոնում կատարվող հանցագործությունները հետաքննելուց առաջ անհրաժեշտ է Գետաշենից եւ Մարտունաշենից անհապաղ դուրս բերել ադրբեջանական հատուկ ջոկատայիններին, Ադրբեջանի ներքգործնախարարության տնօրինության ներքո գտնվող բոլոր սպառազեն կազմավորումները, Գետաշենի ենթաշրջանը ենթարկելով արտակարգ դրության պարետությանը:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ՝
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ»։
(հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում)
***
Հենց այս ամենն է այժմ կրկին պիտակավորվում որպես «ավանտյուրա»։ «Ավանտյուրա»․ ձևակերպում, որով բնորոշվում էր Ղարաբաղյան շարժումը ԽՍՀՄ ղեկավարության ու անձամբ Գորբաչովի կողմից։
Սեփական հողում մի քանի հազար տարի բնակված բնակչության հիմնարար իրավունքները բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելը, Փաշինյանի հարգելի կողմնակիցներ, հետին թվով դուք սկսել եք համարել «ավանտյուրա»։ Բայց դուք, այո՛, հենց դուք, այն մարդիկ էիք, որոնք 10 տարի առաջ նույնիսկ մեզ չպատկանող մի միլիմետր հող հանձնելը համարում էիք դավաճանություն։ 4-5 տարի առաջ էլ համարում էիք, որ կորսվածը հետ ենք բերելու։
Ըստ էության, ձեր ինքնապաշտպանական բնազդը տարատեսակ մանիպուլյացիաների միջոցով աշխատեցրել են այնպես, որ ձեզ համար շատ ավելի ընդունելի միջավայր է դարձել ամեն ինչ ուրանալն ու «ավանտյուրա» համարելը, քան ընդունելն այն, որ ընդամենը պետք էր տարիներ շարունակ ձեզ նախազգուշացնողին լսել ու «վերմակը ոտքերի չափով մեկնել»։
Նախազգուշացումները չլսելը մի խնդիր է։ Պարտվելն էլ մեկ այլ խնդիր է։ Բայց ուրանալը խնդիր չէ։ Ուրանալը բարոյալքման վերջին ճիչն է։
Ինչևէ։ Վերջում հիշեցնեմ վերը մեջբերված նամակում նկարագրվող իրադարձությունների ժամանակաշրջանի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հուշերից։
Խոսելով 1991 թվականին ԽՍՀՄ պահպանման համամիութենական հանրաքվեի մասին, Մութալիբովը խոստովանել է, որ տվյալ հանրաքվեին Ադրբեջանի մասնակցությունը նա ծախել է Գորբաչովի վրա` գինը սահմանելով Արցախի հայաթափումը. «Գորբաչովը հարցրեց՝ ո՞րն է այդ գինը, և ես պատասխանեցի՝ Ձեր կողմից կարգադրություն կա, որը չի իրագործվում, մաքրե՛ք Ղարաբաղը: Ապրիլին Ադրբեջանում տեղակայված զորքերը, ՕՄՈՆ-ի և ՆԳՆ-ի հետ միասին, ավազակներից [նկատի ունի հայերին] մաքրեցին 24 գյուղ: Տեր-Պետրոսյանը շատ էր վշտացել, շատ… ասաց, որ չի ների ինձ դրա համար: Ես այդ ժամանակ հասկացա, որ նրանք ինչ-որ բան են անելու» («Ազատություն», 2013թ․)։
