‘Հարուցվել է քրեական գործ, բերման է ենթարկվել 37 մարդ, Շանթ Հարությունյանի գտնվելու վայրը անհայտ է’

1757

Երևանի Ազատության հրապարակում և Մաշտոցի պողոտայում բախումների փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը:

Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրել է, որ բերման ենթարկված 37 անձանցից 2-ն արդեն ազատ են արձակվել: «Բոլորի արարքը ներկա պահին քննվում է: Ամեն ինչ արվում է օրենքին համահունչ: Որևէ անմեղ մարդու նկատմամբ մեղադրանք չի ներկայացվի»,-նշել է Ահարոնյանը:

Ղեկավար Շանթ Հարությունյանի գտնվելու վայրն անհայտ է: Նրան նոյեմբերի 5-ի երեկոյան բերման են ենթարկել Ազատության հրապարակի մատույցներից, եւ մինչ այս պահը նրա վերաբերյալ տեղեկություններ պարզել չի հաջողվել: Այս մասին հայտնում է news.am-ը:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ հավաքված ակտիվիստները եւս տեղեկություններ չունեին Շանթ Հարությունյանից, իսկ բերման ենթարկվածները վերջինիս չեն տեսել բաժնում: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նրան տարել են «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ՝ հայտնի «ԿԳԲ-ի պադվալ» անունով:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, երեկ՝ նոյեմբերի 5-ին, իր առնվազն հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։

Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։

Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ ութ ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր: Մարմնական վնասվածքներ էր ստացել NEWS.am-ի թղթակիցը:

Ակտիվիստներից մի քանիսին ազատ են արձակել:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը գնացել էին ոստիկանություն` աջակցելու բերման ենթարկվածներին’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Հատուկ ծառայությունները Բեռլինում բրիտանական դեսպանատունն օգտագործում են լրտեսության նպատակով’