‘
Ֆեյսբուքյան օգտատեր Հարութ Ուլոյանը գրում է.
«2008 թ.-ի մարտի 1-ի դեպքերը 1996 թ. -ի սեպտեմբերի 25-ի դեպքերի հետ համեմատելը կատարյալ անբարոյականություն ա, եթե չասենք, որ այդ համեմատությամբ ուղղակի պղծվում ա Մարտի 1-ի զոհերի հիշատակը: Ով այդ երկու դեպքերը նույնականացնում ա, նա դառնում ա քոչարյանասերժական իշխանության ամենահավատարիմ բարեկամն ու իրավապաշտպանը:
Եթե նույնիսկ Մարտի 1-ի սպանություններն էլ տեղի չունենային, Մարտի 1-ը 1996 թ.-ի սեպտեմբերի 25-ի հետ կարելի կլիներ համեմատել միայն այն դեպքում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակի հարթակից հայտարարեր, որ ինքը գնում ա ԱԺ, ու եթե 20 րոպեից չվերադառնա, ապա ժողովուրդը թող իր հետևից գա: Ու այդ հայտարարությունից հետո, եթե ժողովուրդը գրոհեր ԱԺ-ն, ծեծի ենթարկեր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին և փոխնախագահներին, ապա միայն այդ ժամանակ ներկայիս «սեպտեմբերի 25» թմբկահարողները կարող ա և ինչ-որ համեմատականի եզրեր գտնեին:
Ի՞նչ ա նշանակում` «1996 թ.-ին առաջին անգամ զորք ա հանվել ժողովրդի դեմ, չե՞ք տեսել էդ կադրերը»: Դուք տեսե՞լ եք, թե հարձակման պահին ԱԺ-ում գտնվող զորքերը ինչո՞վ էին զինված: Նրանց ձեռքին միայն պլաստմասե վահաններ ա եղել, նույնիսկ սաղավարտ կամ մահակներ չեն կրել: Իսկ բացառապես օդ ա կրակ արձակվել և ջրցան ա օգտագործվել միայն այն ժամանակ, երբ հայտնի ա դարձել, որ ցուցարարները Լինչի դատաստանի են ենթարկում ԱԺ նախագահին ու փոխնախագահներին: Նույնիսկ այդ իրավիճակում ոչ մի ցուցարար հրազենային վիրավորում չի ստացել, ավելին, ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը, ում կոչով և տեղի էր ունեցել ցուցարարների կողմից ԱԺ-ի գրավումը, նույն օրը դեպքերից հետո Ազատության հրապարակում բառացիորեն հայտարարել ա հետևյալը. «Կրակոցներ կային, բայց օդի մեջ են կրակել», հավելելով. «Զինվորներն իրենց շատ նորմալ են պահել», որից հետո ցուցարարներն ի նշան համաձայնության «Այո» են բղավել:
1996 թ.-ի սեպտեմբերի 25-ին ընդդիմության կողմից առաջին անգամ բռնի հեղաշրջման փորձ ա արվել, ուրիշ ոչինչ:
‘