‘Հարցում. Աշխարհում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հանդեպ վերաբերմունքը փոխվել է դեպի վատը’

968

Վերջին տարվա ընթացքում աշխարհում վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ զգալիորեն վատացել է: Այդ մասին են վկայում BBC-ի համաշխարհային ծառայության պատվերով անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:

Հետազոտությանը մասնակցել է 24,5 հազար մարդ՝ աշխարհի 24 երկրներից, որոնց թվում են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Արգենտինան, Գանան, Նիգերիան, Չինաստանը, Հնդկաստանը: Հարցվածներին առաջարկվել է գնահատական տալ 16 երկրների և Եվրամիության միջազգային ազդեցությանը:

 Մասնակիցներին նաև առաջարկվել է ընտրել կատեգորիաներից մեկը՝ «հիմնականում դրական»  (վերաբերմունք) կամ «հիմնականում բացասական»:

Ինը տարվա հետազոտությունների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի հանդեպ բացասական վերաբերմունք է արտահայտել հարցվածների 45 %-ը, իսկ նրա նկատմամբ իր համակրանքն է արտահայտել հարցվածների ընդամենը 31 %-ը:

Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի վատթարացումն արձանագրվել է բոլոր մայրցամաքների 13 երկրներում: Ամենավատը  Ռուսաստանին ընկալում են Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում: Ֆրանսիայում բացասական գնահատականին համաձայնել է հարցվածների 69 %-ը, Գերմանիայում՝ 67%-ը, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում՝ 64-ական %-ը, Կանադայում՝ 62 %-ը:

Դրական վերաբերմունք են արտահայտել հիմնականում ասիական երկրների բնակիչները, որոնց հետ Ռուսաստանը БРИКС-ի գծով գործընկերային հարաբերություններ ունի: Չինաստանում Ռուսաստանին դրական է վերաբերվում հարցվածների 55 %-ը, Հնդկաստանում՝ 38 %-ը:

Հարցման արդյունքներով՝ աշխարհում զգալիորեն վատացել է նաև ԱՄՆ-ի նկատմամբ վերաբերմունքը: Ամենաշատը ԱՄՆ-ին քննադատաբար են վերաբերվում Պակիստանում (61 %), Չինաստանում (59 %), Գերմանիայում (57 %) և Ռուսաստանում (52 %):

Իսկ Մեծ Բրիտանիան, օրինակ, սիրված երկրների թվում է, նրա ընկալումն էապես բարելավվում է 2005 թ. ի վեր: Մեծ Բրիտանիան ամենաշատը սիրում են այն երկրները, որտեղ անգլերեն են խոսում՝ ԱՄՆ-ը (81 %), Կանադան ( 80 %) և Ավստրալիան (73 %): Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Կանադայի վարչապետը կմասնակցի Պոռոշենկոյի երդմնակալության արարողությանը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը ուկրաինացիներին հանգստանալու է հրավիրում Ղրիմ’