‘Հարսնաքարի գործ. Ռուբեն Հայրապետյանի չսպասված հարցաքննությունը բեմադրության մի հատված էր’

1241

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան գործով դատավարությունը Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մոտենում է ավարտին: Արդեն ավարտվել է  դատարան հրավիրված բոլոր վկաների հարցաքննությունը: Այս և դատավարության ընթացքի վերաբերյալ Լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավական լրատվական կայքի զրուցակիցն է Վահե Ավետյանի իրավահաջորդի  և մյուս տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը: 

Ի՞նչ տվեց դատարան հրավիրված վկաների հարցաքննությունը

-Նախ նշեմ, որ մեր կողմից միջնորդված ոչ բոլոր վկաները հրավիրվեցին  դատարան, որոշ վկաների մասով մեր միջնորդությունները մերժվեցին: 

Իսկ «Հարսնաքարի» մատուցողների ու  մնացած բոլոր աշխատակիցների ցուցմունքները, որոնք եկան և հայտնեցին, որ ոչ մի կասկածելի բան չեն տեսել, ոչ մի տարօրինակ բան իրենց ուշադրությունը չի գրավել, մեզ համար, իհարկե, ակնկալելի էր, որևէ կերպ մենք չէինք էլ կարծում, որ վկաները գալու են և ցնցող բացահայտումներ անեն, մենք այդ իրականության մեջ չենք ապրում այս պահին: 

Նրանք ուղղորդված էին, ինչպես նաև նրանց ցուցմունքները համաձայնեցված էին,  վկաների հարցաքննությունների ընդմիջումների ժամանակ մենք դիտարկում էինք, թե ինչպես են վկաները իրար հետ շփվում դատարանի բակում: 

Սակայն, վկաներից՝ օրինակ, Կառլեն անունով պահակը՝ ի զարմանս բոլորիս, հայտարարեց, որ ամբաստանյալները, բացի Նորայր Հայրապետյանից և Արման Խաչատրյանից, չեն հանդիսանում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցներ, ըստ էության, ամենացայտուն բացահայտումը սա էր, ինչը պաշտպանների մեծ ջանքերով փորձ արվեց, առհասարակ, արժանահավատ չդիտարկել՝ պնդելով, թե պահակին հայտնի չեն այն տվյալները, որոնց հիման վրա նա կարող է այդ տեղեկությունը հայտնել, բայց մենք գիտենք, որ իրականությունն այլ է և պահակներից լավ որևէ մեկը չի տիրապետում, թե տվյալ հաստատությունում ով է աշխատում և ով՝ ոչ: 

Նաև Ռուբեն Հայրապետյանի չսպասված հարցաքննությունը, որ փորձ էր անակնկալի բերել բոլորին, մեր կարծիքով՝ ևս բեմադրության մի հատված էր, որի միջոցով Ռուբեն Հայրապետյանը, ինչպես ինքը դատարանում հայտնեց, փորձ է կատարել ապացուցել, որ ոչ մի վախենալու բան չունի: 

Սակայն Ռուբեն Հայրապետյանը իր ցուցմունքում հաստատեց «Nouvelles de Armenie»-ի թղթակցին հայտնած այն տեղեկությունը, որ իրեն հայտնի է, թե ով է սարքել կռիվը, սա նշանակում է, որ ևս մեկ անգամ հիմնավորվում է մեղադրանքի այն կետը, որ գործել է միասնական դիտավորություն, «սարքել» բառն այլ կերպ անհնար է հասկանալ, այսինքն դու պետք է դիտավորություն ունենաս, որ սարքես կռիվ: 

Ռուբեն Հայրապետյանը մասնավորեցրեց նաև, որ խոսքը գնում է ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի մասին, սա ևս էական ցուցմունք էր գործի համար, մեղադրանքը հիմնավորող: 

Թե՛ Ռուբեն Հայրապետյանի ցուցմունքների, թե՛ մնացած վկաների ցուցմունքներ տալու ոճից և հայտնած տեղեկություններից կրկին անգամ հաստատվում էր Հայրապետյանի անհանդուրժողական վերաբերմունքը, դա արտահայտվեց տուժող կողմի նկատմամբ հեգնական վերաբերմունքով և ի ցույց դրեց այն, որ վկաները չեն հայտնում այն ամենը ինչ իրենց հայտնի է և փորձում են ամեն կերպ հեռու մնալ տեղի ունեցած և իրենց հայտնի դարձած դեպքերից ու փաստերից, որպեսզի լրացուցիչ գլխացավանքի մեջ չընկնեն: Հատկանշական է այս առումով Պավել անունով մատուցողի հարցաքննությունը ով ասաց, որ ինքն առհասարակ այս դեպքից հետո փորձում է ոչնչով չհետաքրքրվել: 

-Եթե ի սկզբանե պարզ էր, որ այս վկաները որևէ կարևոր տեղեկություն չեն հայտնելու, ապա ո՞րն էր նրանց հրավիրելու նպատակը: 

-Իհարկե հաստատված և հիմնավորված չէր, որ ոչ մի վկա արժեքավոր բան չի ասի, և ի վերջո եղան այդպիսի վկաներ, բայց մենք չենք կարող առաջնորդվել այդ կանխավարկածով և չձեռնարկել բոլոր այն անհրաժեշտ գործողությունները, որոնք չի ձեռնարկել նախաքննության մարմինը: Պետությունը լիարժեքորեն չի իրացրել իր պոզիտիվ պարտավորությունները, միայն սա է այն ճանապարհը, որով որ մենք գնում ենք և փորձում ապահովել  բազմակողմանիությունը, ամբողջականությունը և լրիվությունը:

Փաստորեն, ավարտին է մոտենում նաև ընդհանուր դատավարությունը, ինչպե՞ս եք գնահատում ընթացքը: 

Նախ ասեմ, որ այն միջնորդությունները որոնք հիմա են քննարկվում հետաձգվել էին գրեթե մեկ տարի առաջ, իսկ սրանց հետաձգումը էականորեն նվազեցնում է, եթե չասենք գրեթե վերացնում է միջնորդություններով հետապնդվող նպատակների արդյունքի ստացումը: Կարծում եմ, որ այս միջնորդությունների բավարարման արդյունքում պարզված հանգամանքները կարող են էական ազդեցություն ունենալ գործի լուծման համար, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, երբ դատախազությունն առարկում է մեղադրանքը հիմնավորող նյութերը ապացույց ճանաչելու միջնորդության դեմ («Nouvelles de Armenie» պարբերականին Ռուբեն Հայրապետյանի տված հարցազրույցի հատվածին): 

Կարծում ենք, որ լուրջ է մեղադրանքի հիմնավորման խնդիրը, պետք է ձեռնարկվի յուրաքանչյուր միջոց,  որը կարող է նպաստել այդ գործին, լրացուցիչ տվյալներ ձեռք բերել մեղադրանքի հաստատման, կամ մեղադրանքի ծավալի փոփոխման, խստացման համար աղբյուր ծառայող հանգամանքների հայտնաբերման համար: Ես չեմ ուզում կանխատեսել դատավճռը, սակայն խիստ կարևոր է մեղադրանքի հիմնավորման առումով բոլոր միջոցների ձեռնարկումը: 

Արտակ Համբարձումյան

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավական լրատվական կայք

www.jfhr.am

Նախորդ հոդվածը‘«Հայաստանի էլեկտրական ցանցերը» տուգանվել է 5 մլն դրամով’
Հաջորդ հոդվածը‘Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Միխայիլ Գորբաչովը ողջ-առողջ է’