‘
Կալանավայրերում տիրող պայմանների, բանտային կոռուպցիայի, անազատության մեջ անցկացրած երկու տարիների, ՀԱԿ-ի, Շանթ Հարությունյանի եւ այլնի մասին նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանի հետ զրուցեց Ռիմա Գրիգորյանը
—Տիգրա՛ն, երկու տարի քաղբանտարկյալ ես եղել: Բանտից դուրս գալուց հետո ասում էիր, որ դեռ պետք է ծանոթանաս իրավիճակին և հետո որոշես՝ ինչի մեջ ներգրավվել: Հիմա ի՞նչ ես որոշել: Ինչո՞վ ես պատրաստվում զբաղվել:
Դեռ մեկ ամիս է անցել ընդամենը: Իրականում ադապտացիայի խնդիրը շատ լուրջ է: Ես երկու տարի բաց եմ թողել իմ շփումը ընկերներիս հետ, և հիմա բացեր կան էդ շփումների մեջ, որովհետև բաց ենք թողել միմյանց երկու տարիները: Ինչով զբաղվել եմ՝ դրանով էլ զբաղվելու եմ. նորից ակցիաների եմ գնալու, դատարաններ: Ես չեմ մեծամտացել:
—Երկու տարվա բացակայության ընթացքում ինչ-որ զգալի տարբերություն նկատե՞լ ես:
Երկու տարվա ընթացքում կոնտրաստը իմ նախկին տեսածի եւ այսօրվա միջեւ տխրեցնող է: Ինձ ցնցեց ու տխրեցրեց մի շատ դաժան իրականություն։ Գնացի իմ ծննդավայր՝ Լուսակերտ։ Սարսափելի վիճակ էր, գյուղի կեսը արդեն Հայաստանում չէ: Երբ ասում ենք արտագաղթ, միգուցե, այնուամենայնիվ, լավ չենք պատկերացնում իրականությունը։ Մեր դասարանից մեկ-երկու հոգի է մնացել երկրում։ Հարկադիր մեզ բաժանում են մեր շրջապատից, ընկերներից:
—Երկու տարի ինչո՞վ էիր զբաղված բանտում: Ի՞նչ էիր անում:
Փորձում էի հնարավորության սահմաններում կազմակերպել օրս: Երկու հարյուրից ավելի տարբեր բաներ եմ գրել: Քիչ էի կարդում, քանի որ պայմանները տրամադրող չէին կարդալու համար. մենակ լինելու դեպքում կկարդայի: Բաժանորդագրվել էի և ամեն առավոտ մամուլ էի ստանում, կարդում: Զբոսանքի ժամ ունեի, նաև մարզվում էի: Շատ մեծ ընտրություն չկար՝ զբաղմունքի հետ կապված, բայց օրս լցված էր՝ ամեն դեպքում:
—Հարցազրույցներից մեկում ասել ես, որ պատկերացնում ես, թե ինչ բարեփոխումներ կարելի է անել քրեակատարողական հիմնարկներում: Ի՞նչ խնդիրներ կան այնտեղ:
Քանի որ փակ տարածք է, դրսից չենք կարող տեսնել շատ խնդիրներ, բայց երկու տարի ներսում լինելով՝ բազում խնդիրների եմ ականատես եղել: Քանի որ իմ նկատմամբ եղել է առանձնահատուկ մոտեցում, կպատմեմ ոչ թե ինձ հետ պատահած խնդիրների մասին, այլ ընդհանուր խնդիրների մասին: Մարդը ունի սննդի, տեսակցությունների իրավունք, մաքուր անկողին ստանալու իրավունք. նա զրկված է ազատությունից, ոչ թե տարրական բաներից, որ նախատեսված են բյուջեով: Այս խնդիրների համար պետք է հետևողականորեն պայքարել ոչ միայն դրսից, այլև ներսից, բայց խնդիրն այն է, որ կալանավորը չի կարող իր խնդրի պահանջատերը լինել, որովհետև կարող է ճնշվել ներսում: Եվ էնպես է, որ կալանավորները բողոքարկում են իրենց վճիռները, բայց չեն բողոքում իրենց կենցաղային պայմաններից: Չի կարող կալանավորը բողոքել իր պայմաններից, քանի որ այդ իրավունքները խախտվում են շատ բարձր մակարդակով: Էնպես չէ, որ հասարակ հսկիչը կամ բանտապետն են դրա պատճառը: Խցերը, մեղմ ասած, գերծանրաբեռնված են: Դա նշանակում է, որ քսանչորս քառակուսի մետր տարածքում ապրում է քսան մարդ: Այդտեղ կա տասը քնատեղ, այսինքն՝ մարդիկ պիտի քնեն հերթով: Դա արդեն առաջացնում է հիգիենիայի խնդիր. այդքան անկողին չկա, և ստիպված քնում են նույն անկողնում: Գերծանրաբեռնվածությունը հիմնական խնդիրն է, որը առաջացնում է կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային բարդ հարաբերություններ: Արդեն վայրի տարր կա նրա մեջ, որ քսան հոգի ապրում են մի խցում: Կարծես էքսպերիմենտ անեն մարդու վրա: Չեմ ուզում ուտողներին վիրավորել, բայց այդ սնունդը անգամ ուտելու պիտանի չէ: Արհեստական կոնֆլիկտներ և իրավիճակներ են ստեղծվում, որ տանում են փող աշխատելու: Դրսից շատ դժվար է տեսնել, բայց ներսում, այս խնդիրների հետ կապված՝ մարդիկ շատ լուրջ փողեր են աշխատում:
—Այդ դեպքում, ըստ քեզ, մեր քրեակատարողական հիմնարկները ինչքանո՞վ են կատարում իրենց ուղղիչ ֆունկցիան:
Դրանք ավելի շատ պատժիչ են, քան ուղղիչ: Մի օրինակ բերեմ. կա օրենքով սահմանված դրույթ, ըստ որի՝ եթե մարդը նորմալ է կրում իր պատիժը, որևէ խնդիր, տույժ չի ունենում (իհարկե, կարևոր է, թե ինչի համար է նստած), որոշ ժամանակ անց վաղաժամ ազատ արձակումը քննող հանձնաժողովը կարող է քննել նրա վաղաժամ ազատ արձակման հարցը: Սակայն չկա որևէ մեկը, որ այդ հանձնաժողովով ազատվի առանց միջնորդության: Իմ խցից մի տղա դատապարտվել էր ութ տարի ազատազրկման: Նա որևէ խնդիր չուներ վաղաժամկետ ազատվելու համար անհրաժեշտ բաղադրիչների հետ, բայց ազատ չարձակվեց: Ի դեպ, այդ հանձնաժողովը կոչումով անկախ է: Ես արդեն եզրակացնում եմ, որ իրենց ձեռնտու է մարդկանց պահել բանտում, որովհետև ամեն մարդու հաշվով բյուջեից գումար է նախատեսված: Էդ գումարը պիտի ծախսվի կալանավորների վրա, բայց չի ծախսվում և գրպանվում է ինչ-որ տեղից: Էդ գումարից չեն ուզում հրաժարվել: Ուղղվելու ոչ մի հնարավորություն չեն տալիս կալանավորին: Օրինակ՝ եթե դուրս գա այդ մարդը բանտից, ի՞նչ պիտի անի, մանավանդ որ արդեն ունի դատվածի պիտակ: Եթե, օրինակ, սովորեցնեին թեկուզ տեքստ հավաքել կամ մեկ այլ բան, մարդը դուրս կգար բանտից և կասեր, որ սա է սովորել, կարող է այս գործը անել, իսկ այսպես ինչպե՞ս է պատրաստվում պետությունը ուղղել մարդուն և վերադարձնել հասարակություն: Պետությունը որևէ բան չի անում, որ հետո այդ մարդը ինտեգրվի հասարակությանը:
—Տիգրա՛ն, հաճախ էին մարդիկ ասում, թե ու՞մ համար է գնացել նստել այդ տղան, ու՞մ համար է վատնում իր կյանքի ժամանակը: Ի՞նչ կասես դրա հետ կապված:
Որևէ մեկի համար ես չեմ գնացել նստել: Եթե որևէ մեկը պահել է իմ նկարը, իմ ազատությունն է պահանջել, ես շատ կտխրեմ, եթե դա անձամբ ինձ համար է արել: Անձամբ ինձ համար իմ հարազատ եղբայրը կարող է անել, իսկ եթե մարդը գիտակցաբար ուզում է, որ երկրում չլինի քաղաքական հայացքների համար բանտարկված անձ, նա արդեն իմ անձի համար չի անում, ինչպես ես 2008-ին պահանջել եմ քաղբանտարկյալների ազատությունը, բայց չեմ պահանջել էսինչյան էսինչի ազատությունը: Դա սխալ է. մենք անձերի համար չենք արել, այլ գաղափարների: Իմ պահանջը եղել է նրա համար, որ չլինի քաղբանտարկյալ երևույթը: Ինչ վերաբերում է նրան, որ ես երկու տարի ժամանակ եմ վատնել, իրականում այդպես չէ. ես ժամանակ չեմ կորցրել: Երբեք ազատության մեջ ես չէի կարող ինձ փորձել: Ազատության մեջ հաճախ եմ մտածել, թե ինչպես կանեի կալանավորված մարդու փոխարեն: Եվ էնտեղ ինձ սկսել եմ փորձել ու ստուգել՝ կանե՞մ, թե՞ ոչ: Վերջին երկու տարիները շատ ավելին են, քան էն քսանինը տարիները, երբ ես դրսում եմ եղել: Էդ երկու տարիները ես ոչ միայն կորած չեմ համարում, այլև գտած եմ համարում:
-Քո ազատության համար պայքարում էին մարդիկ, որոնք գուցե քո քաղաքական հայացքները չունեին:
Դա ինձ շատ ոգևորել էր: Ես նկատում էի, որ մարդիկ խնդիրը հասկացել են: Եթե երկու տարի առաջ Ալիկ Սարգսյանը առաջ էր քաշել շան հետ կապված անհեթեթ վարկածը, ապա այժմ դրան ոչ ոք լուրջ չէր վերաբերվում:
—Թեպետ դու ազատ արձակվեցիր, սակայն, այնուամենայնիվ, արդարացվեցիր միայն մեկ հոդվածով: Պատրաստվու՞մ ես դիմել Եվրոպական դատարան:
Իրավական հարթության մեջ որևէ բան տեղի չունեցավ. մի օր բռնել էին` մի օր բաց թողեցին: Քրեական դատավարության օրենսգիրքը ո՛չ մեզ ձերբակալելիս էր օգտագործվել, ո՛չ մեզ ազատ արձակելիս: Մեր ձերբակալությունը ընդամենը եղել է մի քանի հոգու ցանկություն, քաղաքական նպատակահարմարություն: Տղաներին ազատության մեջ էին պահել, ինձ՝ ներսում, որպեսզի փորձեին կաշկանդել մեզ և բոլոր այն քաղաքացիներին, որ կանգնած էին մեր կողքին: Երբ որ արդեն հրապարակային ճնշումը բավարար էր, էդ ժամանակ սկսեցին ազատ արձակելուն ուղղված քայլեր կատարել: Իմ խափանման միջոցը փոխելիս նրանք պնդեցին, որ սպասվում է հինգից տասը տարի, և հնարավոր է՝ ես խուսափեմ նախատեսվող պատիժը կրելուց: Նրանք, ըստ էության, քննություն չկատարեցին այն հոդվածի ուղղությամբ, որով ինձ հինգ-տասը տարի էր սպասվում, և որով, ըստ իրենց, ես կխուսափեի պատիժ կրելուց, այնինչ դատական պրոցեսում քննություն կատարվեց այլ հոդվածներով՝ կապված vivacell-ի վերծանումների հետ: Դատարանը դրանք քննեց և տեսավ, որ սուտ է, բայց դրանով ինձ մեղավոր ճանաչեց, իսկ քիթ կոտրելու հոդվածով (ես եմ միջնորդել, որ կրկնակի հետազոտության ուղարկեն քիթը, ես գիտեմ, որ չեմ խփել քթին) ինձ արդարացրեց՝ մերժելով կրկնակի հետազոտության հետ կապված իմ միջնորդությունը և դրա հետ կապված այլ քննություն չկատարելով, այսինքն՝ կրկնակի խոցելի է այդ դատավճիռը: Արդեն դիմել ենք Վճռաբեկ դատարան: Հույս չունեմ, որ մեր դիմումը կբավարարեն, և դրանից հետո ստիպված կլինենք դիմել Եվրոպական դատարան:
—ՀԱԿ կուսակցության անդամ ես: Քո բացակայության ընթացքում շատ բան տեղի ունեցավ: Կարծիքներ կան, որ ՀԱԿ-ը թուլացել է, նույնիսկ մահախոսականներ էին հնչում: Դու՝ որպես այդ կուսակցության անդամ, ի՞նչ կարծիք ունես:
Մեկ է՝ Կոնգրեսը ամենաուժեղն է, որովհետև իշխանությունների միակ թիրախը ՀԱԿ-ն է: Եվ եթե իշխանությունները այսքանից հետո միայն ՀԱԿ-ին են խփում, ուրեմն միակ ուժը, որ կարող է կոնսոլիդացնել, ՀԱԿ-ն է, որովհետև մյուսները, ամեն դեպքում, ինչ-ինչ թելերով կապված են իշխանությունների հետ:
—Ըստ քեզ՝ ե՞րբ Հայաստանում այլևս չեն լինի քաղբանտարկյալներ:
Քաղբանտարկյալին ազատ արձակելը դեռ չի նշանակում, որ մենք այլևս քաղբանտարկյալ չենք ունենալու: Այդ պահին կալանավայրում քաղբանտարկյալ չունենալը հետագայում կամ հենց տվյալ պահին քաղբանտարկյալ չունենալու ոչ մի երաշխիք չի տալիս: Քանի դեռ հասարակությունը թույլ է տալիս, միշտ էլ ունենալու ենք քաղբանտարկյալ: Կարծում եմ՝ դա անմիջականորեն կապված է ընտրությունների հետ: Եթե երկրի ղեկավարը ընտրվում է ոչ թե քաղաքացիների ձայներով, այլ բիզնես ծրագրով՝ գիտի՝ ինչքան փող պիտի տա, որ ընտրվի և հետո ինչպես վերադարձնի դրա կրկնապատիկը, ապա միշտ լինելու են էդպիսի ղեկավարներին ընդդիմացողներ: Եվ եթե ինչ-որ մեկն է բողոքում, որը փող չի վերցրել, և նրա վրա ազդելու լծակ չունեն, պիտի ընդամենը ազատազրկեն նրան: Սա արդեն վերջին մեթոդն է, որ շարունակ կիրառում են: Կարծում եմ՝ այն ժամանակ չի լինի քաղբանտարկյալ ունենալու վտանգ, երբ ունենանք լեգիտիմ իշխանություն:
Ինձ համար և՛ Վոլոդյա Ավետիսյանը, և՛ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալներ են: Ավելին՝ քաղբանտարկյալից բարձր է Շանթը: Ինքը հեղափոխական է՝ քաղբանտարկյալ՝ գումարած հեղափոխական:
Հեղափոխությունն էլ պիտի լինի լեգիտիմ: Ոնց որ քվեաթերթիկով ընտրությունը պիտի լինի լեգիտիմ՝ հիսուն գումարած մեկ տոկոս ձայնով, էնպես էլ հեղափոխության դեպքում՝ հիսուն գումարած մեկ տոկոսը պիտի դուրս գա հրապարակ: Գուցե կարելի է վիճել Շանթի ձևակերպումների հետ, բայց ինքը խնդիրը արդար է դնում: Ինքը գիտի, որ կդատվի դրա համար, բայց արթնացնում է մարդկանց:
‘