‘Հարցազրույց, որի պատճառով Սերժ Սարգսյանի նախարարը սպառնացել է ֆրանսիացի լրագրողին (Տեսանյութ)’

1391

iLur.am-ը արդեն տեղեկացրել էր, որ նոյեմբերի 14-ին Սերժ Սարգսյանի` Լիոն կատարած այցի ժամանակ տեղի է ունեցել դիվանագիտական միջադեպ` կապվածFrance3 հեռուստաալիքի թղթակից Օլիվիե Միշելի հետ, ով հարցազրույց է վերցրել Սարգսյանից:

«La Tribune de Lyon» պարբերականում, «Հայաստանի ջղայնացած նախագահը» վերնագրով լուրի մեջ, ֆրանսիացի լրագրողը պատմում է, որ ինքը Սարգսյանին է հարցրել Հայաստանում կոռուպցիայի մասին, եւ նաեւ այն մասին, որ կասկածներ կան, որ Հայաստանը սպասարկում է սիրական ռեժիմին: Նրա խոսքով, իր տված հարցերը լարված մթնոլորտ են ստեղծել հարցազրույցից հետո: «Հարցազրույցից հետո ինձ կանչեցին հայերենի թարգմանիչն ու հայ նախարարներից մեկը, ով հայկական պատվիրակությունում էր, և մատով սպառնաց ինձ»,- հայտարարել է ֆրանսիացի լրագրողը` հավելելով, ի դեպ, որ ինքը հաստատ իր հաջորդ արձակուրդները Հայաստանում չի անցկացնելու:

iLur.am-ը ներկայացնում է այդ հարցազրույցը, որը Սարգսյանը տվել է ֆրանսիական France 3 հեռուստաալիքին, եւ որի մասին իշխանական քարոզչամեքենան լուռ է մնացել. թերեւս ոչ ձեռնտու հարցերի պատճառով:

Կոռուպցիայի մասին

Լրագրողը հարցում է Սարգսյանին, թե դուք Սփյուռքից ակնկալում եք տնտեսական համագործակցություն, չնայած, որ ձեր երկիրը տնտեսական առումով վատ վիճակում է, դասակարգվում է կոռուպցիոն երկրների շարքին: Ապա հավելում է, թե ինչպե՞ս եք վստահություն ներշնչելու ներդրողներին:

Սարգսյանը, ում դեմքի արտահայտությունը ակնհայտորեն փոխվում է այս հարցից հետո, պատասխանում է, թե «մեր երկրում, ճիշտ է` կոռուպցիա կա, բայց դա նոր բան չէ, վաղուց է մտած»: Սարգսյանն ասում է, թե միայն մեր երկրում չէ, որ կոռուպցիա կա, այլեւս ողջ տարածաշրջանում: Ապա հավելում է, թե մյուս կողմից, հետեւողները կարող են հաստատել, թե ինչպես է Հայաստանի իշխանությունը, կառավարությունը կատաղորեն պայքարում այդ կոռուպցիայի դեմ: Նա հավելում է նաեւ, թե իհարկե, դա խոչընդոտ է, բայց ինչպես ինքը դրանից առաջ ասել էր Լիոնի առեւտրատնտեսական պալատում, կոռուպցիայի դեմ պայքարում նկատելի է առաջխաղացումը, եւ թե իզուր չէ, որ Հայաստանի մասին վերջին վերլուծություններում, (չի նշում, թե կոնկրետ ո՞ր վերլուծություններում-խմբ.), այդ մասին խոսք կա: Նա նաեւ հավելում է, որ ըստ Համաշխարհային բանկի դասակարգման, Հայաստանն այժմ գրավում է ընդամենը 38-րդ տեղը, եւ 18 կետով առաջխաղացում ունի անցյալ տարվա համեմատ: Սարգսյանն ասում է, թե ինքը չէր ասի, որ դա մեծ ձեռբերուոմ է,  բայց, ըստ նրա, ստացվում է, որ Հայաստանը գտնվում է 20 տոկոս այն երկրների շարքում, որոնք բարերար են բիզնես անելու համար:  

Արտագաղթի մասին

Հետո լրագրողը հարցնում է արտագաղթի մասին: Ասում է, որ 2011 թվականի ընթացքում Հայաստանից 3600 փախստական է ապաստան խնդրել Ֆրանսիայում: Նա հարցնում է Սարգսյանից, թե ինչպիսի՞ լուծումներ պետք է գտնեն ՀՀ իշխանությունները, որը կնվազեցնի արտագաղթի չափերը: Նա նաեւ հարցնում է, թե այդ ի՞նչ  վիճակում է Հայաստանը, որ այդքան քանակությամբ ապաստան խնդրող մարդիկ կան, որ այդքան մարդ է ցանկանում հեռանալ երկրից:

Սարգսյանը պատասխանում է, թե այդ մարդիկ փնտրում են ավելի լավ պայմաններ, ավելի լավ միջավայր, ավելի բարձր աշխատավարձ: Եվ ապա հավելում է, թե Հայաստանում պայմանները այնպես պետք է լավացնեն, որ մարդիկ չգնան երկրից:  

2008-ի մասին

Լրագրողը հարցնում է, թե 2013-ի փետրվարին նախագահական ընտրություններ են, արդյո՞ք Սարգսյանը առաջադրվելու է: Հարցին Սարգսյանը դրական պատասխան է տալիս: Այստեղ լրագրողը հիշում է մարտիմեկյան դեպքերի մասին: Նա ասում է, որ 2008-ի ընտրություններից հետո ցույցեր եւ ըմբոստություններ եղան, նույնիսկ` մահվան դեպքեր: Լրագրողը հարցնում է, թե ի՞նչ եք անելու, որ այս անգամ նման բան չկրկնվի:

Հարցին Սարգսյանը զավեշտալի պատասխան է տալիս:

Սարգսյանն ասում է, թե մենք արդեն բավական ջանքեր են գործադրել, հետո հավելում է, թե «դուք գիտեք, որ Աժ ընտրությունները շատ բարձր գնահատականի են արժանացել, եւ ՏԻՄ ընտրությունները շատ բարձր են գնահատվել դիտորդների կողմից: Ապա Սարգսյանը հավելում է, թե «մենք ամեն ինչ պետք է անենք, որ նույն ձեւով նաեւ գնահատվեն նախագահական ընտրությունները»: Հետո էլ հավելում է, թե, իհարկե հեշտ չէ, չի կարծում, որ Ֆրանսիան եւ մյուս զարգացած երկրները մեկ օրում են հասել այն վիճակին, ինչ ունեն այսօր:  

Հ.Գ. Ի դեպ, չնայած լրագրողը իր հայտարարության մեջ նշում է, որ ինքը Սարգսյանին հարցրել է նաեւ այն մասին, թե ճի՞շտ են այն խոսակցությունները, որ ՀՀ իշխանությունները աջակցում են սիրիական ռեժիմին, սակայն, այս հարցազրույցի մեջ Սիրիայի մասին խոսք չկա: Չի բացառվում, որ հենց այդ հարցից հետո էլ լրագրողին դուրս են հրավիրել եւ սպառնացել:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում մահապատժի են դատապարտել «Մահմեդականների անմեղության» հեղինակներին ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանն օրենքի գերակայության դասակարգման մեջ վերջին տեղերում է: Հայաստանը ցուցակում չկա ‘