‘
Հարվարդի համալսարանում նշանավոր Նոբելյան մրցանակի պարոդիան հանդիսացող Շնոբելյան մրցանակ է հանձնվել անսովոր «գիտական աշխատանքներին, որոնք սկզբում ստիպում են ծիծաղել, ապա մտածել»,- տեղեկացնում է մրցանակաբաշխության կայքը:
Օրինակ, ֆիզիկա գծով մրցանակն ստացել է Լիոնի Բարձրագույն դպրոցի գիտնական Մարկ-Անտուան Ֆարդոնը, որը, ոգեշնչված կատուների լուսանկարներից, որոնք կարողանում են ստանալ այն տարաների ձևը, որոնց մեջ մտնում են, ինքն իրեն հարց է տվել՝ իսկ ի՞նչ ագրեգատային վիճակում են գտնվում կատուները՝ պի՞նդ, թե՞ հեղուկ: «Դա ինձ այն մտքին բերեց, թե, ըստ էության՝ ի՞նչ է նշանակում հեղուկ հասկացությունը, և ես որոշեցի, որ կատուներին կարելի է օգտագործել՝ ռեոլոգիայում (ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է նյութի դեֆորմացիան և հոսունությունը) հիմնարար հարցեր բարձրացնելու համար»,- պարզաբանել է ֆիզիկոսը:
Շնոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է մի խումբ գիտնականների Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Նիդեռլանդներից և Կանադայից, որոնք պարզել են, որ ավստալացի բնիկների փողային գործիք՝ դիջերիդ նվագելն օգնում է պայքարել խռմփոցի և քնի մեջ շնչառության կանգի դեմ և այլն:
Շնոբելյան մրցանակաբաշխությունը հիմնել է Մարկ Աբրահամսը 1991 թ.: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում Հարվարդում, ստոկհոլմյան Նոբելյան մրցանակաբաշխության նախօրեին: Մրցանակները դափնեկիրներին հանձնում են իսկական Նոբելյան մրցանակակիրները:
Փոխանցում է Interfax-ը:
‘