‘ «Հարսնաքարի» գործով նիստը կրկին հետաձգվեց’

702

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝  դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով, հայտնում է Փաստինֆոն:

Պաշտպանը գրությամբ դիմել էր դատարանին,  տեղեկացրել, որ նախօրոք նշանակված այլ դատական նիստի մասնակցելու պատճառով  չի կարող ներկայանալ դատարան և խնդրել էր դատական նիստը հետաձգել:

Դատարանը  պաշտպանի բացակայությունը անհարգելի գնահատեց՝  հայտարարելով, որ նոյեմբերի 30-ի նիստին չներկայանալու դեպքում դատարանը  պաշտպանի նկատմամբ կարող է կիրառել դատական սանկցիա:

Հիշեցնենք, որ գործով ամբաստանյալները 6-ն են՝ բոլորը ռեստորանային համալիրի աշխատակիցներ: Ըստ մեղադրանքի,  ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանը,Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը ծեծի են ենթարկել տուժողներ Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Նախորդ հոդվածը‘Չինական ընկերությունը պատրաստվում է դատի տալ New York Times-ին’
Հաջորդ հոդվածը‘Հարավային Կորեայում ներկայացվել է հյուսիսկորեացի լրտեսի զինանոցը’