‘
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել «Հարսնաքարի գործով» հերթական դատական նիստը: PANArmenian.net-ը փոխանցում է, որ տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը պնդեց 2012թ. հոկտեմբերին այս գործով դատավարության նախապատրաստական փուլում ներկայացված երկու տասնյակ միջնորդությունները: Տուժող կողմը նաև հայտարարեց, որ ոչնչացվել են հանցագործությանը այլ անձանց մասնակցության մասին վկայող ապացույցները՝ Վահե Աետյանին վերնաշապիկը, Արտակ Բայադյանի կոշիկները, դեպքի վայրում արյան հետքեր չեն հայտնաբերվել: Տուժող կողմի երկայացուցիչը նաև նոր միջնորդություն ներկայացրեց` տեղազննություն անցկացնել դեպքի վայրում՝ տուժողների մասնակցությամբ:
Ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանի և Արման Բաղդասարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը առարկեց բոլոր միջնորդությունների դեմ, քանի որ դրանք, նրա խոսքով, ակնհայտ անհիմն են, և տուժող կողմի ներկայացուցիչն օրենքով սահմանված կարգով չի հիմնավորել իր ներկայացրած միջնորդությունները:
Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ:
‘