‘Հարութ Սասունյան. Առավելագույնի հասցնել հայկական հնարավորությունները` հիմնական մարտահրավերները հաղթահարելու համար’

1317

Նյու Յորքում գործող «Սփյուռքի ձայնը» հեռուստաընկերությունը (VOATV NY), մարտի 2-ին իր երկրորդ ամենամյա դրամահավաք ճաշկերույթն անցկացրեց Նյու Ջերսիի Քլիֆսայդ պարկի «Փալիսադիում» սրահում: Այդ հանդիսության առիթով, հեռուստաընկերության տնօրենների խորհուրդը մեծարեց՝ գրող և Սրբոց Նահատակաց հայկական վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանին, դրամատուրգ, ռեժիսոր և դերասան դոկտ. Հրանտ Մարգարյանին և «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին:

Միջոցառման հանդիսավար Հայկ Քոչարյանի բացման խոսքից և «Սփյուռքի ձայնը» հեռուստաընկերության նախագահ դոկտ. Արամ Գազազյանի ողջույնի խոսքից հետո, դափնեկիրներին ներկայացրեցին ՀԲԸՄ-ի Այլընտրանքային կրթության տնօրեն Նատալի Գաբրիելյանը, մանկավարժ և ինժեներ Հարություն Միսերլյանը և «ԱՄՆ հայ կյանք» պարբերականի հրատարակիչ Աբո Ջաբարյանը: Շնորհավորական ուղերձով հանդես եկան արվեստագետ Վիկի Շողակ Հովհաննիսյանը և «Սփյուռքի ձայնը» հեռուստաընկերության գործադիր տնօրեն և հանդիսավար Կարինե Քոչարյանը:

Հարութ Սասունյանն իր շնորհակալական ելույթում, ներկա գտնվող 300 հյուրերի հետ կիսեց իր խորապես արմատավորված համոզմունքները՝  հիմնված 40 տարիների քաղաքական գործունեության և համայնքային ներգրավվածության վրա: Նա հույս հայտնեց, որ ստորև ներկայացված խորհուրդները կամրապնդեն և կհզորացնեն աշխարհասփյուռ հայությանը.

  1. Խրախուսել կանանց մասնակցությունը համայնքային գործունեության բոլոր ոլորտներում: Քանի որ կանայք կազմում են հայ ժողովրդի կեսը, երբ հնացած խոչընդոտներն  հաղթահարվեն, հայերը կարող են արագորեն կրկնապատկել իրենց ընդհանուր ռեսուրսներն ու հնարավորությունները:

2. Ներգրավել երիտասարդությանը հասարակական գործունեության բոլոր միջոցառումներում՝ հանձնարարելով նրանց հատուկ պարտականություններ, քանի  որ նրանք են կերտելու հայ ժողովրդի ապագան: Եթե այսօր հայերին չհաջողվի իրենց ձեռքբերումներն ու գործունեությունը փոխանցել գալիք սերունդներին, ապա նրանց բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն:

3. Յուրաքանչյուր հայի վերաբերվել որպես ընտանիքի անդամի՝ անկախ անձնական տարաձայնություններից կամ սոցիալական, քաղաքական և կրոնական պատկանելության կամ ծագման երկրի տարբերություններից: Հայերը միմյանց հետ պետք է վարվեն ինչպես հավասարը հավասարի հետ: Ոչ մի խտրություն չպետք է դրվի սփյուռքահայի և հայաստանցու միջև:

4. Հրաժարվել որոշ հայերի կողմից ժառանգված օսմանյան և սովետական մտածելակերպից: Թեև նրանք վաղուց լքել են Օսմանյան կայսրությունը, և վերջերս էլ՝ Խորհրդային Միությունը, կարծես թե այդ մտածելակերպերի հետադիմական ազդեցությունը դեռ չի լքել նրանց:

5. Oգնության ձեռք մեկնել Հայաստանի և Արցախի ժողովրդին, անկախ նրանց ղեկավարության վերաբերյալ տեսակետների տարբերությունից: Նախագահներն ու վարչապետները ժամանակավոր են, մինչդեռ Հայրենիքը հավերժ է:

6. Միշտ ձգտեք համախմբում կազմել և ոչ թե տարաձայնություն առաջացնել: Եղեք միավորող, այլ ոչ թե բաժանող: Հիշեք հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի պատգամը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մէջ է»: Իդեալական կլինի, եթե սփյուռքն ունենա ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցչություն՝ հայերին հավաքելով մեկ հովանու ներքո:

7. Աջակցել համայնքի բոլոր կազմակերպություններին, լինեն դրանք սոցիալական, մշակութային, կրոնական թե քաղաքական բնույթի, ապահովելու համար Սփյուռքի գոյատևումը: Հզոր Սփյուռքը՝ ուժեղ և ապահով Հայաստանի ողնաշարն է:

8. Մերժել անկարողության և ստորակայության զգացումները և վերացնել բոլոր պարտվողական դիրքորոշումները: Անհատապես և հավաքականորեն, հայերը կարող են իրականացնել իրենց արդարացի ձգտումները, եթե միասնաբար աշխատեն հանուն իրենց համընդհանուր նպատակների: Միայն միասնական և ուժեղ մնալով նրանք կարող են հաղթահարել բոլոր հակառակորդներին և դժվարությունները: Եթե հայերը կարողանան կարգի բերել իրենց հարազատ տունը, ապա նրանք կարող են հեշտությամբ դիմակայել արտաքին բոլոր սպառնալիքները:

9. Վերջապես, Հայոց ցեղասպանության գալիք հարյուրամյա տարելիցի կապակցությամբ աշխարհասփյուռ հայությունը՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, ինչպես նաև Սփյուռքը, պետք է համախմբվեն մեկ ընդհանուր ուղերձի շուրջ՝ Թուրքիայից իրենց պահանջների առումով: Հայաստանը և Սփյուռքի համայնքները չպետք է առանձին և տարբեր պահանջներ ներկայացնեն՝ շփոթության մեջ գցելով իրենց համակիրներին ու հակառակորդներին: Միակ բառը, որն ընդգրկում է համահայկական պահանջը Թուրքիայից՝ «Արդարությունն» է, որը ներառում է Հայ ժողովրդի բարոյական, ֆինանսական և տարածքային հատուցումը: 

 Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Նախորդ հոդվածը‘Մահացել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը պարզապես թիմ չունի. Մամուլ’