‘
«Հարսնաքարի» գործում որպես ամբաստանյալ ներգրավված Արման Բաղդասարյանը հրաժարվել է իր պաշտպան Հովհաննես Հարությունյանի ծառայություններից ու խզել նրա հետ պայմանագիրը: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթացող նիստի ժամանակ դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ որպես նոր պաշտպան՝ գործում կներգրավվի փաստաբան Վաղարշակ Գևորգյանը:
Գևորգյանը հայտնեց, թե իր պաշտպանյալի հարազատներից տեղեկացել է, որ քրգործի նյութերը վերադարձրել են իրենց, ու այսօր դրանք իր մոտ կլինեն: Փաստաբանի կարծիքով՝ մեկշաբաթյա ժամկետը բավարար չէ գործի նյութերին ծանոթանալու համար:
«Հոկտեմբերի 10-ին պատրաստ չեմ լինելու: Առանց գործին ամբողջությամբ ծանոթանալու՝ իմ պաշտպանյալի հետ չեմ հանդիպելու: Ինչի՞ համար հանդիպեմ՝ սիրուն աչքերի՞»,- հայտարարեց պաշտպանը:
Դատավորը, լսելով դատավարության կողմերի կարծիքները, որոշում կայացրեց, որ մեկ շաբաթը ողջամիտ ժամկետ է գործի նյութերին ծանոթանալու համար: Այսպիսով, նիստը կրկին հետաձգվեց՝ նոր պաշտպանին գործի նյութերին ծանոթանալու հնարավոորություն տալու նպատակով:
Մեղադրող Արթուր Դավթյանը հայտարարեց, որ հարկ է նշանակել շաբաթական երկու դատական նիստ: Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ շաբաթվա ընթացքում մեկ նիստը ողջամիտ է՝ հաշվի առնելով գործի ու աշխատաքների ծավալը, ու խնդրեց դատարանին շարունակել նախնական պայմանավորվածությանը հավատարիմ մնալ:
Նշենք, որ ինչպես նախորդ նիստերին, այս նիստին նույնպես ներկա չէր տուժողի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանը: Ներկա չէր նաև նրա ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 10-ին, ժամը 14:30-ին:
Այսուհետ դատական նիստերը կանցկացվեն ամեն չորեքշաբթի և ուրբաթ:
‘