‘«Հարսնաքարի» գործը Վճռաբեկ դատարանում է’

932

«Հարսնաքարի» գործով թե՛ բոլոր վեց ամբաստանյալների պաշտպանները, թե՛ տուժող կողմի ներկայացուցիչները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան: Մասնավորապես, ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, վերաորակել մեղադրանքը եւ համապատասխան պատիժ նշանակել: Արման Բաղդասարյանի, Արթուր Բաբլոյանի պաշտպանները պահանջում են իրենց պաշտպանյալներին անմեղ ճանաչել, իսկ Դավիթ Ադամյանի պաշտպան Մարինե Թովմասյանը պահանջում է Ադամյանին կա՛մ անմեղ ճանաչել, կա՛մ էլ պատժել կատարվածի չափով: Վահե Ավետյանի սպանությունը իր վրա վերցրած Նորայր Հայրապետյանի փաստաբան Երեմ Սարգսյանը իր հերթին բողոք է ներկայացրել՝ պահանջելով ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ամբողջությամբ բեկանել եւ Հայրապետյանին մեղավոր ճանաչել միայն քր. օրենսգրքի 122 եւ 118 հոդվածներով:

Իսկ տուժող կողմի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը եւ Լուսինե Հակոբյանը Վճռաբեկ դատարանում բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի կողմից քաղաքացիական հայցի առանց քննության թողնելը, վերջինիս  կողմից թույլատրված բացթողումները, դատական ակտի չպատճառաբանված լինելը, ինչպես նաեւ ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից տուժող կողմի ներկայացրած միջնորդությունների առանց քննության թողնելը:

Քրեական գործը մակագրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորներ Դավիթ Ավետիսյանին եւ Ելիզավետա Դանիելյանին:

Հիշեցնենք, որ գործով ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանը, Դավիթ Ադամյանը, Արման Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Գարիկ Մարգարյանը բոլորը միասին դատապարտվել էին 12-ական տարվա ազատազրկման և 100 հազար-ական դրամ տուգանքի:  Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

Նախորդ հոդվածը‘Ահմեթ Դավութօղլու. Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում լարվածության սրումն Ուկրաինայի իրադարձությունների հետևանք է ‘
Հաջորդ հոդվածը‘«Քարե երազների» հեղինակն լքել է Ադրբեջանը’