‘«Հարցազրույց Հայաստանի հետ»: Արեգ Գևորգյան. Հաղթանակից հետո հարկավոր է ապացուցել պատերազմի անիմաստ չլինելը’

3437

Արեգ Գեւորգյանի հետ զրուցեց Ռիմա Գրիգորյանը

Մաս առաջին

(Հարցազրույցի երկրորդ մասը կարդացեք մեր կայքում հաջորդ շաբաթվա սկզբին)

Արե՛գ, դու ակտիվորեն մասնակցել ես տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ պայքարին: Ի՞նչ տպավորություններ և սպասելիքներ ունես:

— Երիտասարդների ամառային նման ակտիվությունը իսկապես շատ տպավորիչ էր: Բացի նրանից, որ բողոքի միջոցառումների շարքը հասավ տվյալ փուլի նպատակին, նաև տվեց այլ դրական արդյունքներ: Կուզենայի հատկապես նշել Սերժ Սարգսյանի փչած՝ «գաղջ մթնոլորտ» կոչված փուչիկի պայթեցումը: Այն, որ իշխանահպատակ քարոզչակենտրոնները ջանք ու եռանդ չէին խնայում նախագահի պաշտոնը զբաղեցնողի այդ արտահայտությունը սնուցելու, մեծացնելու, տարածելու և հիմնավորելու համար, երևում էր արդեն բավական երկար ժամանակ: Ողջ ռեժիմամետ մամուլը հանկարծ սկսել էր մտահոգվել քաղաքացիների բարոյահոգեբանական վիճակով. հասարակական անտարբերությունը, հուսահատությունը, պայքարելու և ընդհանրապես Հայաստանում ապրելու ցանկության բացակայությունը ներկայացվում էր որպես բացարձակ ճշմարտություն:
Իհարկե, այս ամենի պատասխանա-տվությունը չէր դրվում իշխանությունների վրա, քանի որ իբր բոլորս էլ գիտենք, թե իշխանություններն ինչպիսին են, և իշխանությունների հանցավորությունը չէր կարող հասարակական այսպիսի խոր ապատիայի պատճառ դառնալ: Անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանը, հակադարձելով ԱԺ նիստի ժամանակ Լևոն Զուրաբյանի հարցադրումներից մեկին, արտագաղթի ծավալների մեծացման մեջ ցինիկաբար մեղադրեց ընդդիմությանը, որն իբր չի կարողանում այլընտրանք դառնալ իշխանություններին: Եվ հենց այս քարոզչական գծի ջախջախումն էր, որ կարելի է շարժման ամենամեծ ձեռքբերումը համարել: Ընդհանրապես՝ պայքարող քաղաքացու կամ պայքարելու պատրաստ քաղաքացու համար շատ դժվար է տեսնել կամ գտնել մյուս այդպիսիին: Դրա պատճառը մեծապես ինֆորմացիոն շրջափակումն ու նմանատիպ քարոզչությունն է: Մեզանից շատերը, եթե ոչ բոլորը, իսկապես կարծում էին, որ Հայաստանում մնացել են եզակի խմբեր, որ պատրաստ են դիմադրել ռեժիմին: Եվ շատերին կարող էր թվալ, որ ապօրինությունների դեմ պայքարում ինքը կարող է միայնակ մնալ, բայց սոցիալական ցանցերի միջոցով ինքնակազմակերպված ակտիվիստները, կարծում եմ, համոզեցին, որ պայքարող տեսակը շատ է Հայաստանում: Երիտասարդն իր բնույթով պետք է լինի ըմբոստ և պայքարող:  Երիտասարդն է, որ անընդհատ պետք է պահանջի և տեր կանգնի իր ապագային: Եվ այս առումով, կարծում եմ, շարժումը տվեց նաև երկրորդ մեծ արդյունքը: Բազմաթիվ երիտասարդներ, պայքարողներ ծանոթացան միմյանց հետ, հաղթահարեցին խուժանին և խուժանից չտարբերվող ոստիկանությանը դիմադրելու բարդույթը, ինքնավստահություն ստացան, հավատ ձեռք բերեցին սեփական ուժերի նկատմամբ: Կարևոր ձեռքբերում էր նաև քաղաքական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների և անհատ քաղաքացիների համագործակցությունը: Այս հարցում մենք բավական առաջընթաց ունենք: Կարող եք համոզված լինել, որ այս իրադարձությունները մեծ նպաստ են ունենալու հետագայում ավելի մեծ ընդվզման կազմակերպման գործում:

Իշխանության վախը քաղաքականացումն է

Ի՞նչ ես կարծում՝ շարժումը կոտրելու կամ  հետագա զարգացումներից խուսափելու համա՞ր ընդամենը վեցերորդ օրը ուղեվարձի բարձրացման որոշումը կասեցվեց:

-Դա երևաց հենց այդ նույն օրը: Եթե չեմ սխալվում, հենց նույն օրն էր, երբ Կառավարությունում Տիգրան Սարգսյանը իր խոսքով ցույց տվեց, որ իշխանությունների վախը հարցի քաղաքականացումն է, քաղաքական ուժերի միացումը այդ շարժմանը: Տիգրան Սարգսյանի ասածը, եթե  թարգմանենք ավելի հասկանալի լեզվով, մոտավորապես այն էր, որ շատ լավ եք անում, ամեն ինչ շատ լավ է, մենք ձեզ սիրում ենք, միայն թե կուսակցությունների հետ չհամագործակցեք, գործ չունենաք քաղաքական ուժերի հետ, որովհետև նրանք բոբո են:
Ու դրանից մի քանի ժամ անց գինը իջավ:
Իհարկե, իշխանությունները գիտեին, որ արդեն ստիպված են գինը իջեցնել, բայց դա հարկավոր էր իրականացնել հնարավորինս անցավ: Ու այդ նպատակով ուղղակի փորձ կատարվեց վերահսկելի և չքաղաքականացող դարձնել նաև հետագա հնարավոր բողոքի ալիքները՝ ցույց տալով, թե իբր քաղաքացին կարող է հասնել իր նպատակներին բացառապես այն ժամանակ, երբ հեռու է քաղաքական ուժերից:  Այս ուղղությունը շատ ակնհայտ է իշխանությունների մոտ. նրանց միակ վախը ցանկացած հարցի քաղաքականացումն է:

Դու նշեցիր, որ իշխանությունները վախենում են հարցի քաղաքականացումից: Ըստ քեզ՝ քաղաքականի և քաղաքացիականի միջև իրո՞ք կա հակադրություն, թե՞ դա իշխանական սադրանքի մի մաս է: 

Քաղաքական ուժերը չեն կարող առանց քաղաքացիների, քաղաքացիները՝ առանց քաղաքական ուժերի: Այստեղ այլ տեսակետ լինել չի կարող: Մնացածը արհեստական, իշխանական քարոզչությանը նպաստող հեքիաթներ են, որոնց պետք չէ լուրջ վերաբերվել: Միանշանակ է, որ այս երկուսի միջև կան տարբերություններ, բայց դրանց տարաձայնությունների, հակադրությունների և, շատ ժամանակ՝ սուր կոնֆլիկտների վերածումը բացառապես իշխանությունների ձեռքի գործն է: Վերջնական` իրավական պետություն ստեղծելու նպատակին հասնելու ճանապարհին անխուսափելի է դառնում սրանց միաձուլումը մեկ քաղաքական ուժի, քաղաքական նպատակի շուրջ, այսինքն` շոշափելի, ամուր արդյունքի հասնելու համար հարկավոր է, որ ինքնակազմակերպված քաղաքացիական խմբերը ուշ թե շուտ
կա՛մ իրենք վերածվեն իշխանափոխության հավակնություններ ունեցող քաղաքական ուժի, կա՛մ միանան այդպիսի նպատակներ ունեցող ուժին: Մնացած բոլոր տարբերակները ուշ թե շուտ վերածվելու են ինքնանպատակ պայքարի, որի նպատակը կա՛մ, այսպես ասած, նյարդեր հանգստացնելն է, կա՛մ անձնական որոշակի շահերի հետապնդումը, սակայն այսօր որոշ քաղաքական ուժերի, ինչպես նաև քաղաքացիական նախաձեռնությունների գործելակերպից կարելի է ենթադրել, որ չգնալով հաղթանակ երաշխավորող ճանապարհով՝ նրանք ուղղակի խուսափում են վերջնական հաջողությունից: Հաղթանակը, ինչքան էլ որ զարմանալի է, կարող է այդքան էլ ցանկալի չլինել որոշ շրջանակների համար: Այն, կարելի է ասել, վերջը չէ, այլ հակառակը՝ սկիզբն է քրտնաջան և երկարատև սևագործ մի աշխատանքի, որտեղ անհրաժեշտ է պատասխանատվություն:
Հաղթանակից հետո հարկավոր է ապացուցել պատերազմի անիմաստ չլինելը, իրականացնել այն նպատակները, հանուն որոնց և կերտվել է այդ հաղթանակը: Իհարկե, այստեղ մեծ տեղ ունեն իշխանական սադրանքները: Հորիզոնական կազմակերպման մեխանիզմը շատ խոցելի է իշխանական սադրանքների նկատմամբ, քանի որ այդ առումով ինքնապաշտպանության ձևեր չունի իր մեջ: Շատ դժվար է հասկանալ, թե այդ շարժման մեջ ով է ներդրված իշխանությունների կողմից, ով է հետապնդում նեղ  անձնական շահեր, ովքեր են ազնիվ, անկեղծ պայքարում իրենց նպատակի համար: Եվ այս անգամ էլ մենք չխուսափեցինք քաղաքական-քաղաքացիական արհեստական տարանջատումներից, ինչը որևէ տրամաբանական հիմք չունի: Սակայն դրանք, համեմատած նախկին տարիների հետ, զգալիորեն նվազել էին: Եվ շատ հաճախ արդեն հենց քաղաքացիական շրջանակներն էին հակադրվում արհեստական տարանջատումներին: Թյուրըմբռնումների տեղիք տվեց նաև իմ, ինչպես նաև այլ կոնգրեսականների ակտիվ մասնակցությունը բողոքի միջոցառումներին: Ընդամենը ասեմ, որ անկախ նրանից, թե ոնց է մեկնաբանվում իմ կամ ՀԱԿ մյուս անդամների ու համակիրների մասնակցությունը նմանատիպ գործընթացներին, ես մասնակցում եմ բացառապես որպես Հայ ազգային կոնգրեսի անդամ: Այլ կերպ լինել չի կարող: Կոնգրեսը մշտապես եղել է Սերժ Սարգսյանի վարչախմբին դիմադրող հիմնական ուժը: Ինչպես նաև  հաշվի առնելով այն, որ Կոնգրեսի առաջնային նպատակները բոլոր ոլորտներում հանցավոր կառավարում իրականացնող իշխանություններից ազատվելն է ու սահմանադրական կարգի վերականգնումը՝ բոլոր տեսակի պայքարի ձևերին մասնակցում, աջակցում կամ կազմակերպում եմ տվյալ նպատակների իրագործումը է՛լ ավելի մոտեցնելու համար: Հարկ է նշել, որ այս անգամ իշխանությունների կողմից այդ արհեստական տարանջատումը չստացվեց, բայց դա չի նշանակում, որ այլ սադրանքներ չեղան:

Հաջողությունը տարբեր խմբերի համագործակցությունն էր

Ի՞նչ սադրանքների մասին է խոսքը:

Այս անգամ վերահսկողությունը կամ վերահսկողության փորձը լրիվ այլ կերպ ընթացավ: Ակցիաներին հանկարծ մեծ թափով սկսեցին միանալ իշխանական քարոզիչներ` վերլուծաբաններ, ակտիվիստներ, ֆեյսբուքյան ստատուսագիրներ, հաղորդավարներ, դերասաններ, երգիչներ ու քաղաքական գործիչներ: Ակնհայտ էր, որ առանց Բաղրամյան 26-ի թույլտվության՝ այս տարրերը երբևէ չէին հանդգնի ընդդիմանալ իշխանություններին:  Շարժման վտանգավորությունը գիտակցելով և հասկանալով, որ քաղաքացիները կարող են ինչ-որ պահի դնել իրական վտանգավոր պահանջներ, այն է՝ իշխանությունների հեռացում, ակտիվիստների շարքերում ներդրվեցին ականներ, որոնք չպետք է թույլ տային իշխանությունների համար վտանգավոր զարգացումներ: Իշխանական ականները սադրել փորձել են թե՛ ֆեսյբուքում, թե՛ Մաշտոցի պուրակի քննարկումների ժամանակ, թե՛ ակցիաների ընթացքում:
Այդ օրերի ամբողջ ընթացքում մենք տեսանք, որ կային, առաջին հայացքից՝ պայքարողներին սատարող, սակայն իրականում թիրախները լղոզել փորձող մարդիկ, որոնց նպատակն էր թիրախավորել ոչ թե գոնե գծատերերին կամ քաղաքապետարանի աշխատակիցներին, այլ անտարբեր քաղաքացիներին և վարորդներին: Սա էլ շարժումը վարկաբեկելու միջոց էր, որովհետև այս արհեստական լարվածությունը անտարբերների, բայց, միաժամանակ, ռեժիմից մեզ հավասար տուժածների նկատմամբ, անտարբերներին վիրավորելը, վարորդների հետ բախումների գնալն անթույլատրելի էր, երբ կային իրագործելու կոնկրետ նպատակներ: Այս մարդկանց հարկավոր է ոչ թե պարտադրել պայքարել, այլ միայն օգնել գիտակցել պայքարի անհրաժեշտությունը:  Հարկավոր է գիտակցել, որ ցանկացած հարված ռեժիմից տուժածի նկատմամբ՝ անիմաստ երկրորդ ճակատի բացում է, անիմաստ կռիվ, որտեղ դու քո ռեսուրսները ծախսում ես և որևէ նպատակի ոչ մի ուղղությամբ չես կարող հասնել, որովհետև դու, փաստորեն, հարվածում ես քո պոտենցիալ համախոհներին: Եվ սա անընդհատ պետք էր բացատրել մարդկանց, որովհետև իրոք անկեղծ, բայց անփորձ երիտասարդներ կային, որ տրվում էին այս սադրանքներին: Իշխանությունները զերծ չմնացին նաև արդեն սովորական դարձած ստոր սադրանքներից: Մենք ականատես եղանք, թե ինչպես էին երիտասարդների ակցիաները փորձում խոչընդոտել գծատերերը, քաղաքացիական հագուստով ոստիկաններն ու քաղաքապետարանի աշխատակիցները, որոնք ակնհայտորեն փորձում էին հրահրել բախումներ ու անկարգություններ՝ ակտիվիստների գործողությունները խուլիգանական որակելու նպատակով:

Քաղբանտարկյալների գործով օգոստոսի հինգի դատավարությունից հետո դու գրել էիր, որ դատարանի մոտ էին բոլոր ակտիվ քաղաքացիական շրջանակները՝ նշելով, որ անկախ տարաձայնություններից՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ ցանկացած տեսակի դիմադրության ժամանակ նրանք պետք է համագործակցեն: Ինչպե՞ս ես պատկերացնում քաղաքացիական և քաղաքական տարբեր շրջանակների համագործակցությունը:

— Հաջողություններից մեկը ամենատարբեր քաղաքացիների, քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների համագործակցությունն էր: Եթե կա անկեղծ, ազնիվ  պայքար ռեժիմի դեմ, ապա այդ համագործակցությունը միշտ կա ինքնըստինքյան՝ առանց հատուկ ջանքեր գործադրելու, բայց այստեղ մենք տեսանք նաև համագործակցություն կոնկրետ քննարկումների, գործողությունների ժամանակ, ինչը ողջունելի էր և այս ծավալով, կարելի է ասել, աննախադեպ: Ռազմավարական առումով գուցեև տարաձայնություններ լինեն, որովհետև քաղաքացիական նախաձեռնությունները, օրինակ, երբեմն կողմ են ավելի փոքր թիրախների ընտրության, ինչը չես ասի Կոնգրեսի մասին, որը ունի մաքսիմում ծրագիր՝ ռեժիմի տապալում, իրավական պետության ստեղծում, սակայն, սրա հետ մեկտեղ՝ ապօրինությունների նկատմամբ ցանկացած ընդվզում ողջունելի է և արժանի աջակցության: Նմանատիպ տարբերությունները ոչ թե պետք է դիտարկել որպես հակադրություն, այլ, հակառակը՝ որպես փոխլրացում, փոխօգնություն՝ ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին: Եվ ուրախալին այն է, որ Հայաստանում արդեն կան դիմադրող բազմաթիվ օղակներ՝ ճիշտ է, դեռևս բարձր կազմակերպչական մակարդակի չհասած, բայց վճռական և երկարատև պայքարի պատրաստ: Սա խոսում է այն բանի մասին, որ Հայաստանում մեկնարկել են անդառնալի պրոցեսներ, որոնք ոչ մի լավ բան չեն խոստանում ռեժիմին:

Գծատերերին թիրախավորելը ճիշտ չէ

Ո՞րն էր, ըստ քեզ, տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հիմնական պատճառըԽնդիրը միայն գծատերե՞րն են, քաղաքապետարա՞նը, թե՞ քաղաքական համակարգը:

— Իհարկե, խնդիրը գծատերերը չէին: Գծատերերին ոնց ասեն՝ նրանք այդպես էլ կանեն: Տարոն Մարգարյանը և, ընդհանրապես, ողջ հանրապետական ավագանին  ընդամենը վերևից եկած հրամանների ու հանձնարարությունների կատարող են, և հետևաբար՝ ինչպես Հայաստանում առկա բոլոր խնդիրների սկզբնաղբյուրը, այնպես էլ՝ այս խնդրինը, Հայաստանում իշխանությունը հանցավոր ճանապարհով բռնազավթած  և Հայաստանի հարստահարումը որպես գերնպատակ ունեցող Սերժ Սարգսյանն ու նրա մերձավոր շրջապատն են:
Այս խնդրի հիմքը քաղաքական կամ տնտեսական ոլորտներում փնտրելը սխալ է: Դրա հիմքը միայն երկրում իրականացվող թալանն է: Տվյալ խնդիրը այդ մեծ թալանի փոքր մասնիկն էր: Մենք գիտենք, որ մեզնից շատ ավելի են գողանում, քան հիսուն կամ հարյուր դրամն է, ուղղակի հիսուն կամ հարյուր դրամը, որ մենք ստիպված էինք օրը երկու անգամ վճարել, մի քիչ ավելի շոշափելի էր, և նաև այդ պատճառով էր, որ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ բողոքի կազմակերպումը ավելի դյուրին էր, որովհետև իսկապես շոշափելի է, երբ օրական մի քանի անգամ գրպանիցդ հիսուն դրամ ավել ես վճարում: Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր փորձում են տնտեսական կամ քաղաքական պատճառներ գտնել և ներկայացնել այս ամենի մեջ, ուղղակի Սերժ Սարգսյանի և նրա թալանչի շրջապատի փաստաբանի դերն են կատարում: Այս առումով գծատերերին թիրախավորելը այդքան էլ արդյունավետ չէր՝ հաշվի չառած այն գծատերերին, որ նաև քաղաքականության մեջ են և քաղաքական պատասխանատվություն են կրում: Գծատերերը նույն գործարարներն են, որ ունեն տնտեսական շահ և հետապնդում են այդ շահը: Նրանք այնպիսի պայմաններում են, որ իրենց գոյատևումն էլ շատ դժվար է. պարտավոր են տալ ատկատներ, գծի աշխատանքի համար՝ կաշառքներ տարբեր կառույցների, հավելյալ հարկեր վճարել և ամենակարևորը՝ ստիպված են ծառայել իշխանություններին ընտրությունների ժամանակ: Նրանք այն բազմաթիվ օղակներից մեկն են, որ ծառայում են իշխանությունների վերարտադրմանը, բայց ծառայում են բացառապես որպես գործիք, այլ ոչ որպես գործընկեր: Նրանք այլ գործառույթ չունեն: Իհարկե, նրանց մեղավորությունը մեծ է, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց դեմ պայքարի ռեսուրսները երբեմն սուղ են կամ չեն բավականացնում բոլոր ուղղություններով, ինչը նորմալ է, կարծում եմ՝ արդյունավետ չէ այդ սուղ ռեսուրսներով թիրախավորել ռեժիմի գործիքներին, ոչ թե բուն ռեժիմը, որովհետև այդ գործիքները կարող են մաշվել, ջարդվել, բայց բուն ռեժիմը, որի նպատակը անձնական հարստացումն է, քանի դեռ գոյություն ունի, միշտ նոր գործիքներ է գտնելու, որպեսզի կազմակերպերպի իր հիմնական գործառույթը` թալանը:

Տարոն Մարգարյանն այդպես էլ չբացատրեց իր 10 միլիոնի ծագումը

Դու այդ երկու պաշտոնյաների՝ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականների պահանջը ճի՞շտ թիրախավորում ես համարում:

-Այդ պաշտոնյաները, իհարկե, պիտի պատասխանատվության ենթարկվեն, բայց նրանք չեն այն մարդիկ, որոնց հարկավոր է թիրախավորել Հայաստանում փոփոխությունների հասնելու համար: Ամբողջ ավագանու մեծամասնությունը ապօրինի կերպով հարստություն կուտակած և ապօրինի կերպով ընտրված մարդիկ են՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
Վերջինս այդպես էլ չբացատրեց, թե որտեղից իրեն այդ 10 մլն ունեցվածքը: Եթե քաղաքապետարանի գործունեության շրջանակներում կա մեկը, որը պիտի անհապաղ հրաժարական տա, դա Տարոն Մարգարյանն է, չնայած որ նա էլ իրենով ոչինչ չի ներկայացնում. նա ընդամենը այդ հանցավոր ավագանու անդամն է, այն քաղաքապետարանի սյունիկը, որը «Երևան» հիմնադրամի միջոցով կազմակերպում է ռեժիմի սնուցման համար նախատեսված համատարած կաշառքների հավաքագրումը: Եթե հիշում եք, կոռուպցիոն ռիսկեր պարունակող «Երևան» հիմնադրամի գործունեության ծավալների վերաբերյալ ևս հրապարակում չեղավ՝ չնայած մեր պահանջներին, այսինքն՝ քաղաքապետարանը իր աշխատակիցներով երկրի թալանը կազմակերպելու հարյուրավոր խողովակներից մեկն է:  Հիմա այդ մարդիկ կարող են ժամանակ առ ժամանակ ցուցադրաբար փոխվել, բայց ապօրինությունները չեն դադարելու, քանի դեռ գործում են այս իշխանությունները: Անգամ տրանսպորտի գնի իջեցումը երաշխիք չէ, որ մոտ ապագայում գինը չի դառնա, օրինակ, երեք հարյուր դրամ, և եթե անգամ այս մի ոլորտում էլ չկարողանան թալանել, մյուսներում կթալանեն: Այսինքն՝ թե՛ պատճառը` հանցավոր իշխանությունները, թե՛ հետևանքը՝ քաղաքացու հարստահարումը, մնալու են նույնը: Ոչինչ չի փոխվելու, բացի ձևերից: Հետևաբար՝ հարկավոր է գլխավոր պատճառները արմատախիլ անել և վերջապես ստեղծել օրենքի Հայաստան:

Այս պաշտոնյաների հրաժարականը պահանջող քաղաքացիների հիմնական նպատակը պատասխանատվության ինստիտուտի ձևավորումն է: Ինչպե՞ս ես վերաբերվում հարցի այս կողմին:

 -Այդ կողմն էլ կա, որ պետք է թիրախավորել պատասխանատուներին, գործիքներին, որպեսզի պատասխանատվության ինստիտուտ ձևավորվի: Պատասխանատվության ինստիտուտը շատ լավ բան է. եթե այն սկսի աշխատել, կդառնա Հայաստանում օրինականության հաստատման երաշխիքներից մեկը, բայց դա հեշտ չի կարող տրվել. դա կգործի այն ժամանակ, երբ դու համոզված լինես, որ պաշտոնյան, ով հանցագործություն է գործում, պատասխանատվության է ենթարկվելու ոչ թե քաղաքացիների ճնշման հետևանքով, այլ պատկան մարմինների կողմից, այսինքն՝ մեզ պետք է այնպիսի մի իրավիճակ, որում առաջինը դատախազությունը, ոստիկանությունը արձագանքեն նման հանցագործություններին, ոչ թե հասարակությունը: Ռեժիմի առկայության դեպքում դա քիչ հավանական է: Սա հնարավոր է միայն օրինակարգ իշխանության ձևավորման պայմաններում, որը կլինի բացառապես տվյալ վարչախմբի հեռացման արդյունք: Այս իշխանությունները իրենց նպատակները (թալանի կազմակերպում և կուտակված հարստության պահպանում) իրականացնելիս երբեմն կարող է զիջեն քաղաքացիներին, երբեմն՝ ինչ-որ պաշտոնյայի հանեն, ինչ-որ պահանջ կատարեն, բայց դա երբեք չի կարող երաշխիք լինել, որ ապօրինություններ չեն լինելու, որովհետև այս իշխանությունները բնույթով հանցագործ են և միայն ապօրինություններ գործելով կարող են մնալ իշխանության և հետագայում վերարտադրվել: Պետք է սա հասկանալ և սուղ ռեսուրսների պայմաններում ընտրել հնարավորինս ճիշտ թիրախներ, եթե ոչ տապալելու ռեժիմը այդպիսի ռեսուրսներով, ապա տապալման գործընթացից առաջ ռեժիմը հնարավորինս թուլացնելու նպատակով:

(շարունակելի)

«Հարցազրույց Հայաստանի հետ» հարցազրույցների շարքի մյուս նյութերը

Նախորդ հոդվածը‘Ռուստամ Իբրահիմբեկով. «Խնդրում եմ պաշտպանել Ջամիլ Հասանլիի թեկնածությունը»’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Քանի դեռ Տիգրան Առաքելյանը բանտարկված է, բանտարկված ենք բոլորս (տեսանյութ)’