‘Հարցեր խաղից հետո. Ինչո՞ւ Մխիթարյանը դարձավ հերոս’

2040

Գերմանիայի սուպերգավաթի հանդիպումը, որտեղ «Բորուսիան»  2:0 հաշվով հաղթեց «Բավարիային», հեռարձակվում էր 207 երկրներում: Սակայն որոշ իրադարձություններ մնացել են կադրից դուրս: Այնուհանդերձ,  այն ամենը, ինչը հեռուստադիտողները տեսել  են, նույնպես հարցեր են հարուցում:

Ինչո՞ւ է «Բորուսիայի» հաղթանակը պատմական:

Դորտմունդցիները Սուպերգավաթը ձեռք են բերում 5-րդ անգամ: Սա նոր գերմանական ռեկորդ է: Մինչև այս հաղթանակը, նրանք մյունխենցիների հետ հավասար արդյունք ունեին՝ 4-ական հաղթանակ: Նշենք, որ երկու ակումբներն էլ այս ավարի համար միմյանց դեմ պայքարի էին դուրս եկել 4 անգամ, 3-ում հաղթել է «Բորուսիան»:

Այս անգամ Կլոպի սաները թույլ տվեցին բավարիացիներին ընդամենը 4 անգամ հարվածել դարպասին: Իրենք՝ դորտմունդցիները, հակառակորդի դարպասին կատարեցին 22 հարված: 

Ինչո՞ւ Հենրիխ Մխիթարյանը դարձավ հանդիպման հերոս:

Դեռևս խաղից առաջ Յուրգեն Կլոպն ու ակումբի մարզական տնоրեն Միխայել Ցորկը նշել էին, որ հայ հարձակվողական ոճի կիսապաշտպանը գերազանց մարզավիճակում է: «Բավարիայի» հետ հանդիպումից հետո արդեն նրան գովում էին բոլորը: Մխիթարյանը դարձավ այս հանդիպման գլխավոր աստղը, և դա հիմնավորված էր: «Նա հիանալի էր շարժվում դաշտի կենտրոնում, և դորտմունդցիների գրեթե բոլոր լուրջ գրոհները նրա շնորհիվ էին տեղի ունենում: Միևնույն ժամանակ,նա դարձավ գոլի հեղինակ, նրա հաշվին են դարպասին ուղղված ամենաշատ հարվածները (5), և նա լավագույնն էր պայքարում»: Մի խոսքով, «Բավարիայի» պաշտոնական կայքի տվյալներով, Մխիթարյանը 100 տոկոսով հաղթել է հակառակորդի հետ պայքարում….

Ինչո՞ւ հեռուստաէկրաններին մի քանի անգամ ցույց տվեցին երկու մարզիչների ձեռքսեղմումը, իսկ հետո գրկախառնությունը:

Այստեղ ամեն ինչ միայն հարգանքով չէ պայմանավորված: Ամենայն հավանականությամբ այստեղ կապ կա Գվարդիոլիայի հետ  Ամերիկայում պատահած մի դրվագի հետ, որը տեղի է ունեցել «Բավարիայի» և MLS-ի հավաքականի հանդիպումից հետո: Այդ ժամանակ իսպանացին հրաժարվել էր սեղմել մարզչի՝ Ջոնսոնի ձեռքը, քանի որ վերջինիս սանը կոպիտ էր խաղացել Շվայնշտայգերի հետ. խաղացողը կաղալով թողել էր մարզադաշտը…

Դորտմունդում Գվարդիոլան շատ քաղաքավարի էր. «Շնորհավորում եմ Յուրգեն Կլոպին հաղթանակի համար»-ասել է լրագրողներին, իսկ հետո անդրադարձել բավարիացիների գործերին.«Ակնհայտ է, որ մեզ ժամանակ է պետք: Մենք ջանացինք, սակայն չկարողացանք վերահսկել խաղը: Մենք պետք է դեռ շատ մարզվենք, սակայն քիչ ժամանակ ունենք»: Իսկ Յուրգեն Կլոպը, իհարկե գոհ էր. «Մենք, իհարկե շատ լավ խաղ ցուցադրեցինք, թեև, մեզ դեռ ժամանակ է պետք…»:

Ինչո՞ւ չխաղաց Բաստիան Շվայնշտայգերը:

Ոչ միայն Ամերիկայում ստացած վնասվածքի պատճառով: Բաստիանին, ում 30-ամյակը վերջերս է լրացել, պետք է պահպանել: Նրա մկանային համակարգը և հոդերը շատ զգայուն են դարձել: «Բավարիայի» և Բունդեսթիմի բժիշկ Մյուլեր Վելֆարտը կարծում է, որ ֆուտբոլիստը աշխարհի առաջնությունից հետո պետք է ավելի երկար հանգստանար:

Իսկ ահա Գերմանիայի հավաքականի կազմում ունեցած հանդիպումներով ռեկորդակիր (150) Լոթար Մաթեուսը, ով իր ժամանակին խաչաձև հանգույցների և կրնկի ծանր վնասվածքներ է ունեցել, նշում է, որ Բաստիանի հանդեպ մեծագույն հարգանք տածելով, այս ֆուտբոլիստը լավ կլինի, որ հեռանա հավաքականից:Այս մասին կիսապաշտպանը անգամ մտածել չի ուզում, դեռ ավելին՝ դեմ չէ հավաքականի ավագը դառնալուն:

Ինչո՞ւ չխաղաց Թոմաս Մյուլերը

Ոչ միայն կադրային խնդիրների և  աշխարհի չեմպիոնների դեռևս պատրաստ չլինելու պատճառով: Աշխարհի առաջնության եզրափակչից հետո, Թոմասը թիմ է եկել միայն օգոստոսի 6-ին: Ֆուտբոլիստը հրաժարվել էր նաև խաղալ Ամերիկայի ընկերական հանդիպումներում: Ի դեպ, դորտմունդցիների կազմում նույնպես բացակայում էին 6 առանցքային խաղացողներ՝ Հյումելսը, Վայդենֆելերը, Շահինը, Գյուրդողանը, Բլաշիկովսկին: Հաղթեց Կլոպի տակտիկան. նրա թիմը շատ շուտ պրեսինգի ենթարկեց և  հակառակորդին զրկեց գործելու տարածքից:

Ինչո՞ւ դորտմունդցիները հանգիստ ընդունեցին Լևանդովսկուն:

«Բորուսիա»-ից «Բավարիա» տեղափոխվելու ողջ էպոպեայի ընթացքում լեհն իրեն շատ արժանապատվորեն դրսևորեց: Առաջին հերթին, ոչինչ չթաքցրեց, երբ ամեն ինչ որոշված էր և «Բորուսիայի» համար իր ողջ ուժերով պայքարեց մինչև վերջին պահը:

Իսկ ահա մյուս նախկին դորտմունդցուն՝ Մարիո Գյոտցեին սուլեցին: Երկրպագուները չեն մոռացել, որ «Բավարիա» տեղափոխվելուց քիչ առաջ գերմանացի այդ տաղանդը հավերժ սեր էր խոստանում «Բորուսիա»-ին:

Ինչո՞ւ է  Պիեռ-Էմերիկ Оբամեյանգը գոլը տոնում սարդ-մարդու դիմակով:

Առաջին անգամ ֆուտբոլիստը սարդ-մարդու դիմակ է հագել դեռևս 2012 թվականի հոկտեմբերին, երբ հանդես էր գալիս «Սենտ Էտյեն»-ում: Այսպես նա փորձում էր ողջունել ընկերոջը՝ Ժերեմի Ժանոյին, ով պաշտում է այն պերսոնաժը: Այդ оրվանից, ֆանատները նրան հաճախ են անվանում սարդ-մարդ: Հանդիպման ժամանակ, հանելով դիմակը, ֆուտբոլիստը յուրատեսակ շոու կազմակերպեց դաշտում, քանի որ տղային՝ Կուրտիսին, ում  ծննդյան 3 տարին հենց այդ օրն էր լրանում, խոստացել էր գոլ խփելու դեպքում դառնալ սարդ-մարդ: Յուրգեն Կլոպն այս ամենին արձագանքել է ժպիտով. «Քանի դեռ նրան դեղին քարտ ցույց չեն տվել, ես Oբամեյանգին  թույլ եմ տալիս նման արարքները»:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավորի ընկերությունը ապօրինի գործունեություն է ծավալել. Ֆիննախ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Կրկին ազգային միասնության մասին’