‘Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ’

1001

 ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։

 «Հայկական ժամանակ» օրաթերթի  լրագրող  Թագուհի Հովհաննիսյանը 2014թ.  հոկտեմբերի  3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ.  սեպտեմբերի 19-ին Երևանի «Ալեքսանդր Սպենդիարյանի» անվան օպերայի և բալետի  պետական ակադեմիական թատրոնի շենքում՝ «Հայաստան-սփյուռք» համաժողովի աշխատանքների լուսաբանման ընթացքում, Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի ղեկավար Արտյուշա Կարապետյանը խոչընդոտել է իր լրագրողական գործունեությանը։

Մասնավորապես, ըստ լրագրողի, Ա.Կարապետյանին ուղղված հարցից հետո վերջինս իր  ձայնագրիչը ձեռքից վերցնելու, ինչպես նաև բջջային հեռախոսում եղած` տվյալ  գործողության  վերաբերյալ տեսաձայնագրությունը ջնջելու միջոցով խոչընդոտել է իր լրագրողական մասնագիտական օրինական գործունեությանը:

Նկատի ունենալով, որ Թ.Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու հիմքեր՝ Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով։ Կատարվում է նախաքննություն։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:

Նախորդ հոդվածը‘Ոչ իշխանական ուժերի հանրահավաքը՝ Գյումրիում (ուղիղ) ‘
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» չի խաղա Իսպանիայում, եթե Կատալոնիան դառնա անկախ պետություն’