‘«Հարցազրույց Հայաստանի հետ»: Արմեն Հովհաննիսյան. Օրենքը միակ լեզուն է’

4355

«Հայազն» կուսակցության անդամ, «Ընդդեմ օտարալեզու դպրոցների» նախաձեռնության մասնակից, սեպտեմբերի 21-ի Անկախության երթի կազմակերպիչներից՝ Արմեն Հովհաննիսյանի հետ զրուցեց Ռիմա Գրիգորյանը

Արմեն, վերջին շրջանում ծավալվեցին քաղաքացիական տարբեր շարժումներ: Քաղաքացիները փորձեցին լուծել տրանսպորտի ուղեվարձի, Կոմիտաս 5-ի, Փակ շուկայի և այլ խնդիրներ: Կարծես թե միայն առաջինի դեպքում հաջողություն գրանցվեց: Ինչո՞վ եք պայմանավորում սա. արդյո՞ք դրանով իշխանությունները փորձում էին տուն ուղարկել քաղաքացիներին:

-Կարծում եմ, ինչպես հաճախ է լինում, մի քանի գործոն դեր խաղաց:  Նախ՝ ելույթների ծավալը, կազմակերպվածությունը, եռանդը, սոցիալական ներգրավվածությունը, այլ տիպի՝ ապակենտրոն, ցանցային մոդելների կիրառումը, անակնկալ էին  նաև իշխանության համար: Միաժամանակ՝ իշխանությունը, իրենց պատկերացմամբ, բարդ արտաքին քաղաքական «խաղերի» մեջ էր: Որոշեցին ավելի չսրել իրավիճակը՝  հերթական անգամ Տարոն Մարգարյանի և իրեն սատարող ուժերի հաշվին:

-Այս քաղաքացիական շարժումների ժամանակ շատ հաճախ արդեն քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներն են ասում, որ իրենց արածը քաղաքականություն է: Քաղաքացիական և քաղաքական դաշտերի ներկայացուցիչները սկսել են խոսել համագործակցության հնարավորության և անհրաժեշտության մասին: Որքանո՞վ եք դա համարում հնարավոր և անհրաժեշտ:

-Բազմիցս նշել ենք, որ քաղաքական-քաղաքացիական բաժանումը արհեստական է: Հանրային հնչեղության և իշխանական լուծումներ պահանջող ցանկացած խնդիր քաղաքական է: Թեկուզ և Երևանում անվճար հանրային զուգարանների տեղադրման հարց լիներ՝ դա նույնպես բացառապես քաղաքական հարց կլիներ, քանի որ որոշում է պահանջում, բյուջեից պաշարների հատկացում, որոշակի վերահսկողություն և այլն: Ավելի բարդ խնդիր է քաղաքական կուսակցությունների հետ ներդաշնակ փոխհարաբերման մոդել գտնելը: Մեր կարծիքով՝ շարժումները պետք է «կույր» լինեն ակտիվիստների կուսակցական պատկանելիության հարցում, իսկ կուսակցական ակտիվիստները երբեք չփորձեն շարժումը կցել իրենց քաղաքական ուժին: Շարժումները կարող են օգտագործել կուսակցությունների պաշարները, այդ թվում՝ լոբբիստական, բայց՝ ոչ հակառակը:

-Վերջին շրջանում շատացել և ուժեղացել են ակտիվ քաղաքացիների նկատմամբ ճնշումները: Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ ունեն դրանք, և ինպե՞ս է պետք հակազդել այդ ճնշումներին:

— Գիտեք, երբ այս ամենը սկսվում էր, սկսած բնապահպանական շարժումից,  շատերը դավադրամոլական եզրահանգումներ էին անում՝ կապված դրանց կառավարելիության հետ: Ես համոզված էի, որ վաղ թե ուշ այս ամենը այնքան է ընդլայնվելու, որ իշխանության և, ավելի լայն կտրվածքով, իշխող դասի համար մեծագույն խնդիր է դառնալու: Սա ընդամենը փորձ է ջինին նորից շշի մեջ փակելու: Երկարաժամկետ հեռանկարում չի ստացվի, իհարկե․․․

-Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի`Մաքսային միություն մտնելու մասին, այնինչ մինչ այդ արևմտամետ քաղաքականություն էր վարում: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս եղավ, որ արևմտամետ քաղաքականությունը միանգամից հակառակ արդյունք գրանցեց: Ո՞վ է պատասխանատու այդ որոշման համար:

-Մի՞թե սա առաջին անգամ է: Հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների ոդիսականը հիշենք: «Ղալաթ ուտելուց» հետո ռուսներից հայրական ծեծ ստանալը ու մեր ազատության հաշվին «բարիշելը» Սերժ Սարգսյանի ֆիրմային ոճն է, այսպես ասած՝ իր այցեքարտը: Դա բխում է, նախևառաջ,  իր խավին հատուկ խորքային վախ-ատելությունից  իրենց կողմից թալանված և իրավազրկված հայ ժողովրդի նկատմամբ, և «ինտեգրացավից»՝ ինչ- որ մեծ աշխարհածավալ համակարգի մի անկամ պտուտակ դառնալու տենչից, որն իրականում իրենց համար նաև ռացիոնալ հիմք ունի: Միայն դրսի կողմից երաշխավորված գաղութային ադմինիստրացիա դառնալով՝ կարող են ապահովել և երկարաձգել իրենց արտոնությունները: Պատասխան պետք է տան անձամբ Սերժ Սարգսյանը և այն մակաբույծ բռնազավթիչ խավը, որին նա պատկանում է:

-Հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում տեղի ունեցող վերջին իրադարձությունների համատեքստում կրկին արդիական է դառնում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ պահանջին, և, ի՞նչ եք կարծում՝ այդ պահանջը կկարողանա՞ համախմբել հասարակության տարբեր շերտերի:

-Դա շատ արդարացված, բայց ոչ բավարար պահանջ է: Առանց Հայաստանում ազգային պետության հաստատման, խորքային ֆունդամենտալ փոփոխությունների՝ դա կարող է վերածվել պարզապես մեկ բռանազավթիչին մյուսով փոխելու գործընթացի:

-Կարծիքներ կան, որ միանշանակ ընդունելի է եվրոպական ինտեգրումը: Կարծիքներ կան նաև, որ ցանկացած ինտեգրում անիմաստ է ոչ լեգիտիմ նախագահի դեպքում: «Հայազն» կուսակցությունը, որի անդամն եք Դուք, դեմ է և՛ եվրոպական, և՛ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին: Ո՞րն է Ձեր դիրքորոշումը:

— Մեր դիրքորոշումը միանշանակ է՝ ինքնիշխան, միացյալ Հայաստանի Հանրապետություն, որն ազատորեն, ո՛չ իր շահերի և ինքնիշխանության հաշվին,   համագործակցում է բոլոր ոչ թշնամական պետությունների, վերպետական կազմավորումների հետ: «Թշնամական»-ը մեզ համար զգացմունքային եզրույթ չէ, այլ օբյեկտիվ իրողության փաստում: Ադրբեջանը թշնամական պետություն է, Չեխիան կամ Մոնղոլիան՝ ոչ:

Դուք եղել եք «Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության  անդամ: Հիմա այս խնդիրը ավելի քան հրատապ է դառնում: Հայտարարվել է Հայաստանում ռուսական գիմնազիայի և Մոսկվայի համալսարանի մասնաճյուղի բացման մասին: Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը արդեն խոսել է այդ մասին՝ լեզվի խնդիրը համարելով պետական անվտանգության հարց, միաժամանակ կարծիք հայտնելով, որ խնդիրը ոչ թե Մոսկվայից է գալիս, այլ մեր ներսի ռուսախոս քաղքենիներից: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է պետք անել հնարավոր վտանգներից խուսափելու համար:

-Այդ օրենքի «բարեպղծումը» վարչակարգի՝ օտարների առաջ կապիտուլյացիայի առաջին և ամենածանր քայլերից էր: Ավելի վտանգավոր, քան տխրահռչակ «գույք՝ պարտքի դիմաց» և նմանատիպ ծրագրերը: Դիմադրությունը այդ կարևորագույն ոլորտում առաջնային է դառնում, և հանդուրժողականության  ու քաղցր-մեղցր կեղծ բարության ժամանակն անցավ: Հայերենի բացարձակ գերակայության ընդդիմախոսն այսուհետ թշնամի է և կոլաբորացիոնիստ:  Կարծում եմ ՝կարիք չկա հիշեցնելու, թե ինչպես էին վարվում կոլաբորացիոնիստների հետ նույնիսկ ամենաժողովրդավարական ավանդույթներով երկրներում:

-Կուսակցությունը, որի անդամն եք, և՛ազգայնական է, և՛ կողմ է սահմանադրությանը: Ինչպե՞ս են համադրվում ազգայնականությունն ու քաղաքացիականությունը, պահպանողականությունն ու առաջընթացը:

-Մենք 21-դարի ուժ ենք, և աշխատում ենք հնարավորինս զերծ մնալ վերջին մոտ երկուսուկես դարի ծնունդ ցանկացած «իզմերից», այդ թվում՝ նացիոնալԻԶՄ, կոնսերվատԻԶՄ: Մենք ազգայնական ենք, քանզի դա մեզ համար բնական մտածելակերպ է, բնական կենսաձև ու արժեհամակարգ: Որոշ արժեքների նկատմամբ շատ հոգատար ենք և նվիրված, օրինակ՝ լեզվից խոսեցինք: Որոշ բաներ համարում ենք հնացած և վտանգավոր: Այստեղ մենք արմատական ենք:  Կարևորը դարի ոգուն հարիր ազատ մտածելակերպն է, իսկ սահմնադրության մասով կասեմ՝ այո, օրենքը միակ լեզուն է, որով պետությունը կարող է դիմել իր քաղաքացուն: Մնացածը բռնապետություն է և շահագործում՝ մեզ համար լիովին մերժելի երևույթներ:

Ակտիվորեն մասնակցեցիք սեպտեմբերի 21-ի երթի կազմակերպմանը, ո՞րն էր երթի իմաստը, եւ արդյո՞ք այն ստացված կարելի է համարել:

Երթին մասնակցելու որոշումը կայացավ ՄՄ-ին միանալու հայտարարությունից մի քանի օր անց: Նախ՝ մասնակցեցի, բնականաբար, Հայազնի միջոցառմանը: Բայց հստակ գիտակցում կար, որ կան վերխմբային արժեքներ, որոնց համար պայքարը համաքաղաքացիական համազգային բնույթ և նշանակություն պետք է ունենա: Սեպտեմբերի 21-ը հենց այդ ընդհանրականությունը առավել շեշտող օր էր: Արդեն երթի նախապատրաստական փուլում, երբ միացանք արդեն իսկ հայտարարված ֆեյսբուքյան իրադարձությանը, հաճելի անակնկալի եկանք ներառականության և տարբեր ուղղությունների ջանքերի համադրման պահով: Երթը, դա շատ կարևոր է՝ ցուցադրեց, որ Հայաստանում կան ակտիվ մարդիկ՝ անկախության հանդեպ պասիոնար, անզիջող մոտեցումով: Եվ, իհարկե, շեշտեց տվյալ վարչախմբի բացարձակ անիրավասությունը որևէ կերպ տնօրինել երկրի ճակատագիրը:

«Հարցազրույց Հայաստանի հետ» հարցազրույցների շարքի մյուս նյութերը

Նախորդ հոդվածը‘Քենիայի փոխնախագահի դատավարությունը. դատախազը կաշառատվության դեպք է հայտանաբերել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի համար ոստիկանապատել են ԵԽԽՎ շենքը. Ֆոտոշարք’