‘«Հարսնաքարի» գործ. Դատախազը պարտավոր է մեղադրանքը փոխել՝ որակելով այն որպես սպանություն’

881

Նոյեմբերի 18-ին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հարսնաքարի» գործով հերթական դատավարությունը: Դատական վիճաբանությունների փուլում Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հանդես եկավ ճառով և մի շարք փաստեր բերեց, որոնց համաձայն՝ նախաքննության մարմինը չի ապահովել բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության սկզբունքը՝ ցուցաբերելով կողմնակալ վերաբերմունք: 

«Նախաքննության ընթացքում թե՛ վարույթ իրականացնող մարմինը և թե՛ տարբեր պաշտոնյաներ ջանք չէին խնայում հիմնավորելու այն հանգամանքը, որ տեղի ունեցածի հետ Ռ.Հայրապետյանը որևէ կապ չունի, և որ նա ևս դատապարտում է տեղի ունեցածը:

Նախաքննությունն իրականացվել է օրենքի պահանջների անտեսմամբ: Դրա մասին են վկայում ուղղակի մեկ գավաթ սուրճի շուրջ իրականացված  բազմաթիվ հարցաքննություններ, որոնցով պարզ է դառնում, որ քննիչներն ուղղակի չեն էլ փորձել պատշաճ ջանասիրություն դրսևորել հանցագործության բոլոր հանգամանքների բացահայտման գործում` բավարարվելով միայն այն տեղեկություններով, որոնք գործով անցնող տարբեր անձինք հայտնել են: Չեն իրականացվել դատավարական բոլոր անհրաժեշտ և հնարավոր գործողությունները, որոնք միտված կլինեին հավելյալ փաստերի ձեռքբերմանը կամ տարաբնույթ տեղեկությունների պարզմանը կամ հաստատմանը: Այդ ամենի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազության անհրաժեշտ պատշաճ միջամտությունը բացակայել է: Ընդհանուր առմամբ, պետության պոզիտիվ պարտավորությունների կատարումից հրաժարումը հասավ իր գագաթնակետին այն ժամանակ, երբ դատաքննության ընթացքում մեղադրողն առարկեց մեր ներկայացրած մեղադրանքը հիմնավորող փաստաթղթերը գործին կցելու և որպես ապացույց դիտարկելու միջնորդությանը»: 

Անդրադառնալով դատաքննությանը՝ Տիգրան Եգորյանը շեշտեց, որ այն, ըստ էության, չի ապահովել նախաքննության թերությունների և բացթողումների շտկումը և վերացումը:

Ինչ վերաբերում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին, փաստաբանը հայտնեց, որ ամեն գնով փորձ է արվել հնարավորինս մեծ տարածություն ապահովել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միակ սեփականատեր, հայաստանյան հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի և տեղի ունեցած հանցագործության միջև.

«Կարելի է վստահ պնդել, որ հակառակ իր հայտարարությունների՝ Ռուբեն Հայրապետյանն առնվազն տեղյակ է եղել դեպքի մանրամասներին, իսկ դատելով բավական հակասական տեղեկություններից, ամենայն հավանականությամբ՝ նաև գտնվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, ինչը, սակայն, նախաքննության մարմինը այդպես էլ չցանկացավ պարզել ,և այդ ուղղությամբ ոչ մի դատավարական գործողություն չձեռնարկվեց»: 

Խոսելով Վահե Ավետյանի մահվան հանգամանքների մասին՝ փաստաբանը պնդեց, որ կատարված գործողությունները առնվազն պետք է որակել որպես դիտավորյալ սպանություն, որը կատարվել է անուղղակի դիտավորությամբ, իսկ ամբաստանյալները և գործով «չպարզված» մի խումբ անձինք, նախապես հանցավոր համաձայնության գալով, պլանավորել էին այդ գործողությունները:

Նոյեմբերի 11-ին iLur.am-ի հետ հարցազրույցում պաշտպանն անդրադարձել էր նախորդ դատին դատախազ Արմեն Մարուխյանի կողմից հնչեցված ճառին՝ նշելով, որ այն ընդամենը մի շոու է, որի ընթացքում դատախազության դեմքը փրկելու միակ հնարավորությունը մեղադրանքը պնդելը և չփոխելն է, թեկուզ և նրանք էլ են հասկանում իրենց ճառի մերկապարանոց բնույթը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին կայացած դատական նիստում դատախազը անարժանահավատ էր համարել  ամբաստանյալների տված  լրացուցիչ ցուցմունքները և պնդել մյուս մեղադրող Արթուր Դավթյանի մեղադրանքը հաստատող հիմնավորումներն ու պատժաչափերը, ով միջնորդել էր բոլոր 6 ամբաստանյալներին դատապարտել 13-ական  տարվա ազատազրկման և  տուգանքի`  100 հազարական  դրամի չափով:

Անդրադառնալով ամբաստանյալների ինքնախոստովանությանը՝ Տիգրան Եգորյանը նշեց.

«Դրանք, կարծում եմ, արժեքավոր են ուղիղ այնքանով, որքանով  նրանք ընդունում են, որ ծեծի են ենթարկել տուժողներին, իսկ մնացած մասով և թե իրենց հակասական բնույթով ուղղակի դառնում են, մեղմ ասած, ոչ արժանահավատ»:

Պաշտպանական ճառի վերջում փաստաբանը միջնորդեց մեղադրողին դատարան ներկայացնել ասմբաստանյալներին առաջադրված մեղադրանքը լրացնելու, փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն, իսկ ամբաստանյալների կատարած արարքը որակել որպես ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, գիտակցության չգալով՝ մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ: 

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘Համաշխարհային բանկը եւս $873 միլիոն վարկ կդրամադրի Հայաստանին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը պատրաստ չէ ուժեղ երկրաշարժերի ‘