‘Հարութ Սասունյան. «Հայաստան» հիմնադրամը և նրա 25 մասնաճյուղերը պետք է ավելի վաղ գործի անցնեին’

766

Կցանկանայի որոշ մտորումներ անել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակի և նրա 15-րդ ամենամյա հեռուստամարաթոնի կապակցությամբ: Նպատակը ոչ թե Հիմնադրամի ներքին գործերին միջամտելն է, այլև կառուցողական քննադատության և առաջարկությունների ներկայացումը, որ կարող է բարելավել նրա մարդասիրական առաքելությունն ու հեղինակությունը:

Աշխարհասփյուռ հայերին ներկայացնող ընտրովի կառույցի բացակայության պայմաններում, «Հայաստան» հիմնադրամը միակ համահայկական մարմինն է, որն ընդհանուր ծածկի տակ միավորում է հայկական բոլոր քաղաքական, կրոնական և համայնքային կողմերը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում են՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ղեկավարությունը, Սփյուռքի խոշոր կազմակերպությունների ղեկավարները և նշանավոր բարերարներ: Հետևաբար, Հիմնադրամը կարող է ծառայել որպես մի յուրօրինակ հարթակ, ուր իրենց համընդհանուր հարցերը կներկայացնեն հայկական աշխարհի բոլոր հատվածները: Հաշվի առնելով Հիմնադրամի այս համաշխարհային եզակի դերը, հոգաբարձուների խորհուրդը ցանկության դեպքում կարող է քննարկել կազմակերպության գործունեությունների ընդլայնումը՝ իր բարեգործական գործողություններից դուրս:

Այս պահին հայության առջև ծառացած ամենահրատապ խնդիրը սիրիահայերի ողբերգական վիճակն է, քանի որ նրանց գոյությունը վտանգի տակ է, իսկ իրավիճակն օրեցօր ավելի վատթարանում է: «Հայաստան» հիմնադրամը և նրա 25 մասնաճյուղերը՝ աշխարհի տարբեր երկրներում, պետք է ավելի վաղ գործի անցնեին՝ կազմակերպելով արտակարգ հեռուստամարաթոն՝ ողջ հասույթը հատկացնելով Սիրիայում, Հայաստանում կամ այլուր գտնվող սիրիահայերի խիստ կարիքներին:

Երկարատև ուշացումից հետո Հիմնադրամը որոշեց իր ակնկալվող գումարի 10 տոկոսը հատկացնել սիրիահայերին: Վտանգված hամայնքի վիթխարի կարիքների համեմատությամբ այս չնչին տոկոսը հիասթափեցրեց շատ հնարավոր նվիրատուների: Այս անխոհեմ որոշման կայացման համար կոլեկտիվ պատասխանատվություն ստանձնելու և այն վերանայելու փոխարեն, Հիմնադրամի ներկայացուցիչները զբաղված էին իրար մեղադրելով և հանցանքը ուրիշների վրա գցելով: Երբ հասարակության բողոքներն ավելի հնչեղ դարձան, Հիմնադրամի որոշ մասնաճյուղեր դժկամությամբ 10 տոկոս մասնաբաժինը փոխեցին, որոշելով չհայտարարել թե ինչ տոկոս են նվիրելու սիրիահայերին՝ նպատակային ծրագրերի համար հատկացված գումարները հանելուց հետո: Հիմնադրամը նաև հնարավորություն տվեց նվիրատուներին իրենց հատկացրած գումարի 100 տոկոսը նպատակաուղղել սիրիահայերի օգնությանը: Իհարկե, ցանկալի կլիներ, եթե «Հայաստան» հիմնադրամը բոլոր նվիրատվությունները նպատակաուղղեր սիրիահայերին, բացառությամբ՝ այլ նպատակային ծրագրերի համար նվիրատուների հատկացումները:

Իրավիճակն էլ ավելի խճճվեց, երբ «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահ Պետրոս Թերզյանը նոյեմբերի 18-ին, Հիմնադրամի եվրոպական հեռախոսամարաթոնի ավարտին, մի անսպասելի հայտարարություն արեց: Նա շատ բարձր տրամադրությամբ խոստացավ հանգանակված 1.8 միլիոն դոլարի մի մասը հատկացնել Հալեպում հայերի տների վերանորոգման համար, պատերազմից հետո: Հարգարժան տնօրենը, հավանաբար չի գիտակցում, որ սիրիահայերն իրենց գոյատևման համար սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների շտապ կարիքը հիմա ունեն, և ոչ թե պատերազմից հետո, երբ հայկական համայնքը փոքրանա, իր բնակարանային կարիքների հետ միասին:

Հեռուստամարաթոնի և հեռախոսամարաթոնի ավարտից հետո կարելի է հիմա ուշադրություն դարձնել հայտարարված արդյունքերի մի շարք հետաքրքիր թվերի վրա: Զարմանալի է, որ Հայաստանի և Արցախի հայերը միասին հանգանակել են 2.5 միլիոն դոլար, մինչդեռ ամերիկահայերը նվիրաբերել են միայն 2.1 միլիոն դոլար (1.5 միլիոն դոլար և 600 հազար դոլար, համապատասխանաբար Արևմտյան և Արևելյան ափերից): Հեռուստամարաթոնի ավարտին հայտարարված 21.4 միլիոն դոլարն իր մեջ ներառում է բոլոր գումարները, որոնք խոստացված կամ հավաքված են տարվա ընթացքում տասնյակ երկրներում անցկացված տարբեր դրամահավաքների ժամանակ, օրինակի համար, նոյեմբերի 8-ին Մոսկվայում հայ գործարարների խոստացած 12 միլիոն դոլարը: Մեկ այլ անակնկալ էր 600 հազար դոլարի առատաձեռն նվիրատվությունը, որն ստացվել էր Հնդկաստանից: Քանի որ այդ երկրում միայն մի բուռ հայեր են ապրում, հետաքրքիր կլինի իմանալ նման խոշոր գումարի աղբյուր(ներ)ը:

Հանգանակված միջոցների բաշխման հավելյալ խառնաշփոթից խուսափելու համար, «Հայաստան» հիմնադրամի լիբանանյան մասնաճյուղը թերևս ցանկանա դեկտեմբերի 8-ի ռադիոմարաթոնի դրամահավաքին հանգանակված ողջ հասույթը հատկացնել սիրիահայ հազարավոր փախստականների: Տեղահանված սիրիահայ ընտանիքները Լիբանանում ֆինանսական աջակցության խիստ կարիք ունեն՝ իրենց հիմնական կարիքների, ինչպես նաև երեխաների կրթության վճարման համար: Լիբանանի հայկական դպրոցները, որոնք առանց այն էլ ծանր ֆինանսական դրության մեջ են, այժմ լրացուցիչ ծանրաբեռնված են հարյուրավոր սիրիահայ աշակերտներով, որոնց ծնողները չեն կարող վճարել ուսման վարձը: «Հայաստան» հիմնադրամի լիբանանյան մասնաճյուղն իր հավաքած գումարները Լիբանանում թողնելով, հնարավորություն կունենա միաժամանակ օգնել թե\’ սիրիահայ փախստականներին, թե\’ ապահովել հայկական ուսումնական հաստատությունների գոյատևումը:

Առաջիկա օրերին, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կամփոփի իր բոլոր մասնաճյուղերի դրամահավաքի արդյունքները, հուսանք կհայտարարի. 1) հավաքված վերջնական գումարը, 2) հատուկ ծրագրերի համար հատկացված գումարները, և 3) սիրիահայերին շտապ օգնություն հասցնելու իր ծրագրերը:

Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան

Նախորդ հոդվածը‘Բազմաթիվ խախտումներ թիվ 1 ընտրատարածքում’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստը (ուղիղ միացում)’